Մեկնաբանություն

01.08.2014 12:10


Իսկ որտե՞ղ է մեր պետությունը

Իսկ որտե՞ղ է մեր պետությունը

Երեկ ողջ օրը Ամերիկան ու Ռուսաստանը վիճում էին մեզ համար, զբաղված էին «մեր շահերի պաշտպանության» գործով: Իսկ Հայաստան պետությունը չկար, բացակա էր:

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրեց Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից փոխանցեցին․ «Մենք բոլոր պետություններին ու նրանց ռեզիդենտներին հորդորում ենք հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից առաջ քաշված պատժամիջոցներին: Ինչպես աշխարհի այլ երկրներում գործող ԱՄՆ դեսպանությունները, այնպես էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները փոխանցել է տեղի կառավարության ներկայացուցիչներին ու ընկերություններին»:

Դրանից հետո պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը՝ նշելով, թե դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ հյուրընկալող երկրի իշխանություններին ցուցում տալ, թե ում հետ և ինչպես պետք է կապեր պահպանել:

«Ռուսաստանյան ընկերությունների հետ հարաբերությունների դադարեցման կոչերը ի չիք են դարձնում ամերիկյան ներկայացուցիչների կեղծավոր հայտարարությունները Հայաստանի տնտեսության զարգմանը նպաստելու պատրաստակամության մասին: ԱՄՆ գործողություններում հստակորեն ուրվագծվում են առևտրատնտեսական անբարեխիղճ մրցակցության տարրեր»,- մասնավորապես ասված է Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունում:

Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ երկու գերտերություն վիճում են մեզ համար, իսկ ՀՀ իշխանությունները ձայն-ծպտուն չեն հանում:

Լրագրողները վազվզում են, զանգահարում են, փորձում են ինչ-որ մեկնաբանություն ստանալ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից, բայց ապարդյուն: Բոլորն անցել են ընդհատակ:

Ու հայոց տնտեսության դարդը լացելու գործը մնացել է ՌԴ դեսպանատան վրա, իսկ մերոնց բարի համբավի դարդը՝ ԱՄՆ դեսպանատան վրա:

Մի պահ մտածում ես՝ կարո՞ղ է ԱՄՆ դեսպանատան հորդորն ու կոչը, որ իսկապես հրամանի է նման, մեր պետությանը չի վերաբերում, այլ ինչ-որ ուրիշ երկրի մասին է խոսքը (կամ գուցե տնտեսություն էլ չկա այլեւս, ուրեմն ի՞նչի համար ՀՀ իշխանությունները խառնվեն հզորների «կռվին», որ մղվում է հանուն մեզ):

Բայց չէ, հաստատ մեզ է հասցեագրված, իսկ երկրի իշխանություններն անկյուն քաշված սպասում են, թե Հայաստանի համար «մղվող ճակատամարտն» ինչով կավարտվի:

Հավանաբար, հենց սա՛ է արտաքին քաղաքական ճակատում Սերժ Սարգսյանի իրականացրած «և՛, և՛»–ի քաղաքականությունը:

Վերջապե՜ս, վերջապե՜ս «և՛, և՛»–ի արդյունքներն էլ տեսանք։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը