Կարծիք

31.07.2014 19:11


ԴԵՄՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԻՆ ՓՈԽԵԼՆ Է

ԴԵՄՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԻՆ ՓՈԽԵԼՆ Է

Այսօր Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

Ի՞նչ է, անսպասելի՞ էր սա մեզ համար, կամ արդյոք կանխատեսելի չէ՞ր, որ հետագայում պատճամիջոցները կարող են ավելի լայն թափ ստանալ ու մեր երկրի վրա դա ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա: Ու եթե անգամ ՌԴ-ն անցի հակազդեցության, կամ մերոնք անտեսեն ԱՄՆ հորդորը, դա նույնպես բացասաբար է ազդելու մեզ վրա, քանի որ մենք ակնկալում ենք ու նաև մշտապես ստանում ենք աջակցություն Արևմուտքից, ուստի որևէ մեկի կողմն անցել՝ ընդդեմ մյուսների, մեղմ ասած՝ մեր շահերից չի բխում, եթե չասենք՝ հղի է կանխատեսելի հետևանքներով:
Բայց մի՞թե ժամանակին չենք զգուշացրել, որ եթե աշխարհում ռազմաքաղաքան իրավիճակը փոխվում է ամսվա մեջ երեսուն անգամ, եթե դրանից կախված ու նաև մեր երկրի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, Սերժ Սարգսյանի ու նրա վարչակազմի դիրքորոշումը փոխվում է օրվա մեջ 30 անգամ, ապա չի կարելի 30 տարով ստրկական պայմանագիր կնքել Գազպրոմի հետ: Իսկ սա միակ դեպքը չէ, մնացած բոլոր հարցերում էլ վերաբերմունքը նման կերպ է արտահայտվում:
Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունն այն աստիճանի պարզունակ է ու կենցաղային մակարդակի, որ անգամ դիվանագիտական կամ քաղաքագիտական տերմիններով իրավիճակը պարզաբանելը մի տեսակ անբնական է ստացվում: Նմանատիպ «նախաձեռնողական» քաղաքականություն վարողների ուղեղները պետք է զոռով մտցնել, որ չի կարելի տրվել մեկին, այն էլ դա ամրագրել վասալային փաստաթղթով:

Այնպես որ. ոչ մի երկիր ու միջազգային կառույց մեզ չի օգնելու՝ ՌԴ-ի մոտ էժանագին տեսարաններ սարքելու գործում: Իսկ Ռուսաստանին, երբ ասել ենք, որ մենք քոնն ենք, վարվիր մեզ հետ այնպես, ինչպես կուզես, նա հենց այդպես էլ վարվելու է, զարմանալու ոչինչ չկա:

Ես որպես ՀՀ քաղաքացի, թե իմ և թե իմ երկրի անունից կտրականապես դեմ եմ նման ստրկական կարգավիճակին, բայց պահանջներ ներկայացնել աշխարհին, թե չենք հանդուրժի մեր հանդեպ նման վերաբերմունք, ցավոք, արդյունք չի տալիս, քանի որ հանդիպում ենք կոշտ հակադարձման, թե այդ ինչպե՞ս է, որ հանդուրժում եք ձեզ այս վիճակի մեջ գցած իշխանություններին, բայց ուզում եք ձեր արժանապատվությունը դրսի հզորների դեմ ցուցադրել:

Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այս ստորացուցիչ պայմանավորվածություններից հնարավոր չէ հրաժարվել նրա պաշտոնավարման ժամանակ: Քանի որ նա խաբել է բոլորին որքան կարողացել է, իսկ դրսի ուժերը հավատացել են նրան՝ որքան ցանկացել են, իսկ հիմա եկել է պատասխան պահանջելու ժամանակը, քանի որ սպառվել են գործող նախագահի խաբելու և «քցելու» բոլոր ռեսուրսները: Ուրեմն առաջին ու օրախնդիր քայլը Սարգսյանի պաշտոնանկությունն է, որպեսզի աշխարհի հետ նոր իշխանությունները նոր հարաբերություններ հաստատելու ժամանակ էլ որպես բարի կամքի դրսևորում, գիծը քաշեն ու առաջ անցնեն, ինչի համար վերանայեն կամ չեղյալ հայտարարեն Սերժ Սարգսյանի «ղազագրերը»:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202672340792194

Այս խորագրի վերջին նյութերը