Կարծիք

31.07.2014 13:25


Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը չի կողմնորոշվում Գագիկ Ծառուկյանի դեմ պայքարի հարցում

Սերժ Սարգսյանի քարոզչաթիմը չի կողմնորոշվում Գագիկ Ծառուկյանի դեմ պայքարի հարցում

Նոր կառավարությունն ու Բաղրամյան 26-ին սպասարկող լրատվամիջոցները մի հարցում են միայն սինքրոն գործում՝ երբ տպավորություն են ստեղծում, թե կատաղի պայքար են մղում օլիգարխիայի դեմ, ու ամեն անգամ փորձում են հասկացնել, որ դա այնքան էլ արդյունավետ չի ստացվում, քանի որ որոշ օլիգարխներ այնքան են հզորացել, որ նրանց դեմ պայքարել չի ստացվում:

Զավեշտն այն է, որ ամեն անգամ խոսքի տակին ու գլխին անարդյունավետ պայքարի շրջանակներում ամենաազդեցիկ օլիգարխների մասին խոսելիս ակնարկում են Գագիկ Ծառուկյանին:

Մի կողմ թողնենք, որ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող կոնցեռնը խոշոր հարկ վճարողների մեջ առաջին հնգյակում է, ու որ մեր երկրի թիվ մեկ օլիգարխը հենց Սերժ Սարգսյանն է, իսկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, և, ըստ սահմանման, չի կարող օլիգարխ լինել, քանզի օլիգարխիան՝ խմբիշխանությունը, քաղաքական ղեկավարության բնութագրիչն է, այլ ոչ թե փողի չափման միավորը: Օլիգարխիա հասկացությունը քաղաքական, այլ ոչ թե բիզնես կատեգորիա է։
Բայց մի՞թե Բաղրամյան 26-ի ենթակա լրատվամիջոցների համար հատուկ կուրս պետք է անցկացնեք, թե՞ իրենք լավ էլ գիտեն, ուղղակի իրենց ռետինե խողովակի տեղ են դրել:

Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ չեն պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կնշանակի՝ հետագայում էլ չէին կարող իշխանության մեջ քաղաքական ազդեցություն կամ «բաժնեմաս» ունենալ:

Նախորդ խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության հետ ԲՀԿ–ն մեկ միասնական ցուցակով չի մասնակցել, հետագայում էլ կոալիցիա չի կազմել ՀՀԿ-ի հետ: Սրա հետ մեկտեղ՝ Ծառուկյանը չունի մի սեփականություն, որի բազայի վրա կազմակերպված բիզնեսը ռազմավարական է, և ունի մենաշնորհային դիրք, որպեսզի գոնե տնտեսական այդ գերիշխող դիրքը չարաշահելով՝ կարողանար քաղաքական ազդեցություն ունենալ իշխանությունների վրա:

Մի խոսքով, օլիգարխ կոչել մի մարդու, որն առնվազն այս քրեաօլիգարխիկ համակարգի մաս չի կազմում, ուղղակի լուրջ չէ, որքան էլ, օրինակ, «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը «պետպատվերի» շրջանակներում փորձի օլիգարխ համարել բոլորին՝ բացի Սերժ Սարգսյանից ու Տիգրան Սարգսյանից` վերջինիս ներկայացնելով որպես օլիգարխիայի զոհ (ըստ Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպան Արամ Աբրահամյանի՝ Տիգրան Սարգսյանի նախաձեռնած բարեշրջումները չստացվեցին, որովհետև օլիգարխիան դիմադրեց. դե արի ու ցենզուրայի շրջանակներում գնահատական տուր այս մարդու գրածին)։ Իրականությունը լրիվ հակառակն է։ Եվ պետք չէ դեմքի լուրջ և խելացի արտահայտությամբ ցեխավիկություն անել և դեմագոգիայով զբաղվել։

Որքան էլ «Վերջին բոլշևիկը» հետևողականորեն համոզում է և, միևնույն ժամանակ, տարբեր մեթոդներով փորձում ստիպել Ծառուկյանին, որ նա համաձայնի իշխանության մաս կազմել և կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, կտրականապես մերժվում է ԲՀԿ առաջնորդի կողմից: Սա է պատճառը, որ իշխանական քարոզչամեքենան տարածում է թեկուզ իրարամերժ բաներ, միայն թե առիթն օգտագործի Ծառուկյանի անունը բացասականով հոլովելու համար: Նույն այդ լրատվամիջոցները մի անգամ ասում են, թե իշխանությունները չեն կարողանում օլիգարխիայի դեմ արդյունավետ պայքարել, քանի որ Ծառուկյանը շատ է հզորացել, ու ենթարկվող չի, ու դրան զուգահեռ էլ՝ տարածում են, թե ԲՀԿ-ականները չեն կարող դուրս գալ իշխանությունների դեմ, քանի որ այդ դեպքում նրանց կճնշեն ու բիզնեսները ձեռքներից կխլեն: Հարգելինե՛րս, գոնե այս պատասխանատու աշնանից առաջ կողմնորոշվեք. հիմա Ծառուկանն ուժե՞ղ է, թե՞ թույլ, օլիգա՞րխ է, թե՞ օլիգարխիկ տնտեսության դեմ պայքարող, իշխանության գործընկե՞րն է, թե՞ իշխանության դեմ պայքարող ուժի առանցքային դերակատարներից մեկը:

Իսկ մենք մեր հերթին պետք է անենք մեր ձեռքից եկածը՝ առավելագույնս ապահովել հասարակական աջակցություն. մնացած ամեն ինչ Ծառուկյանն ու իր քաղաքական գործընկերներն ունեն: Ու հավատացնում եմ, որ այդ աջակցությունն էլ առաջին հերթին մեզ է պետք, որպեսզի հանկած չգա մի պահ, որ Ծառուկյանը մտածի, թե այդ ո՞ւմ համար է պայքարում, եթե մեր ժողովրդին դա պետք չէ, ապա ի՞նչ է, դժվա՞ր է իր համար ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկությունն ու գործնականում դառնալ երկրի իշխանության կեսի տերը:

Եվ չպետք է մոռանալ, որ Ծառուկյանի վճռականությունը նրա անձնական որակներով չի պայմանավորված, այլ բռնած գործի հասարակական կարևորությամբ: Եկե՛ք ամեն մեկս մեր մասնակցությամբ ընդգծենք հասարակական այդ կարևորությունը, նոր միայն մեզ իրավունք վերապահենք ուրիշներից վճռականություն պահանջելու:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1445342272404222&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը