Լրահոս

07.09.2009 16:42


Տիգրան Սարգսյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Ամեր Հոսնի Լութֆիին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը։
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էական նշանակություն ունի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Նա նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում նախանշվել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է համատեղ ծրագրեր իրականացնել։ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը լինելու է հետևողական՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և համատեղ ծրագրերն իրականացնելու հարցում։
Պարոն Ամեր Հոսնի Լութֆին ՀՀ վարչապետին է փոխանցել գործընկերոջ՝ Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ողջույնները և հրավերը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական՝ 5-րդ նիստն այսօր մեկնարկել է Երևանում։
Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով կարևորվել է նաև երկկողմ շփումների ակտիվացումը՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաև գործարարների երկկողմ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը