Կարծիք

30.07.2014 11:10


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Արյունալի հեղափոխություններն իրենց բնույթով ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Ինչպես ասում են՝ հեղափոխությունները լինում են սովի պատճառով ու հանգեցնում սովի։ Եթե երկիրն անգամ կարողանում է հաղթահարել դրա հետևանքները, այնուամենայնիվ, հետագայում՝ պատմական պարույրում, անպայման հիշեցնում է այդ մասին։
Վերցնենք Ֆրանսիան, Ռուսաստանը, մեր օրերում՝ Արաբական գարնան երկրները. նրանք մինչ օրս չեն կարողանում իրենց երկրները ոտքի կանգնեցնել (Անգլիան բացառություն է, քանզի նրանք պահպանեցին միապետի ինստիտուտը՝ երկրի խորհրդանիշը)...
Մեր երկրի առաջ ծառացած են բազում մարտահրավերներ, որոնք տեղավորվում են ազգային անվտանգության սպառնալիքի տիրույթում (աղքատություն, արտագաղթ, տնտեսության անկում, քաղաքատնտեսական ճգնաժամ, էլ չեմ խոսում երկրի էկոլոգիական վիճակից՝ հյուսիսից հարավ)։ Դա այն պատճառներից մեկն է, թե ինչու սթափ դատող քաղաքական ուժերը չեն ցանկանում գնալ ու երկիրը տանել ցնցումների՝ նախընտրելով ու առաջարկելով անցնցում իշխանափոխության տարբերակը: Բացի այդ, այս տարբերակի շրջանակներում «մարդասիրական միջանցքի» ապահովման երաշխիքներ կտրվեն, որը չի լինի, եթե գործը հասնի հեղափոխության։ Հեղափոխության ժամանակ ավանգարդում կլինեն զանգվածները (սոված, հուսալքված...)։
Ոչ մի քաղաքական ուժ չի դիմի ռիսկի՝ կանգնեցնելու ժողովրդին, քանզի հեղափոխական զանգվածի համար ավտոմատ թշնամի կդառնան բոլոր նրանք, ովքեր դեմ կարտահայտվեն հեղափոխության գաղափարին, կամ կփորձեն մեղմացնել այն։ Հիմա ի՞նչ է ստացվում. եթե Սարգսյանը հոկտեմբերին ձեռնարկի սահմանադրական փոփոխությունները՝ վերարտադրության գործընթացը, շատ հնարավոր են գործի՝ վերը նշված տարբերակն ու ցտեսությունը «մարդասիրական միջանցքի» գաղափարին։
Անհրաժեշտ եմ համարում հատուկ Բաղրամյան 26-ի համար նշել, որ մեր երկրում հեղափոխական կոչերով հանդես են գալիս՝
1. հին ու նոր հաճախորդները, ականները և «ժողգործիքները»,
2. քաղհասարակության, այսպես կոչված, «ակտիվիստները»,
3. «աբիժնիկները». իսկ Սարգսյանը հասցրել է վերջին վեց տարիների ընթացքում նրանց մեծ թվով բուծել,
4. որոշ ուժեր, որոնք դեմ չեն՝ քննարկելու վերարտադրության գործընթացը։
Ինչպես տեսնում ենք, բոլոր նշվածներն, այսպես թե այնպես, կապ ունեն Սարգսյանի հետ։ Դուրս է գալիս՝ նա ինքն իր դեմ սեփական հեղափոխական զանգվածն է աճեցրել, որոնք անհայրենիք ու անգաղափար են, հետևաբար, առաջինները կգոռան՝ «Четыре ноги хорошо, а две лучше»!
Բաղրամյան 26-ում լավ կանեն՝ համապատասխան հետևություններ անեն։
Հ. Գ. Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին։ Բոլոր նրանք, ովքեր այդ գործընթացին մասնակից կլինեն, ավտոմատ կհայտնվեն իշխանական տիրույթում։ Եթե շախմատ ես խաղում, կա՛մ սև ես, կա՛մ սպիտակ։ Քաղաքական զոլավորներ՝ գունավորներ, շախմատում չեն կարող լինել։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը