Մեկնաբանություն

29.07.2014 20:20


Մտահոգ է, շատ մտահոգ է, խիստ մտահոգ է, ահավոր մտահոգ է

Մտահոգ է, շատ մտահոգ է, խիստ մտահոգ է, ահավոր մտահոգ է

Առնվազն պետք է Ժվանեցկի կամ Զադորնով լինել՝ ներկայացնելու համար օրեր առաջ Հանրային խորհրդի անդամների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները՝ նույն ՀԽ կին անդամի դիտանկյունից: Կին, որը նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ է:

Տիկնոջ համապարփակ քծնանքն առ Սերժ Սարգսյան՝ ներկայացնելու համար մենք անզոր են, բայց՝ փորձենք:

Չեք պատկերացնի, թե ինչ է տեսել ու զգացել ՀԽ կին անդամն այդ հանդիպման երկու ժամերի ընթացքում:

Երկու ժամ Սերժ Սարգսյանը ՀԽ անդամների հետ զրուցել է առանց թղթի, ինչով համաշխարհային ռեկորդ է սահմանել: Հասկանո՞ւմ եք, նա խոսել է առանց թղթի, քանի որ ՀԽ անդամները նախապես իրենց հարցերն ուղարկել էին նախագահական պալատ եւ Սերժ Սարգսյանը ծանոթ էր բոլոր հարցերին:

Ծանոթ էր ու նրա բոլոր պատասխաններում մտահագություն կար:

Ամենակարեւորը՝ ոչ մի հարցում զայրացած հակահարված չի տվել ու հանդիպման ընթացքում ընդամենը մի անգամ է նայել ժամացույցին, բայց դա չի կարող նշանակել, որ նա ուզում էր ավարտել հանդիպումը: Ո՛չ, ոչ մի դեպքում: Նա էլի էր ուզում մեզ հետ լաց լինել, ողբալ հնչած եւ հնչող հարցերի շրջանակում:

Սերժ Սարգսյանը մտագոհ էր, շատ մտահոգ էր, խիստ մտահոգ էր, ահավոր մտահոգ էր:

Կուտակային կենսաթոշակի հարցում Սերժ Սարգսյանը շատ մտահոգ էր:

Արտագաղթի հարցում Սերժ Սարգսյանը շատ մտահոգ էր, բայց թվերով ցույց տվեց, որ ուրիշ երկրներից էլ են արտագաղթում, իսկ մեր դեպքում արդեն նվազում է նկատվում: Մենք շատ ուրախացանք, որ նվազման միտում կա:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում Սերժ Սարգսյանը շատ մտահոգ էր, քանզի ինքը չէր ուզում, որ սակագինը բարձարանար:

Աշխատատեղեր չունենալու հարցում Սերժ Սարգսյանը խիստ մտահոգ էր: Բայց նրա ներկայացրած տվյալները, որ ներդրումներ են գալիս Հայաստան՝ մեզ շատ ուրախացրեց…

Այսպես. տիկինը խոսում, խոսում ու խոսում է՝ ազգի դարդ ու ցավով մտահոգ առաջնորդին է գովում ու գովում:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը կուտակային կենսաթոշակների ներդրման համակարգին վերաբերող հարցին պատասխանելիս հուզվել է «կուտակայինի» տակ ընկած քաղաքացիների համար, բայց մեկ ամիս առաջ ԱԺ-ի կողմից այս հակամարդկային օրինագծի ընդունումից ժամեր անց նա անմիջապես ստորագրեց այդ օրենքը:

Արտագաղթի թեմայով էլ է մտահոգ, բայց դե ոչինչ, այլ երկրներում ցուցանիշները ավելի բեթար են, համ էլ մեզանում նվազում կա: Սա այն դեպքում, երբ վերջին տվյալներով այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվն աճել է:

Ամենաուշագրավը, սակայն, ՀԽ կին անդամի այս հայտարարությունն է. «Գիշերային տեսասարքերը կարող են մեծապես կամ ամբողջությամբ վերացնել դիվերսիոն խմբերի ներթափանցումը կամ դիպուկահարների առաջխաղացումը՝ մեր սահմանի մոտ: Ասում են, այդպիսի սարքեր կան, ուղղակի թանկ հաճույք են՝ 13.500 դոլար՝ 1 հատը: Իսկ սահմանը լայն է, մեծ է: Բայց կարելի է ներքին հզորությունները դնել՝ հանուն նրա, որ 1 զինվոր չզոհվի: Նախագահն ասաց, որ մտածում են այդ մասին, ասաց, որ եթե այդ սարքերն ունենան, շատ ապահով վիճակում կհայտնվենք, որովհետեւ արդեն մեր զինվորը հենց սկզբից կտեսնի, որ այնտեղ շարժ կա: Ես, օրինակ, կառաջարկեի, որ ինչ-որ միջոցառումների համար երբ փողեր են ծախսում անհասկանալի, ես պատրաստ եմ որեւէ նամակի տակ ստորագրելու, որ ավելի լավ է այդ ներդրումներն արվեն այդ սարքերի համար»:

Այսինքն՝ նա չի հանդգնել իր առաջարկությունն անել հե՛նց ՀԽ հանդիպման ժամանակ եւ միայն լրատվամիջոցներից մեկին տված հարցազրուցում է խոսում իր առաջարկության մասին:

Եթե Հանրային խորհուրդ կոչված անկենդան մարմինը Սերժ Սարգսյանի գրպանում չլիներ, ապա տեղում կարող էին կարեւորել սահմանը հսկող մեր զինվորների կյանքը ու բերել թեկուզ վերջին օրինակը: Ասենք՝ ի՞նչ պարտադիր էր, որ ԱԺ-ին պետբյուջեից 80 հազար դոլար հատկացվեր՝ շքեղ «պադավատ» գնելու համար:

Կամ՝ Սերժ Սարգսյանի ցողունային թերապիայի համար վճարած գումարի չափով կարելի էր առնվազն 15 գիշերային տեսասարքեր տեղադրել մեր սահմանների անհրաժեշտ հատվածներում:

Էլ չենք խոսում այն մասին, թե նախագահականում խմվող կոնյակի համար հատկացվող գումարների չափով որքան տեսասարքեր կարելի էր ձեռք բերել:

Ինչեւէ, ողբալի, ողբալի Հանրային խորհուրդ՝ քեզ համար մեծ նվաճում է միայն այն, որ «մտահոգ» Սերժ Սարգսյանը առանց թղթի է շփվել քեզ հետ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը