Կարծիք

29.07.2014 18:17


Ինչպես երևում է՝ «արշալույսները» «արքունիքում» այնքան էլ խաղաղ չեն

Ինչպես երևում է՝ «արշալույսները» «արքունիքում» այնքան էլ խաղաղ չեն

Այսօր պալատական մամուլից տեղեկացանք, որ Վիկտոր Դալլաքյանի դուստրը հեռացվել է Պաշտպանության նախարարությունից: Իսկ նման որոշման համար, ըստ հրամցված տեղեկատվության, հիմք է հանդիսացել օրերս «Ժամանակ» օրաթերթում ու 1in.am կյաքում ներկայացված նյութը, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը ՊՆ-ում աշխատանքի ընդունվելու ժամանակ ինքնակենսագրականում ավելի շատ ծնողների տվյալներն է ներկայացրել, քան՝ իրենը, իսկ դիմումի վրա Սեյրան Օհանյանը մակագրել է. «Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»:

Նախ. փաստն ինքնին արտառոց է, թե այդ ինչպե՞ս է ՊՆ անձնակազմի կառավարման վարչությունից նման արտահոսք տեղի ունեցել: Եվ եթե համարենք, որ դա որևէ աշխատակցի անփութության ու բերանբացության հետևանք է, ապա չպետք է մոռանալ, որ Արման Բաբաջանյանը «հերոսաբար» տակը կանի, բայց առանց նախագահականի հետ համաձայնեցնելու զուգարան անգամ չի գնա, և հետևաբար՝ նա ինչպե՞ս կարող էր Դալլաքյանի դեմ նյութ տպագրել՝ առանց ստանալու անձամբ Սերժ Սարգսյանի կամ նրա մերձավորի հանձնարարականը: Եվ այս պահին դա այնքան են կարևորել, որ խախտել են էթիկայի բոլոր նորմերը և իրենց գործընկեր բարձրաստիճան պաշտոնյանի տան անդամի դեմ նյութ պատվիրել, անգամ Սեյրան Օհանյանին խայտառակելու գնով: Չէ՞ որ ամեն օր սահմանին զոհ ենք տալիս, դիվերսանտներն անարգել մեր երկիր են ներթափանցում, իսկ պաշտպանության նախարարը նման տնավարի ձևով է կադրեր ընտրում, այն էլ կենտրոնական ապարատում աշխատելու համար: Փաստորեն, Դալլաքյանի դեմ «դանոս» են գրել՝ ձեռքի հետ էլ «փչացնելով» Սեյրան Օհանյանին։

Դժվար չէ հասկանալ, որ սա պատասխանն էր այն բանի, որ մամուլում վերջերս նորից թեժացել էր այն թեման, որ Վանաձորում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դալլաքյանի դեմ աշխատել են իշխանական ամենավերին օղակի ցուցումով, այլապես նրան չէր հաղթի ոչնչով աչքի չնկած այդ երիտասարդը՝ երիտօլիգարխիայի շրջապատի մարդը: Ու դրանից հետո էլ, որպեսզի Վիկտորին իրենց դեմ չհանեն՝ նրա «հագով» պաշտոն կարեցին:

Փաստն այն է, որ նախկինում ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչը միաժամանակ չէր հանդիսանում նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բայց եթե Դալլաքյանը հասկանում է, որ այն ժամանակ իր գլխին «սարքել» են, ուրեմն ինչպե՞ս պիտի վստահի նույն այդ նախագահին և ի՞նչ սրտով պիտի նրա հետ աշխատի: Իսկ նախագահականում քաջ գիտակցում են, որ եթե անգամ 100 գործարար ոչիշխանական դաշտից անցնի Բաղրամյան 26-ի թևի տակ, արդյունքն այնքան մեծ չի լինի, որքան վնասը, երբ նախագահականի բարձր պաշտոնյան դեմարշ անի, թքի ու հեռանա, դրանով իսկ ցույց տալով, որ ներսից գիտի, թե ինչն ինչոց է, ու որ սրանց հետ աշխատել չի կարելի, այն էլ այս բախտորոշ պահին: Հիմա իրենց կարճ խելքով ձևը գտան: Դե կասեն Դալլաքյանը խայտառակ եղավ դստեր պատճառով, դրա համար է նեղացել վերադասից: Հաշվի չառնելով, որ այս հրապարակումները հետևանքն են, ոչ թե պատճառը, քանի որ եթե Դալլաքյանին վարկաբեկելու հրահանգ տրված չլիներ՝ այդ նյութերը լույս աշխարհ չէին գա:
Մեծ հաշվով իրենց խնդիրն է՝ պալատում ով ում կվարկաբեկի, ու որքան շատ՝ այնքան լավ, բայց սա ցույց է տալիս, որ աշնանային սպասվելիք զարգացումներից առաջ Բաղրամյան 26-ում լրջորեն նախապատրստվում են, որ անգամ ամառային այս ոչքաղաքական սեզոնին սեփական շարքերն են մաքրում, վճռական դեպքերից առաջ անվստահելիներին հեռացնում, որպեսզի այս «ներկա–բացակայից» հետո տեսնեն, թե ինչ ռեսուրսով են մտնում պայքարի:

Բայց եթե՝ լավ հասկալով, թե Դալլաքյանը ոչ միայն ի պաշտոնե, այլև գործի բերումով բազմապիսի շփումների արդյունքում որքան ինֆորմացիայի է տիրապետում՝ բարձրաստիճան ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների գործունեության մասին, ու կարող է նաև հակադարձել իր դեմ ուղղված այս քայլին, մանավանդ, որ խաղի կանոնները ինքը չի խախտել, եթե անգամ այս հանգամանքը հաշվի չեն առել ու գնացել են այդ քայլին, կնշանակի Բաղրամյան 26-ում սարսափելի անհանգստացած են աշնանային զարգացումներից, ինչի մասին էլ փորձում ենք այս ընթացքում մեր հանրությանը տեղեկացնել: Բայց այնպես, ինչպես իրենք իրենց են բացահայտում, մեր մտքով անգամ չէր անցնի: Շարունակե՛ք պարոնայք, շարունակե՛ք, բան չմնաց, հաղթանակը շատ մոտ է:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1444767175795065&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը