Մեկնաբանություն

29.07.2014 09:13


Հանրային տրամադրությունները հատում են վտանգավոր սահմանագիծը

Հանրային տրամադրությունները հատում են վտանգավոր սահմանագիծը

Զարմանքով եւ նույնիսկ սարսափով ես հետեւում վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումներին:

Բավական էր՝ Հանրային խորհրդի կողմից առաջ քաշվեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու գաղափարը, ինչի իրագործումը կտրուկ մերժեց Սերժ Սարգսյանը, շատերն անմիջապես ոգեւորվեցին:

«Դե, բա ո՞նց կթողեր, որ զենք տային մարդկանց ձեռը, եթե զենքը ձեռներն ընկներ, առաջինը իրանց հարցերը կլուծեին, հետո՝ թշնամու, դրա համար էլ չհամաձայնվեց»,– շատ հանգիստ գրում են սոցցանցերի օգտատերերը եւ նաեւ ավելացնում՝ «էդ ամենաճիշտը կլներ, բա ի՞նչ. դրանց հախից ըտենց պետք ա գաս. ուրիշ ճանապարհ չկա»:

Արդեն մի քանի օր այս հարցն են քննարկում, եւ ամենաապշեցուցիչը, որ նման բովանդակությամբ գրառումները հավանության են արժանանում, բազմաթիվ «լայքեր» են հավաքում:

Իրոք, նման մոտեցումներն իրենց հանդգնությամբ ապշեցնում են: Պարզապես սարսափում ես, որ հանրության շրջանում ահագնանում է «միայն զենքով կա իշխանությունից փրկվելու» մտայնությունը:

Զենքի ուժով հարցեր լուծելն անընդունելի ու դատապարտելի է:

Սակայն, մյուս կողմից էլ, չես կարող չհասկանալ մարդկանց զայրույթն ու վրդովմունքը:

Իշխանությունների գործունեությունն այլ կերպ, քան հակաժողովրդական, չես կարող գնահատել: Բոլորս մինչեւ կոկորդներս կուշտ ենք Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող ուժից, որը պատրաստվում է առաջիկա տասնամյակն էլ իշխել:

Մարդիկ զզվանքն ու խորշանքը չեն թաքցնում, քանի որ գործող իշխանությունը՝ որպես մի մեծ վիշապ, նստել է ժողովրդի շնչին ու թույլ չի տալիս նրան ապրել: Մարդավայել ապրել: Գետնաքարշ գոյությունն ապրել չէ:

Պարզ է՝ իշխանությունները տեսնում են ու գիտեն հանրության տրամադրությունները, հիմա արդեն՝ իրենց «գյուլլելու» մասին բացահայտ արվող գրառումներն ու կոչերը:

Սա, թերեւս, վերջին ահազանգն է իշխանություններին, որոնք շարունակում են արհամարհել ու անտեսել հանրությանը:

Այս ամենը կզգաստացնի՞ նրանց, թե՞ ոչ՝ դժվար է ասել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը