Մեկնաբանություն

28.07.2014 00:05


Ինչո՞ւ է Ժիրինովսկին քծնում Իլհամ Ալիևին (տեսանյութ)

Ինչո՞ւ է Ժիրինովսկին քծնում Իլհամ Ալիևին (տեսանյութ)

Օրերս հյուրընկալվելով ռուսական հեռուստաընկերություններից մեկին՝ Կրեմլի ծաղրածուի կարգավիճակ ունեցող Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ուկրաինական իրադարձություններին (տե՛ս կից տեսանյութը)։ Ավելի ճիշտ, հարցազրուցավարն էր փորձում Ժիրիկից տեսակետ կորզել Ուկրաինայի, Ռուսաստանի ու Արևմուտքի հակամարտության և սպասվող զարգացումների մասին, սակայն վերջինս ոջիլի հայտնի անեկդոտի «հերոսի» պես անընդհատ խոսում էր Ադրբեջանից, գովում այդ սուլթանական պետությունը, քծնում Իլհամ Ալիևին ու նրա հորը՝ Հեյդարին։

Շիզիկ–Ժիրիկը տարերքի մեջ մտած քծնում էր անգամ ադրբեջանական լոլիկներին։ Ու եթե հաղորդավարը պարբերաբար փորձեր չաներ Վլադիմիր Վոլֆովիչին վերադարձնել թեմայի մեջ, ապա չէր բացառվում, որ պալատական ծաղրածուն կհայտարարեր, որ ինքը կիսով չափ ադրբեջանցի է, և որ իր ապուպապերը կովկասյան թաթարներ են եղել։

Այն, որ Բաքուն «աշխատել» է Ժիրիրնովսկու հետ և աշխատել է շուտվանից, կասկած չկա։ Բայց տվյալ դեպքում խնդիրը դա չէ։

«Խավիարային» դիվանագիտությունը նոր չէ որ կիրառվում է Ալիևների կողմից։ Առանձին չինովնիկների նրանք բոլ–բոլ կաշառում են ինչպես ՌԴ–ում, այնպես էլ ԵԽԽՎ–ում և բոլոր հնարավոր այլ տեղերում։

Մեզ Ժիրինովսկու պահվածքն այլ տեսանկյունից պետք է հետաքրքրի։ Նրա քծնանքը հուշում է, որ եթե նախկինում Բաքուն կաշառում էր ռուսներին, բայց գրեթե արդյունքների չէր հասնում, ապա այժմ Մոսկվայում էական բան է փոխվել Ադրբեջանի ու Հայաստանի հանդեպ։ Ժիրինովսկին ընդամենը ինդիկատորի ֆունկցիա է կատարել՝ արձանագրելով այդ փոփոխությունը։

Փոփոխությունն է պատճառը, որ Ժիրինովսկին էժանագին թամադայություն է անում՝ քծնելով Իլհամին ու Հեյդարին՝ հետմահու։ Նա «քյարթու» ձևով ցույց է տալիս, թե ինչպիսի գիծ է հիմա որդեգրել Կրեմլը՝ Արևմուտքի հետ մրցակցության մեջ մտնելով Ադրբեջանի համար, այն Ադրբեջանի, որը չներգրավվեց ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ, և որը չի ցանկանում ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը՝ այդպիսով ստիպելով և՛ ՌԴ–ին, և՛ Արևմուտքին հնարավոր բարձր գինն առաջարկել գործընկերության դիմաց (խոսքը, բնականաբար, Ղարաբաղի մասին է)։

Իսկ ի՞նչ է փոխվել Մոսկվայում և ինչու՞ հանկարծ այնտեղ սկսեցին այլ քաղաքականություն վարել Հարավային Կովկասում։

Բանն այն է, որ «արևմտամետ» Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում ՀՀ–ն կորցրել է ՌԴ–ի հարգանքը (զուգահեռաբար կորցնելով վստահությունն Արևմուտքում)։ Փոխարենը լավացել են Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունները, որի արդյունքում Բաքվին հաջողվեց հարձակողական բնույթի զենք գնել Մոսկվայից, ինչպես նաև չորս միլիարդ դոլարի ռազմաքաղաքական պայմանագիր կնքել նույն Մոսկվայի հետ։

Սերժ Սարգսյանին վերջին մի քանի տարվա մեջ հաջողվեց անել այն, ինչի վրա միլիոններ էին ծախսում թուրքերն ու ադրբեջանցիները, բայց չէին կարողանում հասնել իրենց ուզածին։ «Վերջի բոլշևիկին» հաջողվեց Մոսկվային համոզել, որ հայերի հետ պետք չէ գործընկերային հարաբերություններ ունենալ, որ պետք չէ մեզ վստահել, որ հարկավոր է արագ կերպով լավացնել Բաքվի հետ հարաբերությունները ...

Սերժի աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունը բերեց այն բանին, որ Արևմուտքը հիմա առիթ է ման գալիս մեզ պատժելու (ԱՄՆ ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունները յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին դրա վկայություններից մեկն են), իսկ Մոսկվան Երևանին օգտագործում է Բաքվի հետ իր առևտրի ժամանակ, քանզի ՀՀԿ ղեկավարն է այդպիսի հնարավորություն տվել Պուտինին՝ Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցնելով իր սիրելի Զորի Գայկովիչի միջոցով։

Ժիրինովսկին որպես պալատական ծաղրածու պարզապես արձանագրել է ներկայումս տիրող մթնոլորտը։ Ու եթե նախկինում ադրբեջանական «խավիարն» ու իր սիրելի լոլիկներն ուտում էր, բայց չէր կարողանում «քյարթու» պատվերներ կատարել, ապա այժմ դա անում է մեծ հաճույքով ու առանց քաշվելու, քանզի գիտի, որ Կրեմլում «տրենդ» է փոխվել։

Թող զարմանալի չթվա, բայց Ժիրինովսկուց պետք է շնորհակալ լինել։ Նա ցույց տվեց, թե ինչ աստիճանի է վատացրել Սերժ Սարգսյանը հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները, որ ՌԴ Պետդումայի խմբակցություններից մեկի ղեկավարն ու համատեղությամբ Կրեմլի շնիկը բացահայտորեն գովում է Իլհամին ու նրա ղեկավարած Ադրբեջանին։ Վերջինս զենքը ձեռք է բերում ՌԴ–ից, բայց դրա կիրառման «դաբրոն» դեռ չի կարողանում ստանալ։ Ժիրինովսկին «մեսիջ» ուղարկեց Հայաստան այն մասին, որ այդ «դաբրոն» ստանալը սարերի հետևում չէ։

Անշու՛շտ, Ժիրինովսկին չպետք է մեզ հուշի ինչ անել կամ ինչ չանել, բայց անգամ նա է ցույց տալիս, որ իշխանափոխությունը Հայաստանի համար դարձել է կենսական անհրաժեշտություն։

Մեզ մոտ սպասվող իշխանափոխությունից հետո, բնականաբար, ժիրիկների բերանը կփակվի, Արևմուտքի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն, իսկ ՌԴ–ի հետ ռազմավարական գործընկերությունը կվերակագնվի։ Այլ կերպ ասած՝ ՀՀ–ն կորդեգրի հավասարակշռված և կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, որից հրաժարվեց Սերժն, ու Հայաստանը միջազգային հարաբերություններում դարձրեց ֆուտբոլի գնդակ։

Ղումարբազի հոգեբանությամբ հնարավոր չէ երկիր կառավարել, որքան էլ որ դա դուր գա Սերժ Սարգսյանին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը