Կարծիք

26.07.2014 12:28


Գրիգոր Աթանեսյան. «Ընտրե՛ք»

Գրիգոր Աթանեսյան. «Ընտրե՛ք»

Արդեն անգամ անզեն աչքով է երևում, որ ադրբեջանցիների ագրեսիվությունը օրից օր աճում է, ինչն ուղիղ հետևանք է մեր երկրի քաղաքական գծի կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությանը: Վերջին ժամանակաշրջանի իրադարձություններն ուղիղ հետևանքն են Սերժ Սարգսյանի կողմից որդեգրած «և-և»-ի քաղաքականությանը, ինչպես նաև «քիրվայություն-հայրենասիրություն» փուլերի փոփոխությանը:

Չի՛ կարող հակառակորդի համառությունը չաճել էն դեպքում, երբ Սերժը հայտնի ծաղկաձորյան թեզերն է առաջ տանում, կապված Արցախ-Հայաստան-ԵՏՄ հարաբերությունների հետ, կամ էլ Գեղամյանի հայտնի հայտարարությունից հետո, որը, բնականաբար, արվել էր Սերժի «դաբրոյով»: Եվ արդեն էական չէ, որ հիմա էլ Սերժի մոտ հայրենասիրական փուլն է սկսվել: Էականը էն է, որ բոլորն էլ, այդ թվում նաև Ադրբեջանը, հասկանում են, որ Սերժի համար աթոռից թանգ բան չկա, և հանուն աթոռի նա պատրաստ է զոհաբերել և հաջողությամբ զոհաբերում է երկրի շահերը: Դե չի՛ հասկանում մարդը, որ եթե էս երկիրը կործանվի, իր աթոռն էլ կփլվի:

Ինչպես տեսնում ենք, քաղաքական ռեալիզմի օրենքը Բիգ-Բենի պես աշխատում է, և եթե դու ցույց ես տալիս քո թուլությունը, անվստահությունը և փորձում ես «խաղաղության աղավնի» խաղալ, ապա քեզ կուլ են տալիս առանց երկար-բարակ մտածելու: Սա՛ է իրականությունը: Եվ մենք պետք է ընդունենք այն, ինչքան էլ ցավոտ ոմանց համար դա չլինի:

Բոլորս պետք է վերջ ի վերջո գիտակցենք, որ մեզ բոլորիս ուղիղ վտանգ է սպառնում: Եվ ինչքան էլ իշխանական լրատվամիջոցները փորձեն համոզել մեզ, թե էս պայթունավտանգ իրավիճակում մենք պետք է միավորվենք ու կանգնենք Սերժի կողքը, իրականությունն այն է, որ հենց Սերժի պատճառով է ստեղծվել էս պայթունավտանգ իրավիճակը, և հենց ինքն է պատասխանատու էս բանի համար, որ մեր երկրի էնքան է թուլացրել թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, որ մենք էս օրի ենք ընկել:

Էսպես երկար չի՛ կարող տևել: Հիմա մենք կանգնած ենք «կամ-կամ»-ի առջև: Այսինքն` կա՛մ մենք և Հայաստանն ու Արցախը, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը: Ընտրե՛ք:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը