Կարծիք

25.07.2014 23:28


Մենք ուղղակի ազգովին կամաչենք նրա համար, որ մեր երկիրը ղեկավարում է այս հոգով ու մտքով պուճուր մարդը

Մենք ուղղակի ազգովին կամաչենք նրա համար, որ մեր երկիրը ղեկավարում է այս հոգով ու մտքով պուճուր մարդը

Սերժ Սարգսյանի քար լռությունը՝ կապված մոսկվայաբնակ գործարար, արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալման հետ, եթե առաջին օրերին սոսկ զարմանք էր առաջացնում, ապա հիմա արդեն խորը զայրույթ:

Մի կողմ թողնենք, թե ինչ առիթով են քրեական գործ հարուցել Հայրապետյանի նկատմամբ, և կա՞ արդյոք այստեղ քաղաքական ենթատեքստ: Եթե անգամ չի եղել, ապա հիմա հաստատ կունենա քաղաքական հետևանք, քանի որ սա ձեռնտու է Ադրբեջանին այն առումով, որ Մոսկվան պատժում է արցախցի բարերարին:

Ձեռնտու է նաև Մոսկվային, քանի որ թեկուզ սոսկ բիզնես նպատակներով սեփականության վերաբաշխման ֆոնին ձեռքի հետ ժեստ է անում Ադրբեջանին:

Այո՛, կա քաղաքական ենթատեքստ, քանի որ այդ երկուսի շահը տեսանք, բայց Հայաստանինը չտեսանք: Մի՞թե մեր իշխանությունների կողմից ծպտուն չհանելը չի վնասում մեր երկրի շահերին: Անշո՛ւշտ վնասում է: Ու մենք չենք խոսում քրեական գործին միջամտելու մասին, քավ լիցի: Պարզապես, թեկուզ մարդկայնորեն պետք էր մտահոգություն և հույս հայտնել, որ ամեն ինչ կհարթվի։ Պետք էր ուշադրության կենտրոնում պահել այդ գործի հետ կապված զարգացումները։

Եվ վերջապես անհրաժեշտ էր ամենաբարձր երաշխիքը տալ, որպեսզի ծանր հիվանդ մեր հայրենակցի գոնե խափանման միջոցը փոխվի: Բայց այս բոլորը չարվեց, քանի որ Լևոն Հայրապետյանը ժամանակին աջակցել է Սերժ Սարգսյանին և հետագայում հասկացել, թե ինչ կոպիտ սխալ է թույլ տվել, ու իր հրապարակային բացասական վերաբերմունքով համալրել է գործող նախագահից հիասթափվածների ստվար բանակը: Ու հենց այստեղ է, որ Սարգսյանը հրճվանիքի մեջ է՝ որպես ակամա օգտվող: Թող շահեն ՌԴ-ն ու Ադրբեջանը, թող կորցնեն Հայաստանն ու Արցախը, միայն թե իրեն քննադատողը պատժվի, ծանր օրեր անցկացնի, որպեսզի Սերժ Սարգսյանի սիրտը հովանա: Ու երբ ասում ենք, որ Սարգսյանի անձնական շահերը խորը հակասության մեջ են Հայաստանի ու Արցախի շահերի հետ, սա ևս մի լրացուցիչ ապացույցն է դրա:

Ինչ ասես մի մարդու, ով աշխարհի ամենեախուլ վայրի որևէ բնակչի զոհվելիս՝ ցավակցական հեռագիր է ուղարկում այդ երկրների ղեկավարներին, մեր մոտ իշխանության բարեհաճությունից օգտվող ցանկացած միջին տրամաչափի քաղաքական, հասակական կամ մշակութային գործչի ծնունդին է մասնակցում, նրա երեխաների հարսանիքին ու կնունքին, էլ չեմ խոսում թաղումների մասին, բայց հարկ չհամարեց աշխարհահռչակ մաեստրո Օհան Դուրյանի թաղմանը մասնակցել, քանի որ նա ժամանակին քննադատել է Սերժ Սարգսյանին:

Ցավոք մենք բախտ չունենք, ոչ միայն այն հարցում, որ մեր երկիրը փոքր է, որ մեր նախագահը ապաշնորհ է, այլ որ նա ուղղակի փոքրոգի անձնավորություն է, իսկ սա արդեն դժբախտություն է:

Չեմ ասում, որ մեր այս բիբլիական երկրի, համայն հայության հայրենիքի ղեկավարն այնքան ուժ ունենա, որ Ատլանտի պես մեր երկրի տակը մտնի ու պահի այն մեծ դժվարությամբ, դա ամեն մեկն ի վիճակի չէ, բայց և չեմ ուզում, որ այնքան շահամոլ ու մանրախնդիր լինի, որ ցանկանա երկիրը կամաց-կամաց մասնատել, ծալել, փոքրացնել, որպեսզի կարողանա գրպանում տեղավորել:

Թող մեր նախագահը ոչինչ չանի, միայն թե նա այնպիսի մեծ սիրտ ունենա, այնպիսի հոգի, անսահման սիրի մեր այս ավետյաց երկիրը, որ ունակ լինի գրկել այն ամբողջությամբ, ամեն մի թիզ հողն ու ամենավերջին հային՝ մասնավորապես:

Լևոն Հայրապետյանի հարցերը կլուծվեն, մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց կլուծվեն, նրան տեր կանգնողներ կան ու կլինեն, բայց արդյունքում մենք ուղղակի ազգովին կամաչենք նրա համար, որ մեր երկիրը ղեկավարում է այս հոգով ու մտքով պուճուր մարդը:

Լավ էլ ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, որ կանգնենք ու նրան տուն ուղարկենք:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը