Մեկնաբանություն

25.07.2014 00:35


Դավադիր լռություն Լևոն Հայրապետյանի շուրջ

Դավադիր լռություն Լևոն Հայրապետյանի շուրջ

Արդեն տաս օր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված, այնուհետ՝ դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի ենթարկված հայտնի գործարար-բարերար Լեւոն Հայրապետյանի հետ տեղի ունեցած անսպասելի իրադարձությունները:

Իսկ այսօր արդեն Մոսկվայում նախաքննական մարմինը պաշտոնապես մեղադրանք առաջադրեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման եւ յուրացման մեջ կասկածվող Լեւոն Հայրապետյանին:

Հուլիսի 15-ից մինչ օրս գործարարի հետ կատարվածի վերաբերյալ արտահայտվել են շատ-շատերը՝ սկսած հասարակական-քաղաքական եւ տնտեսական որոշակի շրջանակներ ներկայացնող գործիչներից, վերջացրած սովորական քաղաքացիներն ու համացանցային հանրությունը:

Բոլորն արտահայտել են իրենց զարմանքն ու զայրութը, հանդես են եկել սատարող հայտարարություններով, առաջարկել իրավական աջակցություն, ինչ-ինչ վարկածներ են առաջ քաշել, խոսել են «քաղաքական դրդապատճառների» մասին:

Վերջին մեկնաբանությունների առնչությամբ Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ դրանց հեղինակներին հորդորելով չքաղաքականացնել խնդիրը, միաժամանակ բոլորին կոչ անելով մասնակցել առաջիկայում Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվելիք բողոքի ակցիային:

Շատ-շատերը հրապարակավ մտահոգություն են հայտնել գործարարի առողջական վիճակի վերաբերյալ:

Գործում է Լեւոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջը, որտեղ մարդիկ գործարարին սատարող բովանդակությամբ գրառումներ են անում:

Հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԼՂՀ ԱԺ խմբակցություններն ու պատգամավորական խումբը՝ կոչ անելով ՌԴ իրավապահ մարմիններին փոխել հայրենասեր հայ գործարարի խափանման միջոցը:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նույնպես մեկնաբանել է տեղի ունեցածը՝ փոխանցելով ԼՂՀ իշխանությունների մտահոգությունը: Թեմայի շուրջ արտահայտվել է ԼՂՀ վարչապետը։

Խափանման միջոցը փոխելու կոչով հանդես է եկել նաեւ աշխարհահռչակ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը:

Լեւոն Հայրապետյանի ծննդավայրում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, ի պաշտպանություն մեծ բարերարի, պատրաստ են ոտքի կանգնել և ստորագրություն են հավաքել:

Մի խոսքով, հայտնի գործարարի կալանավորման փաստն ահագին ալիք է բարձրացրել:

Մինչդեռ, ի տարբերություն ընդհանուր անհանգստության եւ տագնապի, Բաղրամյան 26-ում եւ երկրի քաղաքական մեծամասնությունը համարվող ՀՀԿ-ում մեռելային լռություն է:

Իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ընտրել է «ոչ տեսել ենք, ոչ լսել ենք» տարբերակը, ու արդեն տաս օր այդ կողմերից ձայն ու ծպտուն չի լսվում:

Կարծես խոսքը հայի մասին չէ, չգիտես՝ ինչ-որ օտարերկրացու են կալանավորել:

Թվում էր, թե այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը կանդրադառնար Լեւոն Հայրապետյանի կալանավորման փաստին:

Այնինչ նորից մի երկու բառ ասաց Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի մասին, խոսեց անգամ Շուշան Պետրոսյանին մանդատից զրկել-չզրկելու վերաբերյալ տարածված լուրերի մասին, բայց ոչ մի խոսք Լեւոն Հայրապետյանի մասին:

Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն ինչի՞ց են վախենում, որ խուսափում են անգամ մի կես բերան մտահոգություն հայտնել գործարարի դեմ սկսված քրեական հետապնդման կապակցությամբ:

Ի՞նչ է, տարրական մարդկային վերաբերմունքի դրսեւորման հետեւանքով կփչանան հայ-ռուսական հարաբերություննե՞րը:

Իհարկե, ոչ:

Ուրեմն, ո՞րն է Սերժ Սարգսյանի «պարիտիզանական» լռության պատճառը, որ արդեն նմանվում է դավադիր լռության:

Գոնե ինչ-որ ձեւով ակնարկեն, որ փորձում են Մոսկվայի հետ պարզել՝ ինչն ինչոց է: Նման ակնարկ էլ չկա: Հավանաբար, չեն համարձակվում անգամ անհանգստացնել Մոսկվային: Կամ էլ չեն ուզում։

Ինչեւէ, հայտնի գործարարի հանդեպ գործող իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի դրսեւորած անտարբեր ու անհաղորդ կեցվածքը որեւէ բացատրություն չունի:

Անընդունելի ու դատապարտելի կեցվածք է: Ուրիշ ոչինչ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը