Կարծիք

24.07.2014 22:44


Ազատվել անմեղսունակ իշխանությունից

Ազատվել անմեղսունակ իշխանությունից

Աշխարհի շատ երկրների ղեկավարներ կամ արտգործնախարարներ, եթե մի լուրջ հայտարարություն են անում, դրանից կարող է անգամ միջազգային սկանդալ հասունանալ, էներգակիրների համաշխարհային գները տատանվեն, դոլարի կուրսը կտրուկ փոխվի, և այլն:

Մեզ նման վտանգ չի սպառնում, քանի որ մեր իշխանություններն ինչ ուզում է հայտարարեն՝ ո՞վ է բանի տեղ դնում: Եվ հարցը միայն այն չէ, որ փոքր երկիր ենք, քանի որ աշխարհում քիչ չեն փոքր պետությունները, որոնց նկատմաբ վերաբերմունքը բավական լուրջ է:

Հարցն այն է, որ մեր իշխանություններին այլևս լուրջ չեն վերաբերվում, ու եթե մի որոշ ժամանակ առաջ նեղանում էին մերոնցից ու հակադարձում կամ էլ փորձում պատժել, հիմա այդ փուլն էլ ենք «հաջողությամբ» անցել, արդեն հասկանում են, որ Սերժ Սարգսյանն ու նրա վարչակազմը իրենց ասածների ու արածների համար կարող են պատասխանատվություն չկրել: Այլ կերպ ասած՝ մենք ունենք քաղաքականապես անմեղսունակ իշխանություն:

Թշնամու մայրաքաղաքում իշխանության ներկայացուցիչը հրավիրում է Ադրբեջանին ԵՏՄ, իսկ դրանից օրեր անց Երևանում իշխանության մեկ այլ ներկայացուցիչ, այն էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ասում է, թե Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին հակասում է մեր շահերին: Մի կողմ թողնենք, թե նրանցից որ մեկն է ճիշտ։ Տվյալ դեպքում հարցն այլ տիրույթում է հայտնվում։

Հիմա պատկերացրեք, որ Ադրբեջանը մեր հրավերքը լուրջ ընդուներ ու այդ ուղղությամբ քայլեր աներ՝ դիտավորյալ հղում անելով մեր հայտարարությանը, հիմա ի՞նչ վիճակում կհայտնվեինք աշխարհի առաջ:

Լատինաամերիկյան երկրներին Սերժ Սարգսյանն իր նման «հուսալի» կամուրջի միջոցով ուզում էր կապել ԵՏՄ-ին, երբ մենք դեռ այդ կառույցի անդամ չենք: Կարող էի՞ն լուրջ ընդունել:

Օրերս Բրյուսելում մեր արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ-ի հետ գործընկերությունը, և որ այն ինչ ժամանակին բանակցել ենք պետք է կյանքի կոչենք, մոռանալով, որ արդեն անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին այդ բանակցությունների արդյունքները միակողմանիորեն առոչինչ հայտարարվեցին, երբ Սերժ Սարգսյանը թռավ ՌԴ-ի գիրկը: Հիմա եթե Նալբանդյանին լուրջ վերաբերվեին, այս հայտարարությունից հետո պետք է ուղղակի ջղայնությունից ծեծեին, մենք էլ խայտառակ լինեինք, բայց բարեբախտաբար նա այսքան տարվա մեջ դեռ թշերը քաշքշելու մակարդակից չի էլ աճել:

Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ Խոսրով Հարությունյանը, օրերս հայտարարեց, որ Ղազախստանն ու Բելոռուսը չեն ցանկանում, որպեսզի մենք անդամակցենք ԵՏՄ-ին, քանի որ գիտեն՝ մենք հանդես ենք գալու ՌԴ-ի կողմից: Այսինքն, մենք մեզ չենք պահել այնպես, որ պատրաստ ենք «փոքրերի» հետ միավորվել ու մեր շահերը պարտադրել «կենտրոնին»՝ ՌԴ-ին: Այլ վաղօրոք ցույց ենք տվել, որ ինչ էլ լինի մենք սեփական շահ չունենք, մեր շահը Ռուսաստանի շահն է, մենք ո՞վ ենք, որ լավ լինենք, թող ռուսները լավ լինեն:

Ամփոփելով նշեմ, որ հիմա մեզ օդի ու ջրի պես հարկավոր է օր առաջ ազատվել այս անմեղսունակ իշխանությունից: Թող հաջորդը թեկուզ վատը լինի, բայց գոնե պատասխանատու լինի իր ասածների ու արածների համար, աշխարհի համար պարտնյոր դիտարկվի, մեզ համար էլ մեղսունակ ղեկավար:

Անլուրջ եմ վերաբերվում այն դիտարկմանը, թե ո՞վ կա, որ ում ընտրենք: Դա մոտավորապես նմանեցնում եմ տանը մնացած աղջկա վարքագծին, որ դեռ այդպես էլ իր երազանքի ասպետին է սպասում ու ոչ մեկին չի հավանում:

Փորձեմ փարատել մեր հանրության մտավախությունը: Նախ. նա, ով կկարողանա աթոռին կառչած այս իշխանություններին տապալել, պետք է ներկայացնի համախմբված ուժ: Երկրորդ. կարողանա իշխանությունների նյութական ռեսուրներին հակադրել իրենց ռեսուրսները, ուժին՝ ուժ հակադրի, իսկ իշխանական վարչական լծակներին էլ հասարակական լայն զանգվածների աջակցությունը հակադրի: Անմեղսունակությանն էլ հակադրի ծրագրեր, գաղափարներ և թիմ։ Միայն այս համալիր քայլերի արդյունքում հնարավոր կլինի հասնել հաջողության, իսկ այդ հաջողությունն ապահովողը եղածից վատը լինել ոչ մի պարագայում չի կարող:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1443034639301652&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը