Մեկնաբանություն

24.07.2014 13:53


Հայաստանի 80%-ը կենաց ասել չգիտի

Հայաստանի 80%-ը կենաց ասել չգիտի

Բոլորին հայտնի է, որ հանրապետության գործող նախագահը բավականին հաճախ է ներկա գտնվում ուրախության միջոցառումներին։ Համենայնդեպս՝ փորձում է բաց չթողնել դրանք։ Դա նրա իրավունքն է, բայց խնդիրը հետևյալն է. բնականաբար, նման միջոցառումներին ուտվում-խմվում է և ենթադրաբար՝ մեծ քանակությամբ (այլապես նման հաճախականությամբ քեֆերին մասնակցելու իմաստը ո՞րն է)։

Եվ այստեղ սկսվում է՝ կենացներ Սերժ Սարգսյանի պատվին։ Դժվար չէ պատկերացնել հնչող բարեմաղթանքների բովանդակությունը՝ «իմաստուն ղեկավար», «համեստագույն մարդ», «ժողովրդի դարդերով տապակվող», «հայրենիքի զինվոր», «ազգային հերոս», «ազգի նվիրյալ», «ի՜մ գեներալ», «ճկուն դիվանագետ»...

Մի խոսքով, քծնանքի մրցույթ, ինչն իրականում ունենում է տխուր հետևանքներ։ Կենացների հասցեատերը, այդպիսին չլինելով, ակամայից ինքն իրեն սկսում է ներշնչել՝ «իսկ ինչո՞ւ ոչ», «իսկ ումի՞ց եմ պակաս»։

Դա հատուկ է բոլորին, առավել ևս՝ նրանց, ովքեր իրենք իրենց շրջապատել են հաճախորդներով։ Ու այդպես՝ տարիներ շարունակ։ Քեֆերը շարունակվում են, շողոքորթող կենացները՝ քաղցրանում, փոխարենը՝ գաղջանում է իրականությունը։

Իրականությունը Սերժ Սարգսյանի պատվին հնչող կենացների մյուս կողմում է։ Եթե նա միայն լսե՜ր, թե ինչ «կենացներ» է խմում երկրի առնվազն 80%-ը։ Միգուցե այսօրվա իրականությունը մի փոքր այլ լիներ։ Չնայած, դժվար. ասելու էին, թե բացարձակ մեծամասնությունը կենաց ասել չգիտի...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը