Մեկնաբանություն

24.07.2014 00:05


«Незваный гость хуже татарина»

«Незваный гость хуже татарина»
Սերժ Սարգսյանն անկեղծ էր ու ճիշտ, երբ նախագահական վերջին «ընտրություններին» հաջորդած ինքնաասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Մաքսային միությունում Հայաստանին չեն սպասում։ Իրոք, այդպես էր և է։
Նա անկեղծ չէր մեկ այլ հարցում՝ թե Հայաստանը գերտերությունների հետ ազնիվ է ու չի գնում մեկին մի բան խոստանում, իսկ մյուսին՝ ճիշտ հակառակ խոստումը տալիս։ ՀՀԿ ղեկավարը տարիներ շարունակ հենց դրանով էլ զբաղված էր. բոլորին իրարամերժ «այո»–ներ էր փոխանցում։ Արդյունքը եղավ այն, որ Արևմուտքին եվրաասոցացում խոստացած Սերժ Սարգսյանը հայտնվեց Մաքսային միությունում, ուր իրեն չէին սպասում (ռուսական հայտնի ասացվածք կա՝ «Незваный гость хуже татарина»)։
Մոսկվան չէր ուզում, որ Հայաստանը մասնակցի Արևմուտքի հակառուսական նախագծերին, բայց դա չէր նշանակում, որ խնդիր կար Մաքսային միությունն ու հետագայում՝ նաև Եվրասիական միությունն ընդլայնել մեր պետության ներգրավմամբ։
Սարգսյանն, Արևմուտքի զայրացած և Ռուսաստանի զարմացած հայացքի ներքո, մեկ գիշերվա մեջ եվրագերազանցիկությունից «մաքսազերծվեց» ու դարձավ երդվյալ ռուսամոլ։
Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո «Վերջի բոլշևիկի» քայլերը գովերգողների շարքում «արևմտամետ» իգորմուրադյաններն ու աղասիենոքյաններն իրենց տեղը զիջեցին զորիգայկովիչներին ու արտաշեսգեղամյաններին։
Ճիշտ է, «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործունեության բովանդակությունը դրանից չփոխվեց, բայց ձևական առումով փոփոխություն մտավ ընդհանուր քարոզչության մեջ՝ «Ա ծիպեր յա Նատաշա» ծրագրի շրջանակներում։
Իսկ այն, որ Հայաստանին չէին սպասում ու հիմա էլ չեն սպասում ՄՄ–ում ու ԵՏՄ–ում, երևում է անդամակցության գործընթացից։ Եվ քանի որ Երևանը սեփական կամքով տրվել է Կրեմլին, վերջինս փորձում է Հայաստանի վրա կտրուկ մեծացրած ազդեցությունը կապիտալիզացնել Բաքվի հետ հարաբերություններում։ Դա, բնականաբար, հնարավոր չէր լինի, եթե Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» քաղաքականություն չվարեր։
Մի կողմ թողնենք այն հարցը, որ ԵՏՄ–ի հարցում Մոսկվան ու Բաքուն չեն կարող համաձայնության գալ։ Սակայն այն փաստը, որ նման հարց քննարկվում է ղարաբաղյան խնդրի կոնտեքստում, ինքնին արդեն շատ վատ է։
Շատ վատ է նաև այն, որ փորձելով Մոսկվայից վերցնել նախաձեռնությունը՝ Արևմուտքը ստատուս քվոն Ղարաբաղում հօգուտ Ադրբեջանի փոխելու սանկցիա է տալիս Բաքվին, իսկ Հայաստանին էլ կոչ–պահանջ է ներկայացնում յոթ շրջանները հանձնելու թեմայով։
Այս ամենի համար, սակայն, չարժե մեղադրել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին. նրանք իրենց շահերն ունեն։ Խնդիրն այն է, որ Հայաստանի շահերը ներկայացնող չկա։ Դրա համար էլ պարբերաբար վթարների ենք ենթարկվում։
Ահա այսպիսին է Սերժ Սարգսյանի վարած «նախաձեռնողականության» արդյունքը։ Բայց սա նրա հնարավորություններից առավելագույնը չէ։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Ու որպեսզի խուսափենք նորանոր տհաճ անակնկալներից, պետք է Հայաստանի ներսում փոխենք ոչ թե Սահմանադրությունը, այլ Սահմանադրության փոփոխության միակ ջատագովին։
Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը