Կարծիք

23.07.2014 01:04


ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆԱՅԵԼ «ՍԱՇԻԿԻ ԱՉՔՈՎ»

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆԱՅԵԼ «ՍԱՇԻԿԻ ԱՉՔՈՎ»

Արտաքին քաղաքական հարցերում հարաբերություններ կառուցելիս, որպես կանոն, առաջնորդվում ես հետևյալ կոնցեպտուալ վերլուծությամբ, որի արդյունքում էլ կայացնում ես որոշում՝ որ ճանապարհը փակես քո համար, ում դեմ ճանապարհը փակես, և որի համար մշակես «ճանապարհային քարտեզ»:

1. Իմ բարեկամի բարեկամը՝ իմ բարեկամն է: Մեր թիվ մեկ բարեկամը Ռուսաստանն է, նրա բարեկամը մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանը: Կարո՞ղ ենք արդյոք մեր թշնամու հետ բարեկամ դառնալ, միայն այն բանի համար, որ նա մեր բարեկամի բարեկամն է: Ո՛չ:

2. Իմ բարեկամի թշնամին՝ իմ թշնամին է: ՌԴ-ն այսօր իր մեջ ուժ է տեսնում վերականգնելու գերտերության իր երբեմնի հնարավորությունները, ձևակերպել է իր հավակնություններն ու արդեն կոնկրետ քայլեր արել այդ ուղղությամբ: Կհաջողվի դա նրա մոտ, թե ոչ՝ այլ հարց է, բայց այդ ճանապարհին նա բազում թշնամիներ է ձեռք բերել: Ուստի պե՞տք է, որ մենք Արևմուքին թշնամի հայտարարենք, ինչ է, թե դա մեր բարեկամի սրտով կլինի, իսկ մեզ համար կործանարար: Ո՛չ:

3. Իմ թշնամու թշնամին՝ իմ բարեկամն է: Մեր թիվ մեկ թշնամին Ադրբեջանն է: Ունի՞ նա թշնամի, որի հետ բարեկամանալով՝ միասնաբար կպայքարենք ու շահած դուրս կգանք: Համենայնդեպս այդպիսին չի նշմարվում, իսկ Իրանին նման շարքին դասել կարելի է խիստ վերապահումով: Ուստի կարո՞ղ ենք բարեկամանալ մեր թշնամու թշնամու հետ ու Ադրբեջանին դրանով պատժել: Ո՛չ:

4. Իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է: Ադրբեջանը շատ բարեկամներ ունի, մի մասի հետ կրոնական ընդհանրությամբ պայմանավորված, մյուս մասի հետ էլ՝ շահերի ընդհանրության: Կարո՞ղ ենք նրա բարեկամներին թշնամի հայտարարել ու դա շահեկան կլինի՞ մեզ համար: Ո՛չ:

Ամփոփելով կհանգենք այն եզրակացության, որ մեր նման փոքր երկիրը, որ գտնվում է բարդ տարածաշրջանում ու այժմ էլ կանգնած ենք աշխարհաքաղաքական վերադասավորումների շեմին, ուղղակի պարտավոր է պահպանել ակտիվ չեզոքություն: Որն ի դեպ քաղաքական մի թիմի կողմից որակվում է որպես կոմպլեմենտար, մյուսի կողմից՝ բալանսավորված, բայց էությունը հենց նա է, որ աշխարհի հզորները հարգում են քո շահերը, երբ անտեղի ոտատակ չես ընկնում, առավելևս որևէ մեկի կողմից հանդես չես գալիս՝ մյուսների դեմ, այլ առաջնորդվում ես բացառապես երկրիդ շահերով ու չես խաբում արտաքին գործընկերներիդ:
Ցավոք մեր երկիրը ղեկավարվում է մի մարդու կողմից, ով զուտ կենցաղային պատկերացումներ ունի արտաքին քաղաքականության մասին, ով քայլը անում է, հետո նոր մտածում, ով բացառապես անձնական շահ է հետապնդում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություն վարելիս և ում շահերը խոր հակասության մեջ են ՀՀ–ի ու ԼՂՀ–ի շահերի հետ։

Պարզապես Սերժ Սարգսյանն ամեն անգամ աշխարհի որևէ ուժի կենտրոնին հաճոյանալու համար անհարկի շտապողականություն է ցուցաբերում ու դրանով միայն մեր երկրի գլխին փորձանք բերում: Առավելևս տուժում ենք, որ այդ մարդը չի փայլում անալիտիկ վերլուծական ունակություններով, և կարծիք է կազմում այն ժամանակ, երբ անձամբ է գնում տեղում տեսնում, որ այս կրպակը այս այգում սիրուն չի: Իսկ երկրում քանի կրպակ կա, որ իրենց տեղում չեն, ու որ անձամբ բոլորը տեսնել հնարավոր չէ, էլ չեմ խոսում ավելի լուրջ գործերի մասին: Ու եթե այն պատճառով, որ ոչինչ չվրիպի քո աչքից, բոլոր հիմնական փողոցներում, այգիներում, հրապարակներում ու մարդաշատ վայրերում տեսախցիակներ ու նկարահանող սարքեր ես տեղադրում, դրանով իսկ աշխարհին նայում «Սաշիկի աչքով», ակամայից ինչ տեսնում ես ուզում ես հետը փայլ մտնել, պարո՛ն Սարգսյան:
Ու եթե որոշել ես այս բարդ իրավիճակից լուծում գտնել սահմանադրություն փոխելով, «ձվերը» տարբեր զամբյուղների մեջ տեղավորելով, որպեսզի շարունակես հավերժ պաշտոնավարել, ապա չպետք է մոռանաս, որ դա ընդամենը պատրվակ է «վատ պարողին» արդարացնելու համար։

Այսօր երկիրն այն վիճակի մեջ է հայտնվել, որ արտաքին խաղացողները մեզ ընդամենն իրենց շահերը սպասարկող օբյեկտ են դիտարկում և փորձում են ռազմավարական ընկերություն հաստատել Ադրբեջանի հետ։ Եվ այդ ամենը Սարգսյանի անտրամաբանական «նախաձեռնողականության» պատճառով։ Այնպես որ սահմանադրական փոփոխություններին պետք է հակադրել իրական փոփոխություններն ու Հայաստանը դուրս բերել այս վիճակից։

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202620102646273

Այս խորագրի վերջին նյութերը