Կարծիք

21.07.2014 23:14


ԲՀԿ–Ն ՎԱՂՈՒՑ ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒՆԻ

ԲՀԿ–Ն ՎԱՂՈՒՑ ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒՆԻ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր այսօրվա հարցազրույցում ի թիվս այլ հրատապ հարցերի նշեց նաև, որ իշխանությունները, չկարողանալով համոզել ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս պաշտպանի Սերժ Սարգսյանի վերարտադրության համար նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները, փորձում են ճնշում գործադրել կուսակցության ու նրա առաջնորդի վրա:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Սարգսյանն ուզում է պարտադրանքի միջոցով ԲՀԿ–ից զիջումներ կորզել, սակայն ապարդյուն։ Հիմնական ճնշումները բանեցվում է ԲՀԿ–ն ներկայացնող սեփականատեր պատգամավորների վրա՝ այն հաշվարկով, որ նրանք էլ իրենց հերթին կփորձեն Ծառուկյանից լոյալություն կորզել։

Ստիպված եմ հիշեցնել իշխանության «խելոքներին», որ ՀՀ սահմանադրության հոդված 8-ում հստակ ամրագրված է. «ՀՀ-ում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»: Ուստի հրապարակային ասել, որ կարելի է գործարարությամբ զբացվել միայն այն դեպքում, եթե օգտվում ես իշխանությունների բարեհաճությունից, կամ գոնե՝ լոյալ ես նրանց նկատմամբ, սա ուղղակի հանցագործություն է մեր ազգի ու պետության հանդեպ:

Եվս մեկ հիշեցում. «ՀՀ սահմանադրություն, հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»:

«Քառյակի» լիդերներն այնպիսի մեծ ինֆորմացիայի են տիրապետում, շփման այնպիսի բարձր մակարդակ ունեն, որ հաստատ համացանցի իշխանական ակտիվիստներից չէ, որ պետք է պատկերացում կազմեն իրենց «գլխի գալիքի» մասին: Իսկ միամտորեն փորձել գործարարներին ահաբեկել, թե զգույշ եղեք՝ ձեր բիզնեսը վտանգված է ԲՀԿ նախագահի գործունեության պատճառով, առնվազն անլուրջ է:

Բայց այս մթնոլորտից հիասթափվում ու ահաբեկվում են, առաջին հերթին, այն գործարարները կամ սեփականատերերը, որոնք թևութիկունք չունեն: Նաև արտերկրի ներդրողները, որոնք ամեն օր համոզվում են, որ մեր երկրում վտանգավոր է բիզնեսով զբացվելը: Մեկ էլ տեսար իրենց վարքը իշխանավորներից որևէ մեկին դուր չեկավ՝ իրենց ունեցած-չունեցածը ձեռքներից կառնեն: Այ սա է պատճառը՝ օտարերկրա ներդրումների օր օրի կրճատման, ու մեր երկրից կապիտալի, այլևս, ոչ թե արտահոսքի, այլ՝ փախուստի:

Հետո էլ զարմանում ենք, որ ամիսներ առաջ սիրիահայերը պատերազմից մազապուրծ հասան Հայաստան, բայց մի որոշ ժամանակ մնալուց հետո նրանցից շատերը վերադարձան իրենց բնակավայրեր, բացատրելով դա, որ՝ այնտեղ, ռումբերի տակ ավելի ապահով էին ապրում, քան «ապահով Հայաստանում»:

Իմ կարծիքով Սերժ Սարգսյանի դարանակալ հարվածները ԲՀԿ-ին ավելի շատ դրական ազդեցություն են ունենալու՝ ոչ միայն ԲՀԿ-ի ներսում ուժերի մոբիլիզացիայի հարցում։

Պարզ է, որ Սարգսյանը փորձում է ժամանակ շահել ու հարմար առիթով հարվածել «քառյակին» ընդհանրապես ու ԲՀԿ-ին՝ հատկապես: Իսկ դա հերթական անգամ ցույց է տալիս գործող նախագահի վախն առաջիկա զարգացումներից։ Իսկ որ զարգացումներ լինելու են՝ վկայում է նույն իշխանության պահվածքը։

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202615497411145

Այս խորագրի վերջին նյութերը