Մեկնաբանություն

20.07.2014 12:01


Տարոն Մարգարյանի «կուտակային բարեշրջումը»

Տարոն Մարգարյանի «կուտակային բարեշրջումը»

Երեւանի քաղաքապետարանը չի հրաժարվել հանրային տրանսպորտի սակագինը փոխելու-բարձրացնելու մտադրությունից: Ավելի ճիշտ՝ Բաղրամյան 26–ում չեն հրաժարվել Տարոն Մարգարյանի ձեռքերով «Ավելի լավ Երևան» կառուցելու ցանկությունից։

Անցյալ տարի այս օրերին քաղաքապետարանը փորձեց բարձրացնել տրանսպորտի սակագինը՝ այն հասցնելով 150 դրամի, սակայն հանդիպելով հանրության դիմադրությանը՝ հետ քաշվեց: Տարոն Մարգարյանը այդ հարցով հատուկ հանձնաժողով ստեղծեց, որն այս տարվա ապրիլի նիստում նախընտրելի համարեց 200 դրամը:

Պարզվում է, հիմա էլ՝ ըստ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի, քաղաքապետարանում քննարկում են տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու հարցը: Օրինակ, կլինեն 100, 150 և 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ՝ ըստ ծառայությունների որակի:

Ավելին, մշակվելու է տրանսպորտային համակարգի հատուկ մոդել, ըստ որի՝ ամեն ուղղությամբ առնվազն երկու սակագնով աշխատող երթուղային կլինի։

Այսպես, ուրեմն՝ «պատրիկները» «պլեբեյներիս» համար սոցիալական բեւեռացումն առավել ընդգծելու համար նոր մոդել են մշակելու:

Ես ունեմ 100 դրամ, ուրեմն՝ կանգառում կսպասեմ մեկ ժամ, որ գա իմ ավտոբուսը, մյուսն ունի 150 դրամ, կսպասի կես ժամ, երրորդը՝ «միջին խավի պլեբեյը», ով ունի 200 դրամ, կսպասի երեւի մի 15 րոպե: Ծառայությունների որակ ասելով նաեւ սա պետք է հասկանալ:

Ինչ վերաբերում է մատուցվող այլ ծառայություններին՝ հավանաբար, 150 դրամանոց ավտոբուսի ուղեւորները հնարավորություն կունենան «Ռադիո ջան»-ով պատվիրել իրենց ուզած երգը եւ այն ըմբոշխնելով կհասնեն իրենց ուզած տեղը, իսկ 200 դրամանոց ավտոբուսներում, հավանաբար, ամռանը պաղպաղակ կբաժանեն, իսկ ձմռանը՝ թեյ կամ սուրճ:

Իրոք, զարմանալի բան են մտածել քաղաքային իշխանությունները: Նրանք ողջ տարին տրտնջում էին, ասելով, թե տրանսպորտի ոլորտը վերազինման, արդիականացման կարիք ունի ու դրա համար են բարձրացնում սակագինը, իսկ հիմա տարբերակված սակագնի հարց են քննարկում՝ համապատասխան ծառայությունների որակով:

Եթե տրանսպորտային համակարգը անվտանգության առումով խնդիրներ ունի, իսկ ուղեւորափոխադրող ընկերություններն էլ շարունակ խոսում են տեխնիկական խնդիրների մասին, ապա ինչպե՞ս են ըստ սակագների ծառայություններ մատուցելու, երբ իրենց ասելով չեն կարողանում առաջնային ու կարեւոր խնդիրները լուծել:

Սակայն հարցը միայն տրանսպորտի վիճակը չէ:

Այդ ինչպե՞ս են որոշել՝ տրանսպորտից օգտվողների ո՞ր տոկոսն է պակաս վճարունակ, որը՝ վճարունակ եւ որը՝ լավ վճարունակ:

Տրանսպորտից օգտվում է հիմնականում աղքատ խավը, որոնց թիվն անցել է 1 միլիոնը:

Ինչեւէ, իշխանությունները տրանսպորտի թանկացման հարցը «հորով-մորով» անելու համար դարձյալ որոշել են դիմել նույն մեթոդին, ինչ կիրառեցին «կուտակայինի» դեպքում:

«150, 200 դրամը պարտադիր է, բայց ոչ պարտադրված, և ովքեր չեն ցանկանում այդքան գումար վճարել, կարող են օգտվել 100 դրամանոց տրանսպորտից». հավանաբար սա կլինի քաղաքապետարանի կարգախոսը։

Սա, ըստ էության, փուլային տարբերակով տրանսպորտի գնի թանկացման սխեմա է։ Պարզ է, որ մեկ–երկու տրանսպորտ կպահեն 100 դրամով ու ժամանակի ընթացքում դրանք դուրս կբերեն երթուղուց։

Ահա այսպես է «Ավելի լավ Երևան» կառուցվում։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը