Կարծիք

20.07.2014 00:06


Սևակ Դանիելյան. « Միակ մարդը մեր երկրում, ում խանգարում է գործող Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանն է»

Սևակ Դանիելյան. « Միակ մարդը մեր երկրում, ում խանգարում է գործող Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանն է»

Միակ մարդը մեր երկրում, ում խանգարում է գործող Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանն է: Սահմանադրությունն իրեն հնարավորություն չի տալիս հավերժ վերարտադրել իր իշխանությունը: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների ճանապարհով է գնալու, քանզի նա պատկանում է այն քաղաքական գործիչների շարքին, ովքեր ժառանգորդներ չեն թողնում, ովքեր կառուցում են իրենց անձի վրա գերկենտրոնացված համակարգ:

Եթե ընդդիմությանը հաջողվի կասեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա կարելի է համարել, որ երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, քանզի իշխանական բուրգը, հասկանալով, որ Սարգսյանը հեռանում է, կսկսի փլուզվել: Բայց դա չի կարող ինքնաբերաբար տեղի ունենալ:

Ընդդիմությունը պետք է շատ լուրջ աշխատանքներ տանի սահմանադրական փոփոխությունների կանխման ուղղությամբ` սկսած հանրության հետ հանդիպումներից (ժողովրդին բացատրելով փոփոխությունների փաթեթի իրական նպատակը), ավարտած` ԶԼՄ-ներում ակտիվ աշխատանքով ու, ինչու չէ, նաև հանրահավաքներով: Իմ խորհին համոզմամբ այս պահին դեռ այդ աշխատանքը չի կատարվում պատշաճ կերպով ու իշխանություններն իրենց քարոզով առայժմ առաջ են ընկել ընդդիմությունից. վարչակարգի քարոզչամեքենան ավելի արդյունավետ է աշխատում այս պահին:

Վստահ եմ, որ աշնանը պրոցեսները կակտիվանան ու ընդդիմությունն ավելի լուրջ քայլեր կձեռնարկի, սակայն դրան նախապատրաստվել է պետք ու հենց հիմա: Պետք է գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ մշակել, ամեն ոլորտում պատասխանատու նշանակել (ասենք, մի խումբը կզբաղվի հանրության հետ հանդիպումներ իրականացնելու ուղղությամբ, մյուսները` ԶԼՄ-ների հետ, այլք` սոցիալական ցանցերում և այլն), ի վերջո պետք է «գեբելսյան» քարոզչամեքենային առողջ այլընտրանքը ստեղծվի:

Ծանր ու տաժանակիր աշխատանք է այս ամենը, բայց այն պիտի արվի, իշխանություններն իրենց կամքով չեն հանձնի իրենց դիրքերը, պետք է ստիպել, որ իրենք հետանան: Բայց դա պիտի արվի որքան հնարավոր է առանց ցնցումների, իսկ ոմանք պիտի անվտանգության երաշխիքներ ստանան, քանզի այլ ճանապարհ պարզապես չկա:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը