Մեկնաբանություն

19.07.2014 11:00


Սահմանադրական փոփոխություններն ու Հրայր Թովմասյանի «ձվերը»

Սահմանադրական փոփոխություններն ու Հրայր Թովմասյանի «ձվերը»

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովականները, իրենց բուն աշխատանքային պարտականությունները թողած, պետբյուջեի հաշվին համատեղում են հաճելին օգտակարի հետ։ Նրանք երևանյան շոգերից փախնում են մարզեր, «ադաբրյամս» ծրագրի շրջանակներում մի քիչ գյալաջի են անում սահմանադրական փոփոխությունների թեմայով (օրինակ՝ հիմնավորում են, որ «Ծաղիկ» կովն օրական 10 լիտր կաթ չի տա ու հորթ չի ծնի, եթե սահմանադրական փոփոխությունները չարվեն, ու իշխանության կենտրոնը չդառնա Մելիք–Ադամյան փողոցը), հետո ֆուրշետ–մուրշետ են անում (եթե մարզը հեռու է մայրաքաղաքից, ապա հաց ուտելն ավելի «ֆունդամենտալ» է լինում) և վերադառնում են ելման դիրք՝ հաջորդ օրը նույնը կրկնելու պատրաստակամությամբ։ Սա հաճելիի մասով։

Ինչ մնում է օգտակարին, ապա սահմանադրական փոփոխությունների ապօրինի քարոզարշավ իրականացնելով՝ հանձնաժողովականներն իրենց անձնական օգուտն են հետապնդում՝ Սերժ Սարգսյանին դուր գալու միջոցով այսօր ու հետագայում սեփական բարեկեցությունն ապահովել։

Ու որքան շարունակվում է սահմանադրական փոփոխությունների քարոզը, այնքան մարազմը շատանում է։ Քանզի Սերժ Սարգսյանի վրայով կարվող փոփոխություններին այլ տիպի փաթեթավորում տալու համար անհրաժեշտ է լինում «բորենիների համաստեղության» մասին հիշել, էպատաժային օրինակներ բերել ու սրտաճմլիկ ձևակերպումներ գտնել։

Մի խոսքով, Սերժի «գենսեկացման» հանձնաժողովի անդամներն աշխատում են՝ չխնայելով իրենց։ Բոլորը զոռ են տալիս իրենց երևակայությանն ու ցույց տալիս մտքի թռիչքը։

Բանը հասավ նույնիսկ ձվերին։

Դե ով, եթե ոչ արդարադատության «վաղամեռիկ» նախարար Հրայր Թովմասյանը պետք է ձվերի օրինակով ապացուցեր նեոբոլշևիկյան համակարգին անցնելու անհրաժեշտությունը։

Ըստ նրա՝ «նախկինում՝ 1995թ.-ին, 10 ձու դրված էր մեկ զամբյուղի մեջ, եւ դա նախագահի ձեռքում էր, հիմա՝ 2005թ.-ից հետո, վիճակն այսպիսին է՝ 10 ձու, որոնք դրել ենք 3 զամբյուղի մեջ եւ տվել ենք մեկ անձի ձեռքում, որը նախագահն է եւ ունի քաղաքական մեծամասնություն խորհրդարանում: Այս դեպքում զսպումների մեխանիզմները չեն աշխատելու, եւ ունենալու ենք անձնակենտրոն քաղաքական համակարգ»:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար Թովմասյանը «փչացնում» է Սերժի ներկայիս իշխանությունը։ Բայց երբ փորձ է արվում խաբել, թե, իբր, նոր Սահմանադրությամբ ձվերի բաշխման խնդիրները լուծվելու են, և զսպումների մեխանիզմներն աշխատելու են, դա արդեն մասնագիտական անբարեխղճություն է։

Այո՛, բոլոր ձվերն այժմ դրված են զամբյուղի մեջ ու տրված են մեկ հոգու, բայց այդ ձվերը ոչ թե երեք զամբյուղի մեջ են, այլ մեկ, քանզի 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած՝ երկրում քաղաքական միակուսակցականություն է հաստատվել, ինչը միահեծան և անձնակենտրոն իշխանություն կառուցելու ծրագրին նպաստող գործոն է։ Այժմ փորձ է արվում դե ֆակտո հաստատված միակուսակցական համակարգին տալ արդեն միանձնյա իշխանություն կառուցելու հնարավորություն։

Սահմանադրական փոփոխություններով իրականում փորձ է արվում զամբյուղի մեջ եղած բոլոր ձվերը ջարդել հանրության գլխին, զամբյուղը լցնել ԱԺ նախագահի («պռեդսեդածել վեռխովնովո սովետա») ու «գենսեկի» կարգավիճակով ցմահ իշխանություն ունենալու լիցենզիայով և այն տալ Սերժ Սարգսյանին։

Ինչ մնում է Հայաստանին, ապա եթե հսկայական ռեսուրսներ ունեցող ԽՍՀՄ–ն ընդամենը 70 տարի դիմացավ այդօրինակ համակարգին, ապա մեր երկիրն ընդհանրապես ռեսուրս չունի նեոբոլշևիկներին պահելու։ Ասել է թե՝ «Վերջի բոլշևիկի» առաջարկած սահմանադրական փոփոխությունները Հայաստանի վերջն են կանխորոշում։ Եվ դա արվում է մարդկանց նեղ խմբի ֆինանսական ախորժակն ու ագահությունը բավարարելու համար։

Եթե կան քաղաքական ուժեր կամ անհատներ, ովքեր այս ամենը չեն հասկանում, ապա նրանք քաղաքականապես անմեղսունակ են և իրավունք չունեն կուսակցություն կոչվել կամ փորձագետ համարվել։

Իսկ եթե քաղաքական ուժերը կամ անհատները շատ լավ հասկանում են, թե ինչն ինչոց է, բայց իրենց չորքոտանու տեղ դրած և դեմքի լուրջ արտահայտությամբ մտնում են սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումների տիրույթ, ապա սա արդեն լրիվ այլ խոսակցության թեմա է։

Ամեն դեպքում, հարցը կորոշվի սեպտեմբերյան քաղաքական գործընթացով, որը կա՛մ կհանգեցնի իշխանափոխության, կա՛մ Հայաստանը կտանի դեպի լճացում։

Դատելով ամենից՝ փոփոխության է ենթարկվելու ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխանությունը։ Եվ ամեն ինչ պետք է անել հաղթանակն ապահովելու համար։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը