Մեկնաբանություն

19.07.2014 08:46


Գագիկ Հարությունյանը 23 տարում այդքան չի խոսել, որքան վերջին երկու ամսում

Գագիկ Հարությունյանը 23 տարում այդքան չի խոսել, որքան վերջին երկու ամսում

Աշխարհն՝ աշխարհով, Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը՝ իրենց սահմանադրական քարոզարշավով:

Էս գործընթացի մասին ոչ ոք չի հիշում, ոչ մեկին չի հետաքրքրում, բոլորը մոռացել են, բայց մի քանի հեռուստաընկերություն պարտադիր թեման լուսաբանող ռեպորտաժներ են ցուցադրում, որ հանրությունը վերջնականապես չմոռանա սահմանադրական փոփոխություններին նվիրված «հանրային քննարկումների» մասին:

Ասում եմ քարոզարշավ, քանի որ քննարկումների այն ձեւաչափը, որ ընտրել է Սերժ Սարգսյանը՝ մարզեր գործուղելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին, հենց քարոզարշավ է հիշեցնում:

Մարզային մեծ ու փոքր տրամաչափի չինովնիկներով փոքրիկ լսարաններ են ապահովում եւ Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը դասախոսություններ են կարդում:

Նայում ես ու մտածում ես՝ լավ, այս մարդիկ, կարծես, ուրիշ պաշտոն էլ ունեին:

Հիմա ի՞նչ՝ մեկը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, մյուսն էլ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը սարքել են կես դրույք ու կես դրույքով էլ քարոզի՞չ են աշխատում: Իրենց հիմնական աշխատանքը ե՞րբ են կատարում: Իրավունք ունե՞ն իրենց բուն աշխատանքի հաշվին քարոզարշավ տանել։

Թե՞ իրենք էլ չեն կարողանում իրենց հիմնական պաշտոնեական պարտականությունները լիարժեք կատարել, քանի դեռ չի փոխվել Սահմանադրությունը: Դե, որովհետեւ ցանկացած ոլորտում կուտակված խնդիրների լուծումը պայմանավորում են սահմանադրական փոփոխություններով, անգամ՝ կովերի ծծնելիության աճն է կապվում դրա հետ:

Ի դեպ, անկախության 23 տարիներին Գագիկ Հարությունյանը այնքան չի խոսել, որքան վերջին երկու ամսում:

Ու նաեւ թվում է, որ նա առաջին անգամ է մարզերում լինում, քանի որ անցած երկու տասնամյակներին նրան երբեք մարզերում չենք տեսել:

Ինչեւէ, այս կամ այն մարզում չինովնիկները հորանջելով լսում են Գագիկ Հարությունյանին ու Հրայր Թովմասյանին: Իսկ վերջիններս դասախոսությունները հետաքրքիր դարձնելու համար փորձում են «սուր» մտքեր արտահայտել կամ «պատկերավոր» օրինակներ բերել: Ասենք՝ զոքանչի ու փեսայի հարաբերություններ, «Մարտի 1», «Հոկտեմբերի 27» եւ այն (դե, միջին օղակների մասին Գագիկ Հարությունյանն արդեն խիզախաբար արտահայտվել է, այն բնութագրելով որպես «բորենիների համաստեղություն»):

Իբր գործող Սահմանադրությունը իշխանություններին կամայականորեն եւ հայեցողաբար գործելու տեղ է թողնում, մինչդեռ փոփոխությունները միտված են դրանք սահմանափակող մեխանիզմների ամրագրմանը:

Մի խոսքով, լոլոներ են կարդում, բայց առայժմ զգուշավորությունը պահպանելով եւ զգոնությունը չթուլացնելով՝ չեն «բացվում» ու չեն խոսում այս ողջ անիմաստ գործընթացը նախաձեռնելու մոտիվացիայի մասին:

Ի վերջո, կառավարման ո՞ր ձեւն է ընտրվելու՝ կիսանախագահակա՞ն, թե՞ պառլամենտական:

Մի կես բերան ասում են, թե հանձնաժողովի անդամներն այդ հարցում տարակարծիք են ու էլի անցնում են մարդու իրավունքների ոլորտին, ինչի լիարժեք կիրառմանն իբր խոչընդոտում է գործող Սահմանադրությունը (փաստորեն, Սերժ Սարգսյանն այն աստիճան է մտահոգված մարդու իրավունքներով, որ անպայման ուզում է Սահմանադրությունը փոխել ու նոր միայն հանգիստ շունչ քաշել):

Կարելի է կարծել, թե մոտ մեկ տարի գործող հանձնաժողովի անդամները անցած ամիսներին «թիթեռ էին նկարում» եւ դեռ չեն հասցրել հստակեցնել գլխավոր հարցը:

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծով ընտրված կառավարման ձեւն առայժմ չեն բացահայտում ու այնպես են թաքցնում, ասես՝ պետական գաղտնիք է: Պատճառը պարզ է. առայժմ տրամադրություններ են շոշափում, հետախուզական աշխատանքներ են իրականացնում և սպասում են քաղաքական զարգացումներին, որպեսզի հասկանան, թե կարո՞ղ են արդյոք բաց տեքստով իշխանության վերարտադրություն քարոզել, թե՞ ոչ։

Ինչեւէ, տխուր, ձանձրալի, միաժամանակ՝ քարոզչական ակնհայտ տարրեր պարունակելու առումով ծիծաղելի «հանրային քննարկումների» ժամանակ Հարությունյանն ու Թովմասյանը շարունակում են մեծ էնտուզիազմով «սահմանադրագիտություն ուսուցանել»:

Մինչեւ շեֆը կասի՝ վե՛րջ, իմ «չուզած» կառավարման ձեւի ընտրությունը ամրագրող հայեցակարգը դրեք սեղանիս: Կամ էլ՝ կվախենա ու հետ կքաշվի։ Ամեն ինչ կախված է մեզանից՝ հասարակական ու քաղաքական ակտիվությունից։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը