Կարծիք

18.07.2014 13:55


Արմեն Հարությունյան. Ո՞րը լինի Սերժ Սարգսյանի հաջորդ կայարանը

Արմեն Հարությունյան. Ո՞րը լինի Սերժ Սարգսյանի հաջորդ կայարանը

Արդեն ակնայտ է, որ Սերժ Սարգսյանի երազած «և, և»-ն աշնանը վերջապես իրականություն կդառնա: Նրա «նախաձեռնողական» քաղաքանության համար մեզ ցանկանում են պատժել և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը: ԵՄ–ից զրկվել ենք, իսկ ԵՏՄ–ից էլ մեզ զրկում են՝ պարբերաբար ձգձգելով անդամակցության ժամկետները։

Պատահական չէ, որ վարչապետը հստակ չի պնդում, որ հոկտեմբերին մենք կմիանանք ԵՏՄ–ին, այլ ընդամենը հույս է հայտնում։

Սերժ Սարգսյանը ժամանակին պնդում էր, որ մենք շտապում ենք, որպեսզի դառնանք ԵՏՄ հիմնադիր անդամ: Բայց դա չեղավ: Հետո մեզ կապեցին ղազախական գնացքին, որի ղեկավարը Աստանայում կարդաց մերժման «դատավճիռը», և մեր «վագոնը» չկարողացանք «գնացքի» պոչից կպցնել: Սարգսյանը նոր ժամկետ նշեց՝ հունիսի 15-ը, դա էլ տեղի չունեցավ ու հետաձգվեց մինչև հուլիս, իսկ այդ ընթացքում արդեն Ղազախստանի ԱԳ նախարարը նոր ժամկետ սահմանեց մեզ համար՝ այս տարվա հոկտեմբեր: Դա հիմք ընդունելով էլ՝ հիմա հույս է հայտնվում, որ հոկտեմբերին կմտնենք կամ էլ, «պայթի, տրաքի», մինչև հաջորդ տարվա սկիզբ։
Բայց, ասենք թե, դա տեղի ունեցավ, հետո՞: Ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի հարցը, լինելու՞ է թեկուզև ձևական մաքսակետ, թե՞ չի լինելու։ Եթե հանկարծ զարգացումները հօգուտ Հայաստանի ու Ղարաբաղի չլինեն, ապա հրաժարվելո՞ւ է այս իշխանությունը ԵՏՄ մտնելուց։

Հիմա մի վիճակ է ստեղծվել, որ արդեն ԵՏՄ մտնելու դեպքում էլ, չմտնելու դեպքում էլ Սերժ Սարգսյանը պատժվելու է՝ իր հետ միասին հարվածի տակ դնելով նաև երկու հայկական պետությունները։

Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ մի այնպիսի վիճակում է հայտնվել, որ նույնիսկ չի կարողանալու ռուսների վրա թանկ վաճառել իր պատրաստակամությունը՝ անդամակցել Եվրասիական միությանը: Այնպես որ, գործող նախագահի՝ «տարածքներ՝ իր կարգավիճակի և իշխանության պահպանման դիմաց» օպերացիան ձախողվել է՝ դեռ չսկսած:

Շատերը Սարգսյանին համեմատում են տարբեր բռնապետերի հետ ու կարծիք հայտնում, որ շուտով նրանց բախտին է արժանանալու: Չեմ կիսում այս կարծիքը, քանի որ գործող նախագահը դասական առումով բռնապետ չէ: Նա թույլ խառնվածքի տեր անձնավորություն է, ով միշտ գտնվել է ուժեղների թևի տակ ու նրանց բարեհաճությունից օգտվելով՝ սեփական «նյութական» ծրագիրը կյանքի կոչել: Հիմա նա թեպետ այսքան տարի առաջին դեմք է, բայց դարձյալ ուժեղ թևի փնտրտուքի մեջ է, հիմա էլ՝ դրսում: Դա Արևմուտքը կլիներ, թե այժմ էլ՝ ՌԴ-ն, կապ չունի, մենակ թե հարմար տեղավորվի ու օգտվի բարիքներից տեղական կառավարչի մակարդակով:

Բայց Հայաստանն այդքան ռեսուրս չունի նման ղեկավար պահելու համար։ Ուղղակի, քանի որ մեզ արյուն պետք չէ, ուզում եմ հորդորել Սարգսյանին, որպեսզի նա հասկանա, որ ոչ մեկին այլևս խաբել չի կարող, և խաղն ավարտված է։ Ավելի լավ է՝ օգտվի իր համար բացված «մարդասիրական միջանցքից», որը հեռատեսորեն բաց են թողել ոչիշխանական ուժերը, բայց այդ միջանցքն էլ կարող է փակվել, ինչի պատասխանատուն արդեն Սերժ Սարգսյանը կլինի։ Այնպես որ, նա պետք է շտապի։ Դռները շուտով փակվելու են, ու հաջորդ կայարանը կարող է չլինել կամ լինել շատ անցանկալի կայարան։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1441070752831374&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը