Մեկնաբանություն

18.07.2014 13:24


Հայաստանի հարցն այլ տիրույթում է հայտնվել

Հայաստանի հարցն այլ տիրույթում է հայտնվել

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է։ Պատճառները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև քաղաքական։

Հայաստանյան իշխանությունները մշտապես խոսում են տեխնիկականից ու պարբերաբար անդամակցության նոր ժամկետներ նշում։

Իրականում, սակայն, հետաձգման պատճառներն առավելապես քաղաքական են, ու քանի որ պաշտոնական Երևանի «նախաձեռնողական» կուրսը բերել է այն բանին, որ ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրները հանձնվել են Կրեմլին, ուստի Հայաստանի անդամակցության հարցը վերածվել է Մոսկվայի ու Բաքվի միջև առևտրի առարկայի։

Մոսկվան, բնականաբար, ուզում է Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ և այդ հարցում սուր մրցակցության մեջ է մտել Արևմուտքի հետ։ Վերջինս իր հերթին չի ուզում թույլ տալ Ադրբեջանի մուտքը ԵՏՄ և այդ իսկ պատճառով հակաղարաբաղյան հռետորաբանություն ու քայլեր է անում՝ փորձելով սիրաշահել Բաքվին։

Ռուսներն իրենց «ռեզիդենտի» կարգավիճակ ունեցող Արտաշես Գեղամյանի շուրթերով Ադրբեջանում հայտարարեցին, որ եթե Ալիևը որոշի մտնել ԵՏՄ, ապա Ղարաբաղի հարցն ինքնաբերաբար կլուծվի, բայց դե, Բաքվում հասկանում են, որ դրանք ռուսների կողմից վերացական ձևակերպումներ են և «նիսյա» խոստումներ, քանզի բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղի շուրջ ձևավորված ստատուս քվոն ձեռնտու է ՌԴ–ին։

Ալիևը ԵՏՄ չմտնելու նաև այլ պատճառներ ունի։ Նա Ադրբեջանում ունի ցմահ շեյխի կարգավիճակ և չի ուզենա որևէ միության շրջանակներում գտնվել ու Մոսկվայի միջնորդությամբ շփվել աշխարհի հետ։

ԵՄ–ին ու ԵՏՄ–ին չմիանալու մյուս գործոնն այն է, որ դա հնարավորություն է տալիս Բաքվին, ի տարբերություն Հայաստանի ներկայիս իշխանությունների, կոմպլեմենտար քաղաքականություն վարել ռուսների ու Արևմուտքի հետ և զգալի դիվիդենտներ շահել։ Դա էր պատճառը, որ Ադրբեջանը չմտավ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ և չի մտնում նաև ԵՏՄ։

Եվ այսպես, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցը ձգձգվում է Մոսկվայի ու Բաքվի պատճառով, ավելի ճիշտ՝ այն պատճառով, որ Բաքուն Մոսկվայից չի կարողանում ստանալ պատերազմով Ղարաբաղի հարցը լուծելու «դաբրոն», իսկ Մոսկվան էլ չի կարողանում Բաքվին համոզել Ղարաբաղին առնչվող վերացական խոստումներով։ Մոսկվայում փորձում են գտնել ստատուս քվոյի պահպանման և, միևնույն ժամանակ, Ադրբեջանին գոհացնելու բանաձևը, սակայն չեն կարողանում գտնել այն, քանզի բնության մեջ նման բանաձև գոյություն ունենալ չի կարող, ինչքան էլ որ Հայաստանում լինեն այդ բանաձևին աջակցող առանձին սուբյեկտներ։

Ինչ մնում է Հայաստանին, ապա եթե Բաղրամյան 26–ում վերջնականապես չեն մնացել Գյուլիստանի պայմանագրի տակ, ապա հիմա ճիշտ ժամանակն է ՌԴ–ի ձգձգումն օգատգործել և ԵՏՄ–ի հետ բանակցվող տնտեսական պայմաններով զուգահեռ՝ բանակցություններ տանել Եվրամիության հետ, ու հասնել այն բանին, որ որոշակի տնտեսական համաձայնություն ստորագրվի։ Նույնն, ի դեպ, պետք է անել Իրանի ու Վրաստանի հետ, այսինքն՝ եթե ԵՏՄ մտնելը տվյալ պահին վերածվել է անշրջելի գործընթացի, ապա պետք է դրա բացասական ազդեցությունը չեզոքացնել կամ նվազեցնել՝ մեր հարևանների ու առևտրային գործընկեր հանդիսացող ԵՄ–ի հետ տնտեսական համաձայնության գալու ճանապարհով։ Այլապես վաղը շատ ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, քան կարելի է պատկերացնել այսօր։

Հայաստանի համար ճիշտն, իհարկե, կլիներ հավասարակշռված և կոմպլեմենտար քաղաքականություն վարելը, ինչը նշանակում է, որ պետք չէր ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ մտնել, որն էլ իր հերթին չէր հանգեցնի ԵՏՄ–ին անդամակցելու սխալ որոշմանը։ Սակայն տվյալ պահին պետք է վնասների կառավարում իրականացնել ու ԵՄ–ի հետ նոր փաթեթ բանակցել, բայց ոչ թե ասոցացման, այլ տնտեսական հարաբերությունների շուրջ։

Բայց դե, ումից ենք ինչ պահանջում։ Մարդիկ սահմանադրական փոփոխությունների ու ձվերի համեմատությամբ են զբաղված։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը