Քաղաքական

17.07.2014 17:34


Հայաստանը պատրաստ է եղել ստորագրելու. Ռուսաստանը՝ ոչ. Աբրահամյան–Մեդվեդև հանդիպման նոր մանրամասներ

Հայաստանը պատրաստ է եղել ստորագրելու. Ռուսաստանը՝ ոչ. Աբրահամյան–Մեդվեդև հանդիպման նոր մանրամասներ

Ինչպես տեղեկացրել էինք, այս հուլիսի 11-ին Սոչիում կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, որից հետո, վարչապետերի ներկայությամբ, երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները ՌԴ–ում ՀՀ քաղաքացիների գտնվելու կարգի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին։

Պարզվում է, սակայն, եղել է ևս մեկ համաձայնագիր, որը հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել, սակայն ռուսական կողմը՝ ոչ։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով՝ պատճառը ՌԴ Կառավարության ունեցած վերապահումներ են։ Այս մասին Եգանյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատմելով, որ երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերել է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը:

–ՀՀ քաղաքացին դրանով կարող էր ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության և պետտուրքի՝ այդ հարցում հավասարվելով Ռուսաստանի քաղաքացիներին: Համաձայնագրով նախատեսվում էր նաև, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատող անձը, այլ նաև նրա ընտանիքի անդամներն են համարվում ՌԴ տարածքում օրինական գտնվողներ,-ասել է Եգանյանը՝ հավելելով, որ Աբրահամյանի ու Մեդվեդևի հանդիպման ժամանակ նաև այդ համաձայնագրի ստորագրման հարցն է քննարկվել, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրելու, բայց ռուսական կողմը հրաժարվել է։

–Ի պատասխան մեր վարչապետի հարցի՝ Մեդվեդևը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարից հետաքրքրվեց, թե խնդիրն ինչում է։ Ասվեց, որ Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը որոշակի ոչսկզբունքային վերապահումներ ունի: ՌԴ վարչապետը խոստացավ, որ ինքն այդ խնդիրները կկարգավորի,–նշել է Եգանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը