Մեկնաբանություն

17.07.2014 08:56


Ինչով «զբաղվում» է՝ փուլ է գալիս

Ինչով «զբաղվում» է՝ փուլ է գալիս

Հերթական անգամ կոնդեցիներն առավոտ շուտ հավաքվել էին նախագահական առանձնատան մոտ, որպեսզի «բռնացնեն» իրենց խոստումներ տված և տնավեր դարձրած Սերժ Սարգսյանին:

Եվ հերթական անգամ Կոնդի բնակիչներ-Սարգսյան՝ րոպեներ տեւած հանդիպումը ավարտվել է անարդյունք:

Դժվար է ասել, թե այս տարի նույն վայրում քանի անգամ են բողոքի ցույց արել Կոնդ թաղամասի բնակիչները, մի թաղամասի, որը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել եւ օտարվել է, իսկ բնակիչներին խոստացել են կարճ ժամանակահատվածում (2,5 տարի հետո) ապահովել բնակարաններով:

Այդ որոշումն ընդունել է այն կառավարությունը, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր:

Վարչապետ Սերժ Սարգսյանը հետո կոնդեցիներին խոստումներ տալով դարձել է նախագահ, հետո էլի է խոստումներ տվել նրանց ու «վերընտրվել» է, բայց 7 տարի կոնդեցիները բնակարան չունեն ու ինչպես իրենք են ասում՝ «Դարձել ենք թափառական, տղամարդկանցից քանիսն էլ էս հողի վրա ինֆարկտ ստացան, մեռան»:

Փետրվարի 6-ի ակցիայի ժամանակ Սերժ Սարգսյանը դարձյալ մոտեցել էր ցուցարարներին ու մուննաթ գալու պես ասել. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք»:

Ապրիլի 10-ին, երբ կոնդեցիները դարձյալ առավոտյան հավաքվել էին նրա առանձնատան մոտ, Սերժ Սարգսյանն ասել էր, թե նրանց համար կառուցվող շենքի աշխատանքները կատարվում են:

Երեկ էլ կոնդեցիներին ասել է «Ուրեմն զբաղվում ենք» եւ հեռացել է՝ անտուն մնացած 200 ընտանիքի հարցը կրկին անգամ թողնելով առկախ:

Թե ինչպես է «զբաղվում»՝ ոչ ոք չգիտի: Կոնդեցիները եւ բոլորն, օրինակ, գիտեն, որ նախորդ օրը Սերժ Սարգսյանը զբաղված էր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան քեֆին մասնակցելով:

Բոլորս գիտենք, որ նա հաստատ զբաղված է եւ զբաղվում է ծնունդ-կնունք-հարսանիքներին ակտիվորեն մասնակցելով:

Բայց երբ կոնդեցիներին վստահեցնում է, թե նրանց խնդրով զբաղվում է ու իրողությունն այն է, որ խնդիրը չի լուծվել մինչև հիմա՝ մնում է զարմանալ Սերժ Սարգսյանի «Ուրեմն զբաղվում ենք» ասածի վրա:

Պատկերացրեք, մարդը վարչապետական աթոռից տեղափոխվել է նախագահական աթոռին, հետո նախագահական երկրորդ ժամկետն է սկսվել ու մնացել է նույն աթոռին, եւ այս երկար ու ձիգ յոթ տարիների ընթացքում այնպես է «զբաղվել» կոնդեցիների խնդրով, որ թաղամասի բնակիչների մի մասը արտագաղթել է, մի մասը մահացել է, մի մասն էլ պարբերաբար «հերթապահում» է Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ, որպեսզի ամեն անգամ նրան նորից ներկայացնեն խնդիրը:

Բայց հարցը միայն տնազուրկ դարձած կոնդեցիները չեն:

Սերժ Սարգսյանը երկրում կուտակված բոլո՛ր խնդիրներով է այսպես «զբաղվում»:

Դրա համար էլ պետք չէ զարմանալ, որ ոչ մի խնդիր չի լուծվում: Որ բնագավառով «զբաղվում» է՝ փուլ է գալիս կամ հետընթաց է արձանագրվում:

«Զբաղվում» է տնտեսությամբ՝ այն քանդվում է։ «Զբաղվում» է աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման, արտագաղթի կասեցման, կոռուպցիայի դեմ պայքարի գործով՝ հակառակ էֆֆեկտն է ստացվում. աղքատությունն ու կոռուպցիան աճում են, աշխատատեղեր էլ չկան, արտագաղթն էլ ահագնանում է:

Ընդհանրապես, երկրի ներքին ու արտաքին քաղաքականությամբ «զբաղվելու» նրա գործելաոճն ակնառու է եւ չարժե մանրամասնել: Երկրի ու ժողովրդի համար վնասակար ու վտանգավոր այդ «զբաղմունքը» բոլորս ենք տեսնում:

Երեքուկես տարի էլ «զբաղվում» էր եվրաասոցացման բանակցություններով ու տեսանք արդյունքը: Հիմա էլ «զբաղվում» է եվրասիական բանակցություններով և արդյունքները կրկին տեսանելի են։

Այնպես, որ «Ուրեմն զբաղվում ենք»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը