Կարծիք

16.07.2014 10:43


Էդվարդ Անտինյան.

Էդվարդ Անտինյան.

Այս օրերին իշխանական քարոզչամեքենան` «անկախ» մամուլը, մի առանձնահատուկ պաթոսով է խոսում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականության մասին:

Կարծում են, որ եթե պատերազմի քարոզ անեն, դա գոնե մեր հասարակությանը կհամախմբի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի շուրջը, կամ էլ նրան քննադատողներին կկարողանան կշտամբել, թե՝ երկրի համար այս ծանր պահին դրա ժամանա՞կն է:

Իրականում աթոռի մոտալուտ կորստից տագնապահար Սարգսյանը փորձում է իր ներքին խուճապը տարածել ողջ երկրով մեկ՝ դա վերագրելով մոտալուտ պատերազմին: Պատահական չէ, որ սեփական վախերը ժողովրդին վերագրելու ակնկալիքով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, եթե ժամանակին Ադրբեջանին մեր ռազմավարական գործընկերոջ կողմից միլիարդավոր դոլարների զենքի վաճառքին հեգնանքով էր արձագանքում, թե դա իրեն չի անհանգստացնում, ապա արդեն օրեր առաջ մեր ժողովրդի անունից իր մտահոգությունն էր հայտնում նույն առիթով:

Թեպետ զինադադարից հետո Ադրբեջանի հետ մեր սահմանների վրա լարվածություն միշտ էլ եղել է, բայց 20 տարի թշնամին պատերազմը չի վերսկսել, այն դեպքում, երբ շփման գծում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայված չեն: Այսինքն՝ խաղաղությունը պահպանվում է բացառապես մեր շնորհիվ ու նաև այն պատճառով, որ Ադրբեջանը բավարար ռեսուրս չունի հարձակողական պատերազմ վարելու համար: Եվ չպետք է մոռանալ, որ ստատուս քվոյի՝ այսքան տարի պահպանվելու պարագայում Ալիևին հաջողվել է իր դիրքերն ամրապնդել այն աստիճան, որ որքան ուզենա, այդքան անգամ էլ նախագահ կդառնա: Ուրեմն, եթե անգամ նվազագույն հավանականություն տեսնի, որ կարող է սկսել պատերազմն ու պարտվել, ապա այդ քայլին հաստատ չի գնա, մանավանդ որ պարտության դեպքում նա կկորցնի իր պաշտոնը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բացի այդ, միջազգային հանրությունը չի խրախուսում Ղարաբաղյան հարցի լուծումը պատերազմի ճանապարհով:

Ու եթե Ադրբեջանը, վերը նշված գործոններով հանդերձ, գնա այդ քայլին ու դիմի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, կնշանակի՝ բոլոր պայմանները ծանրութեթև անելուց հետո է կայացվել այդ որոշումը: Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի պատասխանատու են լինելու դրա համար, քանզի միայն ձախողված երկրի պարագայում Ադրբեջանը ռիսկ կանի հարձակվել։

Եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ Ալիևը հաշվի ու եզրակացնի, որ կարող է հաջողության հասնել և գնա արկածախնդրության, ապա պատերազմի վերսկսման դեպքում ոչ թե պետք է համախմբվել Սարգսյանի շուրջ, այլ առաջին հերթին նրան հեռացնել նախագահի պաշտոնից (եթե, իհարկե, Սարգսյանի հեռացումը տեղի չունենա մինչև այդ), քանի որ նրա նման գերագույն գլխավոր հրամանատարի պարագայում պատերազմում մեր պարտությունը կանխորոշված է, ու դա գիտի նաև թշնամին: Էլ չեմ խոսում այն մասին, որ դրա վերսկսման ամբողջ մեղքը գործող նախագահինն է լինելու: Եվ, ինչպես ասում են. «Ահի տարին ինչ էր, որ մահի տարին ինչ լինի»:

Ասել է թե՝ խաղաղ պայմանների իր քաղաքացիական գլխավոր հրամանատարի պաշտոնում Սարգսյանը երկիրը հասցրեց սնանկացման եզրին, թաղեց պարտքերի մեջ, արտագաղթը հասավ աղաղակող չափերի, երկրի ապագայի հանդեպ հավատը վերացավ, դրսի մեր գործընկերների, գերտերությունների ու միջազգային ազդեցիկ կառույցների հետ վատացան հարաբերություններն այն աստիճան, որ բոլորն էլ ուզում են մեզ պատժած լինել մեր բազմավեկտոր «քցողական» արտաքին քաղաքականության պատճառով:

Ու եթե հաղթելու համար ռազմական հզորությունից առավել կարևոր են բանակի մարտունակությունն ու երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա այժմ այս ուղղություններով էլ ենք շեշտակի անկում արձանագրել այս տարիներին: Այնպես որ, «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» ռազմավարական այս կարգախոսը մեր դեպքում չաշխատեց, քանի որ կյանքը ցույց տվեց, որ Սարգսյանը խաղաղություն չէր ուզում, այլ՝ խաղաղ պայմաններում երկրի թալանելու անսահման հնարավորություն, ինչի արդյունքում էլ մեծացել է պատերազմի հավանականությունը:

Հետևաբար, պատերազմն այսօր կանխելու համար պետք է վիճակ փոխել Երևանում, այսինքն՝ գնալ իշխանափոխության։

Իշխանափոխությունն այլևս իշխանության համար դասական պայքար չէ մեր պարագայում։ Իշխանափոխությունը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու և պատերազմը կանխելու միջոց է, ինչպես նաև՝ զարգանալու և բեկում ապահովելու։

Սերժ Սարգսյանը դարձել է պարտությունների խորհրդանիշ, և նրան չի կարելի վստահել ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի գործը։

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202584973968078

Այս խորագրի վերջին նյութերը