Մեկնաբանություն

14.07.2014 20:32


Վիրտուալ «մահապարտների» եւ տոներից աչք չբացող Ս. Սարգսյանի պահվածքի մասին

Վիրտուալ «մահապարտների» եւ տոներից աչք չբացող Ս. Սարգսյանի պահվածքի մասին

Քարվաճառի տարածքում հուլիսի 11-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգությունից վիրավորված Կարինե Դավթյանի առողջական վիճակը կայուն է և դեպի լավն է գնում:

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:

Փառք Աստծո:

Այնուհանդերձ, հետաքրքիր է իմանալ ադրբեջանական կողմից դիվերսիոն գործողություններին հաջորդած օրերին կամուֆլյաժ հագած Տարոն Մարգարյանն ու նրա ենթակաները, որ այցելել էին դիրքեր եւ զորամասեր՝ հայ զինվորին «հերոսական ոգի» ներշնչելու համար՝ սույն կամուֆլյաժավորների «էլիտար» խումբը հետդարձի Ճանապարհին փորձե՞լ է արդյոք լինել հիվանդանոցում եւ պարզել Կարինե Դավթյանի առողջական վիճակը:

Թե՞, մեկնել էին դիրքեր միայն սելֆի անելու համար: Ինչն, իհարկե, հանրության քմծիծաղն առաջացրեց, քանի որ բանակում չծառայած Երեւանի քաղաքապետն իր կամուֆլյաժավոր տեսքով այլ զգացում չէր էլ կարող առաջացնել հանրության շրջանում (ոչ միայն նա):

Իհարկե, դիվերսիոն փոխհրաձգությունից վիրավորված հայ կնոջը Երեւանի քաղաքապետարանի «գեներալները» տեսակցության չեն գնացել:

Տարոն Մարգարյանի արտաբերմամբ, երեւի, այդ «խաշմերուկի» մոտով չեն անցել:

Պակաս հետաքրքիր չէ նաեւ իմանալ վերջին օրերին «պատրոնդաշին» կապած եւ Ֆեյսբուքյան «ռազմաճակատում» հերոսական հայտարարություններ արած քաղգործիչների պահվածքի մասին, ովքեր լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պատրաստ են անձնազոհաբար նետվել ռազմի դաշտ՝ պաշտպանելու իրենց երեխաներին:

Տեսնես, սրանք գնացե՞լ են հիվանդանոց՝ տեսակցելու վիրավորված հայ մայրիկին, ով երկու երեխա ունի:

Թե՞ միայն վիրտուալ տարածքում «մահապարտ» գրվելու մասին ճոռոմ հայտարարություններն են միայն հավեսով տարածում, իսկ հիվանդանոցում հայտնվելու հավես չունեն:

Անշուշտ, սրանք միայն կարեւորում են սեփական ֆեյսբուքյան էջի տարածքում հնարավոր «ազատամարտին» հնարավոր մասնակցության հարցը: Այդ տարածքից դուրս չարժե գործունեություն ծավալել, քանզի սեփական փիառն անելու հնարավորություն չկա:

Սակայն ամենազարմանալին Սերժ Սարգսյանի կեցվածքն է:

Մեկնում էր Հարավային Ամերիկա՝ սահմանում անհանգիստ էր, վերադարձել է՝ դարձյալ սահմանում իրավիճակը հանգիստ չէ: Բնականաբար, նա տեղյակ է դիվերսիոն խմբի ներթափանցման եւ դրա ցավալի հետեւանքների մասին:

Սակայն մեկնելուց առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը նրանց ազգային տոնն էր նշում, իսկ վերադառնալով Հայաստան՝ հիմա էլ Ֆրանսիայի դեսպանատանն է վերջինիս ազգային տոնը նշում:

Այս ընթացքում ոչ մի խոսք մեր սահմանում տիրող իրավիճակի, կատարված դիվերսիայի մասին:

Մարդը տոներից աչք չի բացում, քիթ սրբելու ժամանակ չունի:

Ուրեմն՝ ո՞նց խոսի կամ խոսի, որ ի՞նչ անի: Մանավանդ, երբ երկու օր առաջ հրավիրած ասուլիսում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարեց, թե կապ չունի, որ կողմն է խախտում զինադադարը, դիվանագիտական կանոնի համաձայն, խաղաղությունը պահպանելու կոչ է արվում երկու կողմերին էլ:

Դե, իսկ Ռենոյից առաջ էլ ամերիկացի դիվանագետներն ինչ պետք է՝ ասել են. «Ստատուս-քվոն վտանգավոր է, պատրաստվեք հանձնել յոթ շրջանները»:

Այսքանից հետո Սերժ Սարգսյանը խոսի, որ ի՞նչ անի, երբ մանավանդ այլոց ազգային տոների մեջ է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը