Կարծիք

11.07.2014 00:16


Աշոտ Սուքիասյանը «պետական գաղտնիք» է բացահայտել։

Աշոտ Սուքիասյանը «պետական գաղտնիք» է բացահայտել։

ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ» Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով երաշխիքներ տվեցին գործարար Աշոտ Սուքիասյանին, որպեսզի նա բերանը փակ պահի և իր գործընկերների անունները չհրապարակի կամ հրապարակի գիտաֆանտաստիկ մի պատմություն: Անգամ մինչ նրա արտահանձնումը նախկին վարչապետին Սերժ Սարգսյանը նշանակեց դեսպան՝ դրանով ապացուցելով, որ Տիգրան Սարգսյանը վայելում է գործող նախագահի անվերապահ աջակցությունը, այնուամենայնիվ, «օֆշորային» սկանդալի հիմնական դերակատարներից հանդիսացող Աշոտը չի հավատում անգամ ամենբարձր մակարդակով տրված երաշխիքներին: Դա է պատճառը, որ նա զգուշավոր ձևով ինֆորմացիոն թեթև արտահոսքեր է ապահովում՝ հասկացնել տալով, որ եթե իրեն չօգնեն, ապա ստիպված կլինի ավելին ասել:

Փաստորեն, Աշոտ Սուքիասյանը հա՛մ ասում է, որ ինքն է փաստաթղթերում կեղծել Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի ստորագրությունները, հա՛մ պարզաբանում, որ եթե դա չարվեր, ապա իր բիզնեսը վտանգված կլիներ:

Հա՛մ փորձում է հավատացնել, որ հիշյալ երկու ընկերները տեղյակ չեն եղել, որ իրենց անունով գումար է գցված, համ էլ գործի ընթացքից մեզ հայտնի է, որ բանկը մի առանձնահատուկ հոգատարությամբ է տրամադրել վարկը, կատարել փոխանցումները, հետ ստացել գումարները Կիպրոսից, ու այստեղ ուղղակի անհնարին է չնկատել այս գործարքի հովանավոր աջը: Եվ, անկախ նրանից, որ այս ամենին խառն է բարձրաստիճան հոգևորական, սա հաստատ Աստծո աջը չէ, այլ՝ տեղական նշանակության աշխարհիկ պաշտոնյայի:

Լավ, այս խարդախ գործարարը պետք է, չէ՞, որևէ արտոնություն ստանա, այլապես ինչո՞ւ պետք է լռի: Եթե ոչ ոք մեղավոր չէ, հո չե՞ք կարծում, որ մեր իշխանավորներն օպերատիվ խումբ կուղարկեն Սիերա Լեոնե ու այնտեղից բերման կենթարկեն մի հայտնի ավազակի, որը կխոստովանի, որ կերել է Աշոտ Սուքիասյանին, ինչի պատճառով էլ խափանվել է այս գործարքը:

Այնպես որ, այն օրին ենք հասել, որ ամաչում եմ մտածել անգամ, որ Սերժ Սարգսյանի խոսքին, նրա տված երաշխիքին չի հավատում անգամ բանտում հայտնված «գործարարը», քանի որ տեսնում է, թե նրա խոսքն ինչ արժեք ունի, որ, ինչպես ասում են, Սարգսյանի բերանում «չէ» բառը չկա, «հա»-ի մեջ էլ զորություն չկա:

Ախր, թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս ՀՀԿ ղեկավարը կարող է մի բան ասել ու լրիվ այլ բան անել։ Քաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում էլ կարող է Տիգրան Սարգսյանին «մատաղ» անել, մանավանդ, որ նրա դեմ բոլոր կոմպրոմատներն իր ձեռքում են, ինչի արդյունքում Աշոտն ուղղակի կկործանվի:

Դե, ով իրեն չի ապահովագրի մեկից, եթե հիմա էլ Լատինական Ամերիկայում ռուսներից է բամբասում, թե՝ «Հայ ժողովուրդը շատ է մտահոգ, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին»:

Մոռացել է, որ երբ դա քննադատվում էր այստեղ, ինչ են ասել մեր պաշտոնյաներն այդ մասին, ինչպես են փորձել փարատել մեր մտահոգությունը: Իսկ հիմա նրանք բոլորն էլ, մեղմ ասած, հիմար վիճակում հայտնվեցին, ու թե ինչպես են այդ խոսքերի տակից դուրս գալու, անգամ դժվարանում եմ ասել:

Այո, միգուցե դիվանագիտությունը տղայություն անելու տեղ չէ, բայց որ ղզիկություն անելու տեղ էլ չէ, դա հաստատ: Մտածե՛ք այս ուղղությամբ, պարո՛ն Սարգսյան, ու եթե լրջանալու պահը բաց եք թողել, էլ ե՞րբ եք ունենալու բարենպաստ հնարավորություն. արդեն 60 տարեկան եք:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202552655680141

Այս խորագրի վերջին նյութերը