Մեկնաբանություն

10.07.2014 11:22


Օլիգարխ թութակի շարքային թութակները

Օլիգարխ թութակի շարքային թութակները

Եթե ցանկություն կա փչացնել հայ–ամերիկյան հարաբերությունները, ապա պետք է Հայաստանում հանդուրժել դեսպան Ջոն Հեֆերնին, իսկ Միացյալ Նահանգներում հաստատել Տիգրան Սարգսյանի «ագրեմանը»։ Առայժմ ամեն ինչ այդպես է գնում։

Հայ–ամերիկյան հարաբերությունները նաև այս մարդկանց շնորհիվ օր օրի վատանում են։

Գլխավոր մեղավորն, անշու՛շտ, Սերժ Սարգսյանն է՝ իր «նախաձեռնողական» ու «արևմտամետ» քաղաքականությամբ, բայց ՀՀ–ի և ԱՄՆ–ի դեսպաններն էլ ամեն ինչ անում են Սերժից հետ չմնալու համար։

Հեֆերնը Հայաստանում երկու բանով է զբաղված՝ 1. փաստաբանություն է անում՝ ՀՀ իշխանությունների ապօրինություններն արդարացնելու նպատակով (թերևս ոչ առանց «ատկատային» շահի) և 2. թութակի պես կրկնում է, թե հայերը պետք է Ադրբեջանին հանձնեն Ղարաբաղի 7 շրջանները։

Պարզվում է՝ այս թութակն իր համար փաստաբանություն անող տեղական արտադրության թութակներ ունի։ Ճիշտ այն անեկդոտի պես, երբ օլիգարխ թութակն ալարում է բառեր կրկնել ու իր մոտ շարքային թութակ է պահում։

Մեզանում այդ շարքային թութակի դերը կատարում են «արևմտամետ» և «անկախ» ներկայացող լրատվամիջոցները, «փորձագետ» կոչվածներն ու «շտամպովկա» անող «վերլուծաբանները», որոնք իրականում Հայաստանի 5–րդ շարասյունն են և աշխատում են թուրք–ադրբեջանական քարոզչամեքենայի հետ համահունչ։

Այդ շարքային թութակներն, ուրեմն, Հեֆերնի ամեն մի հակահայ հայտարարությունից հետո շտապում են իրենց փայ թութակությունն անել՝ արդարացնելով օլիգարխ թութակի ասածներն ու մի հսկայական դավադրության տեսություն մատուցելով հանրությանը՝ «Քանի ոչխարի էլ խաբենք ու համոզենք, էլի քյար ա» տարբերակով։

Տնաբույծ թութակների ներկայացրած պատկերը հետևյալն է. «Գիտե՞ք, թե ինչու են ամրիկացիներն ամեն օր հայտարարում յոթ շրջանները հանձնելու և ստատուս քվոյի փոփոխության անհրաժշտության մասին։ Նրանք այդպիսով ուզում են կանխել ռուս–թուրք–ադրբեջանական գործարքն՝ ընդդեմ Հայաստանի։ Հայտարարելով յոթ շրջանները հանձնելու մասին՝ նրանք մեր լավն են ուզում և փորձում են շոկի ենթարկել հայերին, որպեսզի մենք ուշքի գանք ու ոտքի կանգնենք՝ խափանելով ռուս–թուրք–ադրբեջանական գործարքը»։

Տրամաբանության մայրիկն, ինչպես ասում են, լացացրել են «անկախները», բայց դե, ուրիշ ճար չունեն. բա ինչպե՞ս արդարացնեն օլիգարխ թութակին։

Փաստորեն, ստացվում է, որ ամերիկացիները հայերի շահերից ելնելով են կոչ անում հանձնել յոթ շրջանները։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

«Անկախները», ի դեպ, չեն մոռանում այս ապուշությունները մատուցելուց զատ՝ ներկայացնել իրենց գլխավոր «մեսիջը», ըստ որի՝ եթե Ղարաբաղում վատ զարգացումներ լինեն, ապա դրա մեղավորը կլինեն Կրեմլը և հայ ժողովուրդը։ Կրեմլը, քանի որ դա Կրեմլն է, իսկ հայ ժողովուրդը, քանի որ չլսեց ամերիկացիներին ու յոթ շրջանը հանձնելու կոչը հակառակ իմաստով չհասկացավ։ Այդպիսով նրանք ուզում են փրկել իրենց հիմնական պատվիրատուի՝ Սերժ Սարգսյանի հետույքը։

«Վերջի բոլշևիկը» չկա «անկախների» վերլուծություններում։ Նրանք «գեոպոլիԾիկ» նյութեր են ներկայացնում ու հայ ժողովրդին առաջարկում պահանջել ... Պուտինի հրաժարականը, քանզի այդպես ավելի անշառ է և լավ վարձատրվող։

Իրականությունն այն է, որ Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ ընթացող բացասական զարգացումների թիվ մեկ մեղավորը Սերժ Սարգսյանն է։ Մոսկվան ու Վաշինգտոնը շարժվում են իրենց շահերով, և այդ շահերը հակադիր են։

Սերժ Սարգսյանը միջազգային հարաբերություններում օբյեկտի է վերածել Հայաստանը, և ուժային կենտրոնները շտապում են իրենց փայը պոկել այդ օբյեկտից։ Դա է պատճառը, որ ԱՄՆ–ն ամեն օր պահանջում է Հայաստանից կապիտուլացվել, քանզի ՀՀ իշխանություններն անհեռատեսություն են ունեցել՝ հզորների բախման մեջ դառնալ կողմ, ընդ որում՝ ոչինչ չվերցնելով դրա դիմաց (օրինակ՝ Մոսկվայի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը Հարավային Օսիայի կամ Աբխազիայի տարբերակով)։

Սերժը Հայաստանը դարձրեց մրցակցության կռվադաշտ ռուսների ու ամերիկացիների միջև։ Արդյունքում՝ Մոսկվան ու Վաշինգտոնը փորձում են իրարից առաջ ընկնել Բաքվին իրենց կողմը ներգրավելու հարցում։

Հայաստանին որևէ մեկն արդեն լուրջ չի վերաբերվում։ Ու քանի որ Սերժը սեփական նախաձեռնությամբ հայտնվել է Կրմելի «պադվալում», Պուտինն այդ մասով «արխային» է և ուզում է նվազագույն գնով ԵՏՄ մտցնել Բաքվին՝ բնականաբար, ղարաբաղյան խաղաքարը սեղանին դնելով (այդ առումով Մոսկվային անհրաժեշտ բոլոր հայտարարությունները Սերժն անում է իր կամ գեղամյանների շուրթերով)։

Ամերիկացիները Մոսկվայի հնարավորությունն այս տարածաշրջանում չունեն ու ստիպված Ղարաբաղի մասով ավելի գայթակղիչ առաջարկներ են անում Ալիևին, որպեսզի կարողանան իրենց տարածաշրջանային շահերն առաջ մղել։ Շահեր, որոնք կտրուկ հակասության մեջ են մտել հայկական և հարյուր տոկոսով ներդաշնակվել թուրք–ադրբեջանական շահերի հետ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության պատճառով։

Ամերիկացիների ներկայիս հակահայ դիրքորոշման արմատները պետք է փնտրել «արևմտամետ» Սերժ Սարգսյանի սխալի մեջ, երբ որոշում կայացվեց հրաժարվել կոմպլեմենտար քաղաքականությունից։

Այս պայմաններում բնական է, որ մենք զրկվենք դաշնակիցներից և՛ Հյուսիսում, և՛ Արևմուտքում։

Սա՛ է իրականությունը, այլ ոչ թե այն հեքիաթը, որն ուզում են հրամցնել «անկախներն» իրենց «մուտիլովշիկական» երևակայությամբ։

Վերադառնալով օլիգարխ թութակին՝ պետք է նշել, որ որքան էլ նա ամեն օր հայտարարի, թե հողերը պետք է հանձնել, ու միևնույն ժամանակ արդարացնի իշխանությունների կոռուպցիոն գործունեությունը, միևնույն է, ոչնչի չի կարող հասնել։ Ավելի ճիշտ, կհասնի հայ–ամերիկյան հարաբերությունների վատացմանը, որին կնպաստեն նաև օլիգարխ թութակի շարքային թութակները։

Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ են զարգացող հարաբերություններ Արևմուտքի և ռազմաքաղաքական հարաբերություններ՝ Ռուսաստանի հետ։ Սերժը երկու ուղղությամբ էլ ձախողվել է, և միայն իշխանափոխությունը կշտկի իրավիճակն, ու մենք կվերականգնենք հայ–ամերիկյան ու հայ–ռուսական հարաբերությունների մակարդակը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը