Կարծիք

09.07.2014 20:43


Արմեն Հարությունյան. «Հիմա ո՞ր հյուսիսկորեացին է դժգոյում Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունից»

Արմեն Հարությունյան. «Հիմա ո՞ր հյուսիսկորեացին է դժգոյում Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունից»

Մարդկության պատմությունը քիչ դեպքեր չի արձանագրել՝ դաժան կամ համեմատաբար մեղմ, ինքնագոհ կամ կոմպլեքսավորված բռնապետերի մասին: Դրա հետ մեկտեղ նաև տեսել ենք օտար զավթիչներ՝ ինչ տիպի ասես, այդ իսկ պատճառով տարբերակված մոտեցում ենք ցուցաբերվում յուրաքանչյուր դեպքի: Չէ՞ որ ժամանակին թե՛ վայրենիներն են ասպատակել քաղաքակրթական բնօրրանները, թե՛ հզոր ու զարգացած կայսրություններն են իրենց տիրույթներն ընդլայնելու նպատակով վայրենիներին ենթարկեցրել, ասել է թե՝ շահագործելուն զուգահեռ նաև զարգացրել: Այնպես որ՝ ոչ բոլորին է «բախտ» վիճակվել, որպեսզի իրեն արածները վանդալիզմ որակվեն:

Այդ տեսանկյունից պատմությունից երկու դեպք կառանձնացնեի՝ կործանարար էֆեկտով իրար շատ նման. երբ վանդալների առաջնորդ Գեյզերիխը գրավեց Հռոմը ու երբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ Բաղրամյան 26-ը: Իսկ եթե հաշվի առնենք, որ առաջինը տեղի է ունեցել 5-րդ դարում, իսկ երկրորդը՝ 21-րդ, ապա բացասական ազդեցության գործակիցը կհավասարեցնի այս երկու երևութներն իրար:

Վանդալներն ավերում էին Հռոմի մշակութային արժեքները, իրականացնում վայրի ու անողոք թալան, ամենուր հաստատում իրենց վարքնուբարքը, պարտադրում իրենց արժեքները: Իսկ հիմա տեսնենք՝ շա՞տ է տարբերվում մեր երկրի մշակութային արժեքների ավերումն ու ազգային ունեցվածքի այս հրեշավոր թալանը՝ վերը նկարագրվածից, երբ ամեն ինչ պետք է որոշի մեկ մարդ, և այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է. իր ճաշակով ու նեղմիտ աշխարհայացքով:

Եվ պետք չէ միամիտ պատկերացում ունենալ, թե եթե Սարգսյանն այդքան վատ կառավարիչ է, ապա ինչպե՞ս ենք այդ մասին այսպես ազատ արտահայտվում: Սա էլ ունի իր բացատրությունը. երկիրն այնքան են աղքատացրել, որ անգամ նորմալ բռնապետություն հաստատելու ռեսուրս չունեն, տնաշենները: Չէ՞ որ դրա համար մեծ միջոցներ են հարկավոր, որպեսզի բոլորին հսկեն ու վրաները կոմպրոմատ հավաքեն: Ուստի, մեր իշխանավորները ստիպված շարժվում են Ուոլտեր Լիպմանի մի քիչ ցինիկ տեսության տրամաբանությամբ. «Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքական հակառակորդների ազատ խոսքի իրավունքը՝ պետք է չէ՞ իմանանք, թե ինչ են նրանք մտածում»: Իսկ հիմա նստած ընդամենը «սև» ցուցակներ են կազմում՝ յուրաքանչյուրի հրապարակային գործունեության արդյունքում:

Ու երբ մեզանում ամեն օր պայքար է գնում մշակութային կամ բնապահպանական վանդալիզմի դրսևորումների դեմ. սրանք հետևանք են քաղաքական վանդալիզմի, ու ընդվզման լոկալ դրսևորումները մեծ հաշվով արդյունավետ լինել չեն կարող, և ուզենք, թե չուզենք. ցանկացած քաղաքացիական շարժում ի վերջո քաղաքականացվելու է, եթե արդյունք ենք ակնկալում: Եվ քանի դեռ երկրում մնացել է բավարար ռեսուրս այս իշխանությունից ազատվելու՝ չի կարելի այս շանսը բաց թողնել, այլապես եթե Սարգսյանին հաջողվի մի քանի տարի էլ պաշտոնավարել, այլևս դժգոհողներ էլ չեն մնա մեր երկրում. հիմա ո՞ր հյուսիսկորեացին է դժգոյում Կիմ Չեն Ընի վարած քաղաքականությունից:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1438298136441969&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը