Քաղաքական

09.07.2014 11:56


Արթուր Բաղդասարյանը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից

Արթուր Բաղդասարյանը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից

«Հայաստանում ձևավորվել է միահեծան, առանց իրական հակակշիռների միակուսակցական համակարգ»,–այսօրվա ասուլիսին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Բանախոսը ներողություն խնդրեց քաղաքացիներից ՕԵԿ–ի թույլ տված սխալների համար՝ ընդգծելով, որ կոալիցիայից դուրս գալուց հետո իրենք եկել են մի շարք եզրահանգումների։

«Տնտեսության մեջ առաջացել է անորոշություն, մենք շարունակում ենք ապրել «յոլա գնալու» տարբերակով։ Շարունակվում է արտագաղթը, մտահոգիչ են զանգվածային գործազրկությունը, շարունակական է գնաճը... Հայաստանում կա միտում անօրինականությունների լեգիտիմացման։ Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն ունի մտահոգիչ զարգացումներ. Հայաստան-ԵՄ բարեփոխումների օրակարգը գտնվում է ոչ ցանկալի հիմքերի վրա, խիստ դանդաղ ընթացքի մեջ է, նույնը վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը։ Տեսնում ենք գործընթաց, որը մեզ հիմքեր չի տալիս դրական եզրահանգումներ անելու»,-ասել է ՕԵԿ նախագահը՝ նշելով, որ ելքերն առաջարկվելու են կոնկրետ քայլերով։

Բաղդասարյանը հայտնել է նաև, որ կուսակցությունն ակտիվ մասնակցելու է հանրահավաքային պայքարին, անելու է համագործակցության առաջարկներ։
Անդրադառնալով օգոստոսի 1-ից սպասվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը՝ բանախոսն ասել է, որ կուսակցությունը վիճարկելու է այդ որոշումը։

«Խնդիրը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի։ Հարցը վերաբերում է նաև ոչ գազի սակագնի բարձրացմանը։ Գազի գնի թանկացումից հետո երկու տոկոսով ավելացել է «Գազպրոմ Հայաստանի» շահույթը: Ինչո՞ւ պետք է գազի դեպքում շահույթը կազմի երկու տոկոս, իսկ էլեկտրաէներգիայի պարագայում` 14 տոկոս»,–ասել է ՕԵԿ առաջնորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը