Մեկնաբանություն

08.07.2014 22:38


Ինչու՞ են ամերիկացիները պահանջում Հայաստանի կապիտուլյացիան

Ինչու՞ են ամերիկացիները պահանջում Հայաստանի կապիտուլյացիան

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են և լարված։ Անկախության առաջին օրվանից սկսած նման բան երբեք չի եղել։

ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ մտնելն ու մեկ գիշերում դրանից հրաժարվելը, ինչպես նաև Ռուսաստանի ձեռքում կամովին գործիք դառնալն անհետևանք չի մնացել։

Ամերիկացիների հակահայ քայլերն ու հայտարարությունները պարզապես ագրեսիվության են վերածվել։ Դրա մեղավորը, բնականաբար, «Վերջի բոլշևիկն» է, ով բոլորին «այո» ասելով՝ առևտրի առարկա դարձրեց Հայաստանն ու Ղարաբաղը։ Եվ հիմա խոշոր խաղացողները շտապում են իրենց փայը տանել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան ներկայացուցիչ Ուորլիքը և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը (չհաշված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին) գրեթե ամեն օր հայտարարում են, որ հայերը պետք է դուրս բերեն զորքերը Ղարաբաղի 7 տարածքներից, և որ ստատուս–քվոն անընդունելի է։ Հայաստանի իշխանությունները կողմ են ամերիկացիների ասածներին (Հայաստանի իշխանությունները դրսի բոլոր ուժերի ասածներին էլ կողմ են, միայն թե մի քիչ փող տան), բայց նրանց հասկացնում են, որ իրենք այլևս հարց չեն լուծում և Ղարաբաղի հարցով պետք է բանակցել Մոսկվայի հետ։

Արդեն որևէ խոսք չի գնում փոխզիջումների տարբերակով Ղարաբաղի խնդրի լուծման մասին։ Օրակարգում միայն հայկական կողմից զիջումներ կորզելն է, ավելի ճիշտ՝ մեր կապիտուլյացիան։

Մոսկվան ու Վաշինտգտոնն մրցավազքի մեջ են՝ Բաքվին իրենց կողմը գրավելու նպատակով։ Ռուսահպատակի վերածված Սերժը համաձայնել է սպասարկել Մոսկվայի շահերն այնպես, ինչպես մինչև 2013թ. սեպտեմբերի 3ը, այն է՝ մինչև Մաքսային միություն մտնելը, սպասարկում էր Արևմուտքի շահերը՝ ընտրակեղծիքների վրա աչք փակելու և փող հատկացնելու դիմաց։

Այժմ ամերիկացիները, փորձելով հետ չմնալ Մոսկվայից, ագրեսիվացել են ու Մոսկվային թույլ չեն տալիս Ալիևի հետ բանակցել ԵՏՄ մտնելու շուրջ։

Ամերիկացիների ագրեսիվությունը դրևսորվում է Հայաստանի կապիտուլյացիան ենթադրող կոչերի ու պահանջների տեսքով։ Այդպիսով ամերիկացիներն ուզում են ռուսներից վերցնել նախաձեռնությունն, ու Ալիևի համար ավելի ընդունելի դիրքորոշում որդեգրել Ղարաբաղի և Հայաստանի հարցում։

Պաշտոնական Երևանը հրաժարվել է մեր շահերը ներկայացնել։ Այս պայմաններում պարզ է, որ դրսի ուժերն ընդամենը որպես օբյեկտ են դիտարկելու Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ։

Սերժը Հայաստանն ու Ղարաբաղը վերածել է անտեր տարածքի։ Դրա համար էլ գերտերություններն ուզում են տիրություն անել այն, ինչն ընկած է գետնին։ Այստեղից էլ այն ագրեսիվությունը, որը ցուցաբերում են ամերիկացիները։

Առայժմ բախտներս բերում է, որ ռուսները չեն կարողանում լեզու գտնել ադրբեջանցիների հետ, քանզի Կրեմլի շահերից չի բխում Ղարաբաղում ստատուս–քվոյի խախտումը։

Ռուսներն ուզում են ադրբեջանցիներին ԵՏՄ բերել ստատուս–քվոն չխախտելով կամ գոնե աննշան խախտելով։ Ամերիկացիները դեմ են դրան ու ռուսներից անընդհատ առաջ են ընկնում՝ պրոադրբեջանական հայտարարություններ անելով և Հայաստանի վրա ճնշումը մեծացնելով։

Հույսներս հիմա Ալիևի էշության ու ագահության վրա է։ Թե չէ Սերժը Գեղամյանի շուրթերով համաձայնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել (ներառյալ՝ ԼՂՀ–ն), ինչպես նաև համաձայնել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի ասածների հետ՝ «Լռությունը համաձայնության նշան է» ծրագրի շրջանակներում։

Հայաստանն այժմ, պատկերավոր ասած, մազից է կախված։ Ստատուս քվոն պետք է պահել ու դա պետք է անել վերադառնալով հավասարակշռված ու կոմպլեմենտար քաղաքականությանը։ Գիտակցու՞մ են այս ամենը մեր քաղաքական ուժերն ու հանրության լայն շրջանակները, կերևա առաջիկայում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը