Քաղաքական

07.07.2014 15:36


Մ. Թանդիլյան «Քանի դեռ պատասխաններ չե՛ք պահանջելու, դրանք չե՛ք ստանալու»

Մ. Թանդիլյան «Քանի դեռ պատասխաններ չե՛ք պահանջելու, դրանք չե՛ք ստանալու»

Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ ՀԾԿՀ կողմից որևէ ընդունելի հիմնավորում չի բերվել։

Էներգետիկ անվտանգությունը պահպանելու միակ նախադասություն–հիմնավորումն ինձ համար շատ քիչ է։ Ես պահանջում եմ բացատրել՝ իսկ ո՞վ է խաթարել այդ անվտանգությունը,–ասել է Մ. Թանդիլյանը՝ հավելելով, որ որպես քաղաքացի՝ ինքն իրեն խաբված է զգում.

–Զգում եմ մեկը, որից նորից գողանում են։ Մեր երկրում ապրող մարդիկ մի օր պետք է հասկանան, որ մեր երկրի ճակատագրի կերտողը մե՛նք ենք։ Եթե մենք չենք պայքարելու, չենք բողոքելու, մարդիկ, ովքեր կբարձրացնեն այդ հարցերը, կմնան օդում։ Ես ընդհանրապես ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ մենք պետք է իսկապես պատասխանատվություն վերցնենք մեզ վրա ու գիտակցենք՝ տարբեր բնագավառներում այս թանկացումն, ի վերջո, հանգեցնելու սոցիալական այնպիսի բեռի, որ մենք այլևս հանդուրժելու տեղ ուղղակի չունենք։

Նա նաև ավելացրել է, որ եթե ոմանց համար արտագաղթի և աղքատության տոկոսները պարզապես թվեր են, ապա քաղաքացիների համար իրենց բարեկամներն են, հարևաններն ու հարազատները։

–Ոմանց համար են դրանք թվեր։ Մե՛զ համար դրանք թվեր չեն. դա այն իրականությունն է, որտեղ մենք ապրում ենք։ Եվ մենք կարո՛ղ ենք փոխել դա, եթե սատարենք մարդկանց, ովքեր պայքարում են փողոցում,–ասել է Մ. Թանդիլյանը՝ բոլորին կոչ անելով մասնակցել բողոքի գործողություններին։

–Կոչ եմ անում ամեն հայի՝ պատասխանատվությո՛ւն զգացեք մեր երկրի համար և, վերջապես, պատասխաննե՛ր պահանջեք։ Քանի դեռ չե՛ք պահանջելու, դրանք չե՛ք ստանալու։ Դրանք ընդամենը մնալու են մի քանի մարդու բարձրացրած ձայն։ Կոչ եմ անում՝ սատարե՛ք փողոցում կանգնած մարդկանց, ովքեր պայքարում են ի՛մ համար, ձե՛զ համար, մեր ընտանիքների՛ համար, որ չգնան Հայաստանից, ծաղկեցնեն մեր երկիրը, ապրեն այստե՛ղ, վճարեն հարկեր այստե՛ղ և այստե՛ղ էլ պահանջեն իրենց համար բարեկեցիկ կյանք,–նշել է «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը