Կարծիք

07.07.2014 12:34


Սևակ Դանիելյան. Ե՞րբ է ԱՄՆ-ը խայտառակող Ջոն Հեֆերնը դառնալու ՀՀԿ անդամ` կուսակցական «զնաչոկով»

Սևակ Դանիելյան.  Ե՞րբ է ԱՄՆ-ը խայտառակող Ջոն Հեֆերնը դառնալու ՀՀԿ անդամ` կուսակցական «զնաչոկով»

Ցանկացած դեսպան, աշխատելով այն երկրում, որտեղ իրեն գործուղել է իր պետությունը, խնդիր ունի բարիդրացիական հարաբերություններ հաստատել ոչ միայն իր գործուղման երկրի իշխանությունների, այլ նաև հասարակության հետ: Դա և՛ իր երկրի իմիջն է բարձրացնում այդ հասարակության լայն զանգվածների մոտ, և՛ նպաստավոր պայմաններ ստեղծում երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարելավելու համար:

Սակայն հետևելով ԱՄՆ ներկայիս դեսպանի` մեր երկրում կատարվող գործողություններին՝ իմ մոտ ակամայից հարց է առաջանում, թե ե՞րբ է նա վերջապես դառնալու ՀՀԿ լիիրավ անդամ ու հպարտությանմբ կրծքին կրելու «ՀՀԿ զնաչոկը»:
Ինքնե՛րդ տեսեք. մեր հասարակության համար բոլոր կարևոր հարցերում Հեֆերնը պաշտպանում է իշխանություններին: Կեղծվում են ընտրություններ, նա այդ ընտրությունները «մեկ քայլ առաջ» է համարում: Որոտանի հէկն օրենքի խախտումով վաճառվում է, իսկ Հեֆերնը դա ողջունում է, այն էլ՝ այնպիսի ակտիվությամբ, որ ակամայից մտածում ես, որ նա ինչ-որ անձնական շահագրգռվածություն ունի այդ գործընթացում, ու դեռ մի բան էլ այդ հակաօրինական գործարքին փորձում է աշխարհաքաղաքական երանգ տալ: Պարտադիր կուտակային համակարգն ինքը Տիգրան Սարգսյանի հետ գրեթե նույն ակտիվությամբ էր քարոզում ու գովաբանում: Դրան էլ գումարած՝ Հեֆերնն իրեն թույլ է տալիս ոչ կոռեկտ կոչեր անել` հանձնելու հայկական հողերը ֆաշիստական Ադրբեջանին:

Նախ՝ սկսենք նրանից, որ Հեֆերնը ընդհանրապես իրավունք չունի խառնվելու մեր երկրի ներքաղաքական պրոցեսներին, իրավունք չունի ինչ-որ գնահատականներով հանդես գալու, քանզի այն, ինչ կատարվում է մեր երկրում, միայն մեզ է վերաբերվում: Երկրորդ՝ Հեֆերնը այդքան էնտուզիազմով պաշտպանելով Հայաստանում գործող ռեժիմը՝ իրականում ուղղակի վարկաբեկում է ԱՄՆ-ին մեր հասարակության աչքերում: Մարդիկ մտածում են, որ եթե ԱՄՆ-ը սենց քաղաքականություն և սենց մարդկանց է սատարում, ապա այդ երկիրը, մեղմ ասած, այնքան էլ ադեկվատ չէ, ինչպես շատերն են կարծում: Զարմանալի է նաև այն, թե ինչու ԱՄՆ իշխանություններն այս ՀՀԿ-ական դեսպանին հետ չեն կանչում մինչև նա իրենց վերջնականապես չի վարկաբեկել:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը