Կարծիք

05.07.2014 18:39


«Իսկ բանտում հիմա ընթրիքի ժամն է»

«Իսկ բանտում հիմա ընթրիքի ժամն է»

Այսօր Սահմանադրության օրն է: Եթե կառուցած լինեինք այն երկիրը, որի մասին ամրագրված է հենց առաջին հոդվածում՝ այս օրն իսկապես պետք է տոն լիներ մեզ համար: Բայց, սա Սերժ Սարգսյանի համար ընդամենը մեզ ձանձրացնելու մի հերթական առիթ էր՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին իր հերթական հիշատակումով:

Մենք էլ ձանձրացանք հիշեցնելով, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն այս պահին չկա:

Սարգսյանը բացարձակապես վստահություն չի ներշնչում հասարակության մոտ, որ կարող է երաշխավորը լինել սահմանադրական հանրաքվեի և նպաստել կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Եվ վերջապես, Սարգսյանը բացարձակապես շանս չունի՝ վերարտադրվելու իր մտադրությունը կյանքի կոչելու համար:

Բանն այն է, որ խիստ անորոշ է, թե առաջիկայում ինչ տնտեսական համակարգում կհայտնվի մեր երկիրը, որը աներկբա դառնալու է նաև քաղաքական համակարգ, ինչ է սպասվում Ղարաբաղին, ինչ է տեղի ունենալու տեսանելի ապագայում՝ աշխարհում, տարածաշրջանում ու մեր երկրում, բայց անորոշությունների այս շղթայի պարագայում՝ Սարգսյանի համար մի բան որոշակի է՝ նա համառորեն ջանում է ցանկացած իրավիճակում պահել աթոռը:

Խորհրդային միության ժամանակներից մի հրաշալի ֆիլմ ունենք՝ «Հաջողության ջենթլմենները», որում ներկայացվում էր, թե ինչ դժվարությամբ են կալանավորները փախնում բանտից. է՛լ ցեմենտի ցիստեռնի մեջ, է՛լ կիլոմետրերով քայլում, վազում, մի շան հալի հասնում հյուրանոց, բայց հասկանում են, որ շատ սոված են ու չգիտեն էլ, թե ինչպես են հացի հարցը լուծելու: Ու հենց այստեղ, տանջանքով ազատություն ձեռք բերած, Վասիլի Ալիբաբաևիչն ասում է իր պրագտմատիկ խոսքը. «А в тюрьме сейчас ужин, макароны»:

Այո՛, եթե ազատատենչությունդ բախվում է սովի զգացումի հետ և դու գերադասում ես երաշխավորված, ռեժիմով սնունդը, թեկուզ բանտում, ուրեմն արժանի չես ազատության:

Ցավոք, տարիներ շարունակ մեր Սահմանադրական դատարանը ղեկավարում է Վասիլի Ալիբաբաևիչի մտածելակերպի մի ստրկամիտ անձնավորություն, որը Սարգսյանի ընձեռած այս բանտային բարեկեցությունը գերադասում է արժանապատիվ ազատությունից, մարդ, որն այս ընթացքում իր կերպարով միայն վարկաբեկել է Սահմանադրությունը, իսկ հիմա էլ՝ սահմանադրական փոփոխությունները: Իսկ Սարգսյանի հույսը հենց նմանատիպ մարդկանց վրա է, որպեսզի իրեն մասնագիտորեն օգնեն՝ վերարտադրվել:
Բայց, որքան էլ այս տարիների ընթացքում մեր ժողովրդի արժանապատվությունը ոտնահարել են, հասցրել չքավորության եզրին, որ մի քանի հազար դրամով կարող են գնել նրան, նախ՝ նրանք մեծամասնություն չեն կազմում, այլապես ստիպված չէին լինի կեղծել ընտրությունները, եթե կարողանային գնել անհրաժեշտ ձայները, և հետո՝ անգամ այդ մարդիկ, եթե տեսնեն բարենպաստ հնարավորություն, իշխանափոխություն իրականացնելու ունակ քաղաքական թիմ, որի հետևից կարելի է գնալ ու հաղթել, կարող եք չկասկածել, որ իշխանության տված գումարը կշպրտեն նրա երեսին:

Վստահ եմ՝ առաջիկա աշնանը Ազատության հրապարակում առիթ կունենանք արժանապատիվ մարդկանց կենդանի հաշվառում անցկացնելու:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1436980283240421&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը