Կարծիք

03.07.2014 14:35


Արսեն Գևորգյան. «Միթե՞ սա պիտի հանդուրժենք»

Արսեն Գևորգյան. «Միթե՞ սա պիտի հանդուրժենք»

Նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ ինտեգրացիոն գործընթացները, դրանց բնույթն ու դինամիկան մեր տարածաշրջանում դարձել են չափից ավելի հրատապ թեմա: Երբ խոսում են Հայաստանի մասին, շատերը փորձում են առանձնացնել տնտեսական կամ նույնիսկ մշակութային ասպեկտներ կամ ՀՀ անվտանգությանը վերաբերվող հարցեր՝ դրանք ներկայացնելով որպես քաղաքական սպեկտրի բովանդակությունն ամբողջովին սպառող խնդիր: Այնուամենայնիվ, իմ կարծիքով, ինտեգրացիայի թեման մեզ վրա ավելի թանկ նստեց իմիջոլոգիական առումով: Նազարբաև-մազարբաևները Սերժ Սարգսյանին հրապարակավ «իջեցնում» են՝ նվաստացնելով նաև մեր երկիրը: Կիսիլյովներ-միսիլյովները գալիս են ու ասում են՝ ինչ ուզում են, ապա վերադառնում երկիր ու շարունակում նույն ոգով. այսինքն, ՌԴ-ում էլ թքած ունեցան, թե ինչ արձագանք եղավ Կիսիլյովի խոսքերին հայ հանրության կողմից: Նման օրինակներ շատ կարելի է բերել՝ տարբեր թեմաներով, բայց մեկ ընդհանուր սկզբունքով. մեզ ստորացնում են, մեր իմիջը հասցվել է 0-ի: Իսկ դա իր հերթին մեխանիկորեն նշանակում է, որ մենք այլևս չենք էլ դիտարկվում որպես կողմ, որպես սուբյեկտ, որպես միավոր, ում հետ պետք է հաշվի նստել. կոպիտ ասած, մեր երկիրը դառնում է ապրանք:
Հիմա հարց՝ արդյոք հնարավո՞ր էր պատկերացնել, որ ընդամենը մեկ մարդու պահվածքը (խոսքը, բնականաբար, Սերժ Սարգսյանի մասին է) կարող է նման հետևանքներ ունենալ մի ամբողջ երկրի համար, թեկուզև Հայաստանի նման փոքր ու նոր-նոր կազմավորվող երկրի: Մի՞թե մեկ մարդու ձեռքերում պետք է լինի ազգի ճակատագիրը, և վերջապես մի՞թե սա պիտի հանդուրժենք:

Արսեն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը