Կարծիք

03.07.2014 12:03


Մերի Մովսիսյան. «Շատ հավանական է, որ Հայաստանն այդպես էլ չանդամակցի ԵՏՄ–ին»

Մերի Մովսիսյան. «Շատ հավանական է, որ Հայաստանն այդպես էլ չանդամակցի ԵՏՄ–ին»

Երեկ Ղազախստանի արտգործնախարար Յերլան Իդրիսովը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին։ Իսկ սա նշանակում է, որ կարող է և չստորագրվել։
Հասկանալի է, որ Ղազախստանի և Բելառուսի համար Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին ի սկզբանե ողջունելի չէր, իսկ հիմա արդեն՝ Ռուսաստանի։ Շատ հավանական է, որ Հայաստանն այդպես էլ չանդամակցի ԵՏՄ–ին։ Վերջինը շատ լավ կլիներ երկրի համար, սակայն ոչ Սարգսյանի «և...և»–ից հետո։
Այս փուլում գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ միանշանակ չենք կարող տալ «Անդամագրվե՞լ, թե՞ չանդամագրվել ԵՏՄ–ին» հարցի պատասխանը. ո՞րն է մեզ համար ավելի շահավետ։
Անդամագրվելով՝ հարաբերականորեն կշահենք քաղաքականապես, սակայն տնտեսական բավականին լուրջ խնդիրների կբախվենք։ Մեր թույլ տնտեսությանն անդամ–պետությունները կարոտ չեն։ ԵՏՄ–ն ամեն դեպքում տնտեսական նախագիծ է, և ոչ ոք չի ցանկանա իր ուսերին վերցնել մեր կիսամեռ տնտեսության «լեշը»։ Դրա մասին ակնարկվել է, և անգամ ուղիղ տեքստով դեռևս 2013–ին բարձրաձայնել է Ղազախստանի դեսպանը Հայաստանում։
Սարգսյանին ի սկզբանե ասվել էր, որ Հայաստանը դատապարտված է հավասարակշիռ արտաքին քաղաքականությանը, սակայն նրա համար տեսական և ուտոպիկ մակարդակով «և...և»–ի գաղափարն ավելի հարազատ եղավ, քան երկրի ու ժողովրդի ապագան՝ առանց հաշիվ տալու, որ դա վտանգի տակ է դնում երկու հայկական պետությունների անվտանգությունը։
Վերջին բոլշևիկը քաղաքականապես այնքան տգետ է ու դիվանագիտական զրոյական գործակցով, որ նպաստեց ազերիների կշռի բարձրացմանը (Ադրբեջանն, անկախ իր բռնապետական բնույթից, ավելի ընդունելի է որպես գործընկեր, քան նույն Հայաստանը։ Ու պետք չէ զգացմունքների մակարդակով հակառակն ապացուցել) և ռուս–ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։
Սարգսյանը Սփյուռք–ՀՀ–Արցախ եռամիասնության մակարդակով զրկել է հայությանն արտաքին մարտահրավերներին պատասխանելու հնարավորությունից։ Ազգերի համար դա կործանման ուղիղ ճանապարհ է՝ դասագրքային ճշմարտություն։
Եվ մինչ Հայաստանում իշխանությունն ու ժողովուրդը մխրճված են ներքաղաքական խնդիրների մեջ, աշխարհում արագ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք պահանջում են պետություններից աչալուրջ լինել մարտահրավերներին պատասխանելու համար։ Օրինակ՝ օրեր առաջ Իրաքի Քրդստանը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու, իսկ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը»՝ իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին։ Այս ամենը չի կարող չվերաբերել Հայաստանին, ու մենք չենք կարող անտարբեր մնալ Մեծ Մերձավոր Արևելքում կատարվող փոփոխություններին։ Ցավոք սրտի, բայց այսօր արձագանքել էլ դրանց մենք ունակ չենք։ Հազար մասնագետ ու վերլուծաբան նստած լինի ԱԱԾ–ում՝ նույն Մեծ Մերձավոր Արևելքի հարցերով, անօգուտ է, քանզի պետական իշխանությունը նույն անվտանգության հարցով առաջնորդվում է սեփական, զուտ աթոռային ու բոլշևիկյան շահերով։
Հայաստանն իրոք համակարգային ամբողջական փոփոխությունների կարիք ունի։ Այս համակարգն իրեն վաղուց է սպառել։ Եվ քանի դեռ այս համակարգի քիչ թե շատ առողջ ենթահամակարգերը չեն քայքայվել, պետք է ձերբազատվել դրանից. հակառակ դեպքում ազգային ինքնաոչնչացման կգնանք՝ պետականության կորստով «համեմված»։
Հ. Գ. Քայքայվելու ժամանակ այս իշխանությունը՝ «վերջին բոլշևիկի» գլխավորությամբ, ինչքան ուզեք՝ կնպաստի... հայության անկմանը, բայց ոչ ուժեղ ու զարգացած պետություն ստեղծելուն։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը