Քաղաքական

02.07.2014 13:04


«Քառյակ». «Երկրի քաղաքական ղեկավարությունը հակաօրինական ճանապարհով է առաջնորդվում» (տեսանյութ)

«Քառյակ». «Երկրի քաղաքական ղեկավարությունը հակաօրինական ճանապարհով է առաջնորդվում» (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի ոչիշխանական ուժերի ներկայացուցիչները հանդես եկան համատեղ ասուլիսով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրել է, որ «քառյակի» ներկայացուցիչները երեկ մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ նիստին, և իրենց հիմնավորված փաստարկներին՝ որ կան էլեկտրաէներգիան չթանկացնելու լուծումներ, հանձնաժողովի կողմից որևէ հակափաստարկ չի հնչել: Մելքումյանի խոսքով՝ նիստին ներկա արտադրող կայանների ղեկավարները որևէ կերպ չարձագանքեցին «քառյակի» ներկայացուցիչների փաստարկներին, և ՀԾԿՀ–ն թանկացմանը միաձայն կողմ քվեարկեց: ԲՀԿ պատգամավորը մանրամասնել է, թե չթանկացման ինչ լուծումներ է տեսնում։ Առաջին` վնասները կամ ֆինանսական ճեղքվածքը օրենքով պետք է մեկ տարվա ընթաքցում փակի պետությունը, երկրորդ՝ ամորտիզացիոն մաշվածքը և շահույթը պետք է վերանայել՝ իջեցնելով շահույթի նորման։ Երրորդ՝ եթե այսպես շարունակվի, ապա այս ճեղքվածքը միշտ լինելու է, և ամեն տարի ստիպված պետք է սակագինը բարձրացնեն:

«Պետությունը կարող է այս քայլերը իրականացնել մեղմելու համար, և խնդիրը միայն մասնագիտական դաշտում չէ։ Մենք երեկ տեսանք, որ որոշումը միայն քաղաքական դաշտում է»,- ասել է Միքայել Մելքումյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ շեշտել է, որ «քառյակը» ցանկացած որոշման հետ կապված, լինի կուտակայինի խնդիրը, գազի, թե էլեկտրաէներգայի սակագների, երբեք չի գնացել կատեգորիկ մերժման: Պատգամավորի խոսքով՝ «քառյակը» գնացել է լուծումներ գտնելու ուղղությամբ:

«Բայց մենք տեսնում ենք, որ իսկապես մութ գործարքներ կան: Եթե ճշգրիտ աուդիտ անենք, կարող ենք տեսնել, որ ընդհանրապես կարող է թանկացում չլինել: Կառավարությունը փաստի առաջ է կանգնեցնում, ինչպես, օրինակ, 300 միլիոն պարտքի դեպքում: Հետագայում սկսում են վիճարկել, թե արյդոք պետական պա՞րտքն է, թե՞ ինչ-որ մեկի պարտքն է, որ փակում են ժողովրդի հաշվին: Կատարվում են օրենքով հակաօրինական գործարքներ: Երկրի քաղաքական ղեկավարությունն, ըստ էության, հակաօրինական ճանապարհով է առաջնորդվում»,-ընդգծել է Հակոբյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշել է, որ երեկ իշխանությունը վստահ էր, որ հանձնաժողովը կողմ է քվեարկելու, քանի որ հանձնաժողովի անդամները բանավեճին ընդհանրապես չմասնակցեցին, և ո՛չ Էկոնոմիկայի, ո՛չ Ֆինանսների նախարարությունից մարդ չկար:

«Գիտեին, որ Նազարյանի հանձնաժողովը հեզիկ-նազիկ, առանց փաստ բերելու, կքվեարկի: Այս անգամ մեր փաստարկները և՛ քաղաքական էին, և՛ ֆինանսական։ Այն մեխանիզմները, որ մենք հայտնաբերում ենք հոսանքի հետ կապված, գործում են նաև գազի դեպքում, և՛ սակագնի, և՛ մաշվածության, և՛ այլնի դեպքում նույն մաֆիոզ համակարգերն են, նույն մաֆիոզ մեխանիզմներն են կիրառվում երկու սակագների դեպքում էլ»,-հայտարարել է Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ Ռոբերտ Նազարյանի մեղքն այն է, որ նա հեզիկ-նազիկ կատարում է իշխանության պատվերը:

«Ինձ համար անակնկալ էր Վրաստանից հոսանք առնելու փաստը: Մինչև հիմա չի եղել մարդ, որ իմանար՝ մենք հոսանք ոչ թե արտադրում ենք, այլ ներմուծում»,-ասել է ՀԱԿ պատգամավորը։

Նա ընդգծել է, որ «քառյակը» տեր է իր հայտարարությանը, և հետևողական է լինելու նաև հետագայում. «Համագործակցելու ենք հասարական, քաղաքական նախաձեռնությունների հետ և «քառյակի» համատեղ քայլերի արդյունքում կունենանք որոշումներ, որոնք կներկայացնենք»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասել է՝ ակնհայտ է, որ ցանկացած իրավիճակ, որտեղ քաղաքական հնչեղության հարցեր են առաջանում, բացահայտում է մեր համակարգի ողջ սնանկությունը:

«Ակնհայտ է, որ ունենք փլուզվող տնտեսություն։ Բնականաբար, իշխանությունը կարիք ունի ֆինանսական միջոցների: Դրա համար նա ուներ երկու աղբյուր։ Մեկը՝ ժողովրդից կորզեն՝ ինչ հնարավոր է, ինչ մնացել է, երկրորդը՝ դրսից պարտքեր վերցնեն: Մեկի արդյունքում արտաքին պարտքը չորս անգամ մեծացել է, մյուսի՝ աղքատությունը 70-80 տոկոսի է հասել»,–ասել է Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ էներգետիկ համակարգը պետք է դառնար մեր տնտեսության շարժիչ ուժը. մենք էներգիա արտահանող ենք եղել, միակ ապրանքը, որը կայուն կարողացել ենք արտահանել, իսկ հիմա սա էլ է դարձել լուրջ խմդիր:

Մանրամասները՝ «7օր»-ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը