Լրահոս

08.09.2009 16:47


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների մասնավորապես դատաիրավական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել երկու երկրների միջև իրավական փոխօգնության և դատապարտյալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում դեսպանի ունեցած ներդրումը՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների համագործակցության սերտացմանը:

Կողմերը կարևորել  են երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ՝ ընդգծելով հատկապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման և հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների առավել սերտ համագործակցության կարևորությունը:

Նկատելով, որ  քիմիական բաղադրության թմրամիջոցներն, ըստ քրեական գործերի ուսումնասիրության, Հայաստան են ներմուծվում հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից՝  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է. «Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն համապատասխան ներուժ և վճռականություն թույլ չտալու Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրի» և հույս հայտնել, որ ԻԻՀ իրավապահները նույնքան հետևողական կլինեն բացահայտելու ԻԻՀ տարածքից Հայաստան թմրամիջոց առաքողներին:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է ԻԻՀ՝ ողջունելով համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված համատեղ գործողությունների ծրագիր հաստատելու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությունը:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Այս խորագրի վերջին նյութերը