Կարծիք

01.07.2014 23:12


Էդվարդ Անտինյան. ԲԱԽՏՈՐՈՇ ՊԱՀԻՆ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԴԱՇՏԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԵՆՔԸ

Էդվարդ Անտինյան. ԲԱԽՏՈՐՈՇ ՊԱՀԻՆ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԴԱՇՏԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԵՆՔԸ

Ամեն օր ականատես ենք լինում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հերթական ձախողումներին՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին «ֆրոնտներում»: Այս պարագայում, երբ արդեն ոչ միայն Ղարաբաղը կորցնելու վտանգի առջև ենք կանգնած, այլ նաև՝ ամբողջ Հայաստանը, դժվար չէ հասկանալ, որ գործող նախագահի պաշտոնավարման ցանկացած օրը քայքայում է մեր երկրի առանց այն էլ սուղ ռեսուրսները:

Երբ Սարգսյանն իր աթոռը պահելու համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի, բավական լուրջ ջանքեր են հարկավոր իր գլխավորած համակարգը ապամոնտաժելու, իշխանական բուրգը փլելու, ժողովրդական զանգվածների ագրեսիվ տրամադրությունները կոնստրուկտիվ հունի մեջ դնելու, որպեսզի իշխանափոխության ճանապարհին զերծ մնանք զոհերից ու ավերածություններից, որպեսզի չթուլացնենք առանց այն էլ թուլացած մեր երկրի դիրքերը:
Այս մտահոգություններն են պատճառը, որ ոչիշխանական ուժերը բավական մանրակրկիտ են նախապատրաստվում աշնանային ակտիվ զարգացումներին: Իսկ դրան հակառակ՝ իշխանությունները զբաղված են չքավորության եզրին հասած մեր ժողովրդի վեջին դրամը ձեռքից առնելու գործով, որպեսզի դրանով առաջիկա ընտրություններին տոկոս «խփելով», որոշ ընդիմադիր ակտիվիստներից՝ համապատասխան վճարի դիմաց զուռնա–դհոլ պատրաստելով վերարտադրվեն: Եվ քանի որ երկրի վիճակն այնքան վատ է, գանձարանը դատարկ, որ իշխանությունը պահելու ռեսուրս չի մնացել, Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձում է սպասվելիք քաղաքական ակտիվության թափը վաղօրոք կոտրել, ինչի համար Բաղրամյան 26–ին առընթեր գործիչները լծվել են «քառյակը» պառակտելու կամ գոնե թուլացնելու գործին:

Իշխանություններն այն աստիճանի են կորցրել իրականության զգացումը, որ կարծում են, թե երկրի վիճակն այնքան բարվոք է, ու իրենց նկատմամբ դժգոհությունն արհեստականորեն ուռճացված, որ եթե «քառյակին» թուլացնեն, որ չկարողանա հասարակական ագրեսիվ տրամադրությունները կազմակերպական հուն մտցնել, դրանով կխուսափեն իշխանափոխության վտանգից: Բայց, երբ «քառյակի» մեջ են գտնվում առանձին անհատներ, որոնց, չգիտեմ՝ հիվանդագին ամբիցիան, թե իրենց գինը բարձրացնելու ցանկությունն է դրդել գերագնահատել իրենց կարողություններն այն աստիճան, որ փորձում են հասկացնել տալ, թե տեսեք առանց մեզ չեք կարող հաղթել, մի տեսակ տարօրինակ է:

Նախ՝ «քառյակի» անդամ կուսակցությունները հասարակությանը խոստացել են համախմբված կերպով կյանքի կոչել իշխանափոխության գործը: Այդ քաղաքական թիմն առայժմ հույս է ներշնչել հասարակությանը, որ իրենք ի վիճակի են սպասարկել հասարակության տրամադրությունները և ունեն այնքան ռեսուրս, որ կարող են հասնել ամբողջական իշխանափոխության՝ անկախ նրանից, թե առանձին անհատներ ինչպես կպահեն իրենց:

Պատահական չէ, որ թեպետ ամեն օր հանրապետության տարբեր վայրերում մարդիկ այս կամ այն խնդրի առիթով պայքարի են դուրս գալիս, բայց դժգոհ ու ագրեսիվ հիմնական ակտիվ զանգվածը և հանրության տարատեսակ շերտերը դեռ սպասում է «քառյակի» ներկայացրած պայքարի ժամկետին՝ աշնանը:

Թե ինչպիսի սցենարով կզարգանան իրադարձությունները, դժվար չէ կռահել։ Թող զարմանալի չթվա, բայց հեղափոխական սցենարը նախագծում է իշխանությունն իր անկշտությամբ և ագահությամբ։

Ի դեպ, պետք է ի նկատի ունենալ, որ հեղափոխական ակտիվ զարգացումների ժամանակ հասարակությունը գործում է ռազմադաշտային դատարանի օրենքով՝ բախտորոշ պահին հրապարակում ժողովրդի կողքին չես, անկախ նրանից, թե ինչ պատճառով, տեղում դատավճիռը կարդում են. սկզբում ընդգրկելով Սարգսյանի ժողգործիքների անսամբլ, իսկ որոշ ժամանակ անց անունը գրում քաղաքական դիակների եղբայրական գերեզմանի տապանաքարի վրա:

Այս քսան տարվա փորձը պետք է շատերին դաս լիներ, որ թե՛ վառ անհատականությունների և թե՛ բավական ազդեցիկ քաղաքական ուժերի ժողովուրդը քաղաքական աղբանոց է նետել հենց ճիշտ պահին ճիշտ տեղում չլինելու համար միայն: Այնպես որ, եթե ոչիշխանական ուժերի շարքում կան գործիչներ, որոնք կարծում են, թե իրենց դերակատարությունն այնքան մեծ է, որ առաց իրենց աջակցության շարժումը չի կարող հաղթել, կարծում եմ խորը թյուրիմացության մեջ են: Նշանակում է իրենք նույնպես, ինչպես և իշխանությունները, կորցրել են իրականության զգացումը, և չեն ընկալում, թե այժմ ինչ վիճակում ենք գտնվում:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202494740552299

Այս խորագրի վերջին նյութերը