Քաղաքական

01.07.2014 13:09


Օգոստոսի 1–ից հոսանքի գինը 4 դրամով կթանկանա

Օգոստոսի 1–ից հոսանքի գինը 4 դրամով կթանկանա

Քիչ առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց օգոստոսի 1–ից էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով թանկացնելու իր իսկ նախաձեռնությանը։

Նիստից անմիջապես հետո ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի գործողություն իրականացնողների մոտ են իջել ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է՝ արվեց այն, ինչ պետք է արվեր։

–Հինգ խմբակցությունների ներկայացուցիչներն այնտեղ էին, ելույթ ունեցան, հիմնավորեցին չթանկացնելը, որ դա վնաս է ողջ ժողովրդին։ Հանձնաժողովի կողմից ոչ մի հակադարձ փաստարկ չի եղել։ Հիմնավոր ներկայացրել ենք անօրինական թանկացումը, բայց նրանք թքած ունեն, որովհետև հրահանգել են այս հիմնարկին սուսուփուս կոճակի տեղ աշխատել։ Քարի, փայտի նման նստած էին։ Հինգ հատ կոճակ քվեարկեց, և ամսի մեկից հոսանքը կթանկանա 4 դրամով,–ասել է Ա. Մանուկյանը։

Նա նաև նշել է, որ հանձնաժողովը մերժել է որոշման կայացումն այսօր հետաձգելու և ԱԺ–ին մանրամասներն ուսումնասիրելու ժամանակ տրամադրելու քառյակի առաջարկը։

–Լա՛վ եք անում, որ պահանջում եք, բայց պահանջելու համար նաև քանա՛կ է պետք, կա՛մք է պետք,–դիմելով ցուցարարներին՝ միաժամանակ ընդգծել է Ա. Մանուկյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ ոչիշխանական քառյակն այսօր կքննարկի ստեղծված իրավիճակը, և իր հետագա գործողությունների մասին լրացուցիչ տեղյակ կպահի։ Բացառված չէ նաև, որ վաղը քառյակը հանդես գա մամուլի ասուլիսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը