Մեկնաբանություն

01.07.2014 12:59


Միջին տարիքի քրոնիկ ճգնաժամ

Միջին տարիքի քրոնիկ ճգնաժամ

Միջին տարիքի ճգնաժամ՝ երկարատև դեպրեսիվ վիճակ՝ կապված միջին տարիքում (35-45) սեփական անձի վերագնահատման հետ։ Զգայական այս վիճակն ավելի ծանր են տանում հատկապես նրանք, որոնց արժեքային համակարգն ընդգծված խեղաթյուրված է։ Այստեղ բավականին ուշագրավ են բերվող օրինակները՝ բարոյականության ջատագով ներկայացող ընդգծված անբարոյական, հայրենիքն ամեն ինչից վեր դասող դասական սրիկա Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է» սկզբունքով), հավատարմության մասին ամեն քայլափոխի գոռացող, բայց ամեն պատահածի հետ «միշտ պատրաստ» և այլն...

Անկախ նրանից, թե ինչ «բարձունքների» է կարողացել հասնել անձը, նրա աղճատված հոգեկանն ինքն իրեն հանգիստ չի տալիս։

Վախենալով իրական սեփական դեմքից՝ «պացիենտը» ձգտում է շրջապատված լինել իր նմաններով, որոշակի լծակների առկայության դեպքում ուրիշներին դարձնել իր տեսակը։ Հաճախորդացնել, մի խոսքով։

Բայց միջին տարիքի ճգնաժամը դրանից չի անցնում։ Պարզվում է, որ նման անձանց դեպրեսիվ վիճակը դառնում է քրոնիկ՝ ձգվելով 20-30 տարի։ Խիստ բացասական հետևանքներով է հղի այս տեսակի՝ ղեկավար օղակներում լինելը (իշխանություն ունենալու մասին էլ չասած)։ Ու քանի որ միջին տարիքի ճգնաժամը նման անձանց արդեն մշտական հոգեվիճակն է, անհասկանալի արժեքային համակարգն էլ մյուս կողմից, նրանց հանգիստ չի տալիս «վերջը գալու է» անողոք միտքը։ Այն վանելու համար քրոնիկ ճգնաժամում գտնվող անձն անընդհատ փորձում է նախաձեռնել՝ դառնալով իրական պատուհաս։ Բայց ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը։

Քրոնիկ ընկճախտը (դեպրեսիա) չի բուժվում։ Այն մեղմացնելու համար դրանով տառապողին պետք է ստիպել բացել աչքերն ու վերջապես հասկանալ՝ ով է նա իրականում։ Եթե դա էլ արդյունք չի տալիս, մեկուսացնել։

Այլ տարբերակներ գիտությանը հայտնի չեն։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը