Մեկնաբանություն

01.07.2014 09:12


Մինչև ո՞ւր կարող է գնալ Սերժ Սարգսյանը

Մինչև ո՞ւր կարող է գնալ Սերժ Սարգսյանը

Արտաշես Գեղամյանի Բաքվում արած հայտարարությունները շատերին են զարմացրել ու զայրացրել։ Բայց մի՞թե անսպասելի էին նրա հայտարարությունները։ Իհարկե՝ ոչ։ Քանզի Զորի Գայկովիչի միջոցով Պուտինին լավաշ–նամակ գրած ու Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տված Սերժ Սարգսյանն ամեն ինչի պատրաստ է, միայն թե ռուսներն իրեն լավ աչքով նայեն ու նաև փող տան։

Սերժ Սարգսյանին թվում է, թե ինքն ինչքան գերակատարի ռուսական շահերի սպասարկման պլանը և ինչքան շատ քծնի նրանց, այնքան իր աթոռն անձեռնմխելի կդառնա։ Կյանքն, իհարկե, պարբերաբար այլ բան է ցույց տալիս, բայց Սարգսյանի պատկերացրած արտաքին քաղաքականության «հայեցակարգը» չի փոխվում, այն է՝ դրսի այս կամ այն ուժին ծառայեցնել Հայաստանը, և ստանալ դրսի «դաբրոն»։ Ինչևէ։

Նախորդ տարվա սեպտեմբերի 3ին արտաքին կուրսի կտրուկ շրջադարձից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ արտաքին քաղաքականությունը կցել է Կրեմլի շահերին՝ այն հաշվարկով, որ Կրեմլն էլ իր հերթին կմտածի ՀՀ անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, իսկ ամենակարևորը՝ նախագահի աթոռին կպահի իրեն։

«Ահա՛ Հայաստանը ձեր ոտքի տակ, արե՛ք այդ երկրի հետ ինչ ուզում եք, իսկ ես էլ իմ հերթին ձեզ համար կանեմ ինչ ուզում եք ու դեռ մի բան էլ ավելին, միայն թե փող տվեք ու ինձ պահեք որպես ձեր գուբերնատոր». սա՛ է Սերժի քաղաքականությունը սեպտեմբերի 3–ից հետո։ Մինչև այդ, ի դեպ, նա նույնաբովանդակ քաղաքականություն էր վարում Արևմուտքի հետ։

Սերժ Սարգսյանը ոչ թե Մաքսային միություն մտնելու որոշում կայացրեց, այլ Մոսկվային հանձնվեց որպես «փախստական»։ Ու որպեսզի օրապահիկը հանկարծ չուշանա ու չպակասի՝ Սերժը վերածվել է ՌԴ արտգործնախարարության ցածր դասի աշխատակցի, ում ինչ հանձնարարում են, դեռ մի բան էլ ավելին է անում, որպեսզի աչք մտնի ու տեղը չկորցնի։

Արդյունքում ՀՀԿ ղեկավարը սպասարկում է ՌԴ շահերը Ադրբեջանի հետ հարաբերություններում և հանդես գալիս Հայաստանի ու Ղարաբաղի շահերի դեմ։ Կրեմլում, բնականաբար, հաճելիորեն զարմացած են ու դրական շոկ են ապրում այս ամենի կապակցությամբ, որովհետև աշխարհում չես գտնի մի պետության ղեկավար, ով սեփական կամքով կդնի իր ղեկավարած պետությունն այլ պետության շահերի սպասարկման համակարգի մեջ՝ գործելով ի վնաս սեփական պետության։

Ռուսները խնդիր ունեն Ադրբեջանին ԵՏՄ բերելու և շատ լավ հասկանում են, որ դրա համար անհրաժեշտ է Ղարաբաղի հարցում գոնե Արևմուտքից հետ չմնալ Բաքվին հաճոյանալու հարցում։ Սակայն մյուս կողմից էլ ռուսները չեն ուզում իրենց բերանով հնչեցնել որոշ բաներ, որոնք հաճելի չի լինի լսել Հայաստանում։ Բայց որքան մեծ եղավ ռուսների զարմանքը, երբ նրանք պարզեցին, որ Սարգսյանը պատրաստ է Ռուսաստան–Ադրբեջան հարաբերություններում ստորադասել ՀՀ շահն ու նետվել Կրեմլի շահերը սպասարկելուն։

Ռուսները չէին սպասում, որ Սարգսյանը կհամաձայնի Նազարբաևի շուրթերով Ալիևի հնչեցրած պահանջներին։ Ռուսները նաև չէին սպասում, որ Հայաստանի կողմից կհնչի Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելու առաջարկն ու Ղարաբաղի նուրբ թեման մեջտեղ կբերվի այդպիսի կացնային կոպտությամբ։

Ռուսները չէին սպասում, բայց Ս. Սարգսյանը ցույց է տալիս, որ ինքը դեռ «բացվելու» տեղ ունի և եթե «նախաձեռնողականություն» է ցուցաբերում, ապա գնում է մինչև վերջ։

«Արևմտամետ» Սարգսյանն այժմ այնքան է խորացել «ռուսական» գծի մեջ, որ այլևս Հայաստանը դուրս է թողել միջազգային հարաբերություններից։ Իսկ դա նշանակում է, որ մենք այլևս ՌԴ ռազմավարական դաշնակիցը և ընդհանրապես դաշնակիցը չենք (ստրկամիտների հետ չեն դաշնակցում, ստրկամիտին միայն օգտագործում են սեփական շահերն առաջ տանելու համար և հետագայում դեն նետում), իսկ Արևմուտքում ընկալվում ենք որպես «քցող» ու անհուսալի պետություն։

2008–ից սկիզբ առած «նախաձեռնողականությունն», ահա, այսպիսի հաշվեկշիռ է ապահովել Հայաստանի համար։ Մենք հիմա անգամ գործընկեր պետություն չունենք, բայց փոխարենն ունենք Սերժ Սարգսյանի հաջողված բիզնես–նախագծեր, հարյուր հազարավոր արտագաղթածներ, փլված տնտեսություն, թուլացած պետություն ու թշնամու կրակահերթի տակ հայտնված 18 տարեկան երեխեք։

Սերժ Սարգսյանի «հաղթարշավը», հետևաբար, պետք է կանգնեցնել, այլապես նա շատ հեռու կգնա ու բանը միայն Գեղամյանի ելույթներով չի ավարտվի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը