Կարծիք

30.06.2014 16:08


«Ծիծաղ առաջացնող պատասխաններով գցում են ոստիկանոության հեղինակությունը»

«Ծիծաղ առաջացնող պատասխաններով գցում են ոստիկանոության հեղինակությունը»

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երթեւեկության տուգանքների չափերի վերաբերյալ քննադատություններին շարունակում է արձագանքել ոստիկանությունը: Այնպիսի տպավորություն է, կարծես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին ոմանք ստիպում են թողնել իրենց գործը եւ զբաղվել մի գործով, որը նրանց պատիվ չի բերում:

Իդեպ, նույն ոճն էլ վերջերս նկատվեց Վերահսկիչ պալատի տարածած հայտարարության մեջ, որով նա պատասխանում էր Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերին: Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը, ինչպես նաև ոստիկանների հայտարարությունները գրվել են նույն վայրում: Երևի արդեն գուշակեցիք, թե կենկրետ որտեղ: Սակայն, անցնենք բուն թեմային:

Բանն այն է, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում, այնպես էլ դրանից հետո նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ավելի քան հստակ մատնանշեցին այն խնդիրները, որն առկա մեզ մոտ: Լինեինք նորմալ երկիր, ունենայինք նորմալ իշխանություններ, որոնք մտահոգված են ոչ թե սեփական բիզնես շահերը պաշտպանելով, այլ երկրի զարգացումն ապահովելով, նրանք պետք է առողջ քննադատությունից հետեւություններ անեին, իսկ հիմա նրանք ոչ միայն հետեւություն չեն անում, այլ իրենց ծիծաղ առաջացնող պատասխաններով գցում են ոստիկանոության հեղինակությունը:

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը կատարեց համապատասխան հրահանգը, պատասխանեց 2-րդ նախագահին եւ ստացավ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը, հայտնվելով, մեղմ ասած, անհարմար իրավիճակում: Կրկին շեշտենք, լինեինք նորմալ երկիր, ապա Սամվել Հովհաննիսյանը պետք է հասարակությունից ներողություն խնդրեր եւ հրաժարական տար, քանի որ պատասխաններից բխում էր, որ նա չի տիրապետում իրավիճակին: Հիմա էլ հրահանգել են պատասխանել ճանապարհային ոստիկանությանը:

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի հատուկ կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանին, արձագանքել է հերթական դիտարկումներով, որից ընդամենը կարող ենք եզրակացնել, որ նա ստիպված է եղել անել այդ դիտարկումները, հասկանալով եւ գիտակցելով, որ այն ինչ ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ նրա գրասենյակի ներկայացուցիչը՝ հարյուր տոկոսանոց ճշմարտություն է:

Զավեշտն այն է, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պարզաբանումից հետո ճանապարհային ոստիկանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես թե չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է: Սա պարզապես ջայլամային քաղաքականություն է, որը պատիվ չի բերում ոստիկանությանը:
Այստեղ խնդիրը բանավեճի եւ երկու տարբեր կարծիքների մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ոստիկանությանը ոմանք դնում են անհարմար վիճակի մեջ՝ պարտադրելով հերքել անհերքելին: Սամվել Հովհաննիսյանը, Սամվել Կարապետյանը չեն կարող չիմանալ, թե ինչ է ասում ՀՀ երկրորդ նախագահը, ավելին, ամենայն հավանականությամբ, իրենք էլ համաձայն են Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց իշխող համակարգն աւյնպիսին է, որ նրանք ոստիկանության էժանացնում են եւ հանձնարարում ասել այն, ինչը միայն կգցի ոստիկանության հեղինակությունը:

Իսկ ոստիկանները եւ առավել եւս բարձրաստիճան ոստիկանները պետք է միշտ գիտակցեն, որ իրենք լուրջ կառույց են ներկայացնում եւ չվերածվեն շարքային հանձնարարություններ կատարողների: Ոստիկանությունը, այդ թվում եւ ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու եւ պետք է զբաղվի դրանցով եւ ոչ թե ինքն իրեն դնի անհարմար եւ ծիծաղելի դրության մեջ:

Վահան Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը