Մեկնաբանություն

30.06.2014 15:11


Արտաքին օգտագործման գեղամյանների խրախճանքը

Արտաքին օգտագործման գեղամյանների խրախճանքը

Սերժ Սարգսյանի ամենասիրելի, ամենաօրինակելի և ամենաընդունելի քաղաքական գործիչն Արտաշես Գեղամյանն է, քանզի քաղաքական նեկրոֆիլիայով տառապող մարդը միշտ էլ բարձր է գնահատում քաղաքական «դիակներին»։ Գեղամյանը «մեռելների» մեջ «ամենամեռածն» է և, հետևաբար, թիվ մեկը «քաղաքական գերեզմանոցում» և թիվ մեկը «քաղաքական հարեմում»։

Սերժն այնքան է ընդունում Գեղամյանին, որ նրան ներքին կյանքում անողաքաբար օգտագործելուց հետո հանել է նաև արտաքին ասպարեզ։

Ինչպես հայտնի է, Գեղամյանը Բաքվում ցանկությունն է հայտնել, որ Ադրբեջանը մաս կազմի Եվրասիական տնտեսական միությանը՝ միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի այդ քայլից հետո մեջտեղից դուրս կգա։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը հիմա էլ «նախաձեռնողական» քաղաքականություն է վարում Ադրբեջանի հետ՝ համաձայնելով Կրեմլին ամենաքստմնելի ծառայությունները մատուցել։

«Վերջի բոլշևիկը» ԵՄ–ի հետ ասոցացման փուլում իր «արևմտամետ» հաճախորդներ Դավիթ Շահնազարյանի, Արամ Սարգսյանի, Իգոր Մուրադյանի, Աղասի Ենոքյանի, Արման Բաբաջանյանի ու մյուսների միջոցով էր Ղարաբաղն աճուրդի հանել նախագահի աթոռի դիմաց, իսկ հիմա էլ Սերժի «ռուսամետ» հաճախորդներն են մեյդան դուրս եկել, ու կրկին սեղանին հայտնվել է Ղարաբաղը։ Ասել է թե՝ Բաղրամյան 26–ի տակ գործող «արևմտամետներն» ու «ռուսամետները» նույն մեդալի տարբեր երեսներն են՝ գեղամյաններ, և օգտագործվում են օրվա կուրսով։

«Արևմտամետ» և «ռուսամետ» գեղամյանների տարբերությունը ձևական է։ Հիմա պարզապես եկել է «ռուսամետների» փուլը, և այդ իսկ պատճառով Բաքվում հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել Արտաշեսը։ Սերժի մոտ «արևմտամետ» փուլ լիներ, նույնաբովանդակ հայտարարություն կաներ արդեն Շահնազարյան Դավիթը կամ մեկ ուրիշ «Գեղամյան»։

Ինչ վերաբերում է Գեղամյանի բուն հայտարարությանը, ապա սրա արդյունքում Հայաստանը սեփական կամքով ոչ միայն մանրադրամ է դառնում Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում, այլ վերածվում Կրեմլի հաչան շնիկի, որի դիմաց մի թեթև «կոռմ» լցնելով (կամ առանց դրա)՝ կարելի է ստանալ ամեն ինչ։ Այս ամենի արդյունքում մեզ հետ այլևս որևէ երկիր հաշվի չի նստելու, և որևէ պետություն լուրջ չի ընդունելու։

Բայց սրա համար Սերժ Սարգսյանին մեղադրելու իմաստ չկա։ Մի «Գեղամյան» էլ հենց Սերժն է, ով, իբր թե, ներկայացնում է Հայաստանը, բայց աշխատում է ՀՀ շահերի դեմ։ Նրանից այլ բան սպասելն առնվազն միամտություն է։ Մեղավոր ենք մենք, որ հանդուրժում ենք Սերժին նախագահականում։

Եթե մենք չենք ուզում վերանալ որպես պետություն ունեցող ազգ, ապա այլ տարբերակ չկա, քան իշխանափոխությունը։ Այլապես գեղամյանները խրախճանք կսկսեն «գերեզմանոցում»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը