Կարծիք

30.06.2014 14:44


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԱՃԱՌԵԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ

Օրերս Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը մի ուշագրավ հայտարարություն է արել. «Ոչ միայն ուրախ է Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալուն, այլեւ շատ է ուզում, որ այդ միությանը միանա նաեւ Ադրբեջանը»:

Ըստ Գեղամյանի՝ Ադրբեջանի միացումով Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնաբերաբար, քանզի այդ խնդիրը կդառնա խիստ պայմանական, ինչպես որ խիստ պայմանական դարձավ Էլզաս եւ Լոթարինգիայի հարցը Ֆրանսիայի եւ Գերմանիայի համար, երբ այդ երկու երկրները համախմբվեցին մեկ միասնական եվրոպական միության կազմավորման մեջ:

Դժվար չէ հասկանալ, որ նման պատասխանատու հայտարարությունը, այն էլ նման նուրբ հարցի շուրջ ու թշնամու մայրաքաղաքում հնչեցվելիք, չէր կարող համաձայնեցված չլինել Սերժ Սարգսյանի հետ՝ «ոնց կասես, շեֆ ջան» ձևաչափի շրջանակներում: Բայց, երբ մեզանում դիվանագիտությունը փոխարինվել է «Սերժագիտությամբ», նման պարզունակ քայլը կարող է շատ լուրջ վնաս հասցնել մեզ:

Էլզասը, թեպետ ժամանակին պարբերաբար ձեռքից ձեռք է անցել, բայց Երկրորդ աշխարհամարտը դեռ չավարտված, այսինքն մինչև Գերմանիայի անվերապահ կապիտուլիացիայի ակտի ստորագրումը՝ 1945թ. մայիսի 8-ը, արդեն անցել էր Ֆրանսիային, իսկ ՄԱԿ-ի կանանդրությունը ստորագրվել է հունիսի 26-ին, ուժի մեջ մտել 1945թ. հոկտեմբերի 24-ին, որն էլ հենց հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման օր, իսկ Ֆրանսիան, որպես հիմնադիր անդամ ՄԱԿ-ին անգամակցել է Էլզասի հետ միասին:

Իսկ մեր պարագայում, ոչ աշխարհն է ճանաչել Արցախը՝ որպես անկախ պետություն կամ Հայաստանի մաս, ոչ անգամ Հայաստանը, իսկ իշխանությունները համաձայնվել են մտնել ԵԱՏՄ՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: Ուստի, եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, կարող է օգտվել Էլզասի հետ մեր իշխանությունների այս անզգույշ համեմատությունից, որ կմիանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, որում ներառված է նաև Արցախը: Ու մեր «Էլզասն» էլ կլինի բոլորինս՝ ուղղակի Ադրբեջանի կազմում: Ի՞նչ հիմքով ենք մերժելու Ադրբեջանին, որ «Էլզասը» լինի նրա կազմում, եթե այդպես գեղեցիկ նկարագրում ենք, որ ԵԱՏՄ-ին երկուսիս միանալու դեպքում Արցախն արդեն կռվախնձոր չի հանդիսանա, և այլևս էական չի լինի, թե վարչական առումով ու կազմում է:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը Գեղամյանի միջոցով ասում է այն, ինչ կուզենային ասել ռուսները, բայց հարմար չեն գտնում իրենց կողմից հնչեցնել: Քանի որ ՌԴ-ն հանդիսանում են Ղարաբաղի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և աշխարհը կարող է ճիշտ չհասկանալ, որ նա կարգավորման այլ տարբերակ են փորձում պարտադրել հակամարտող կողմերին՝ իր սեփական շահով պայմանավորված։ Սարգսյանը ցույց է տալիս, որ արգելակներ չունի և պատրաստ է եվրասիական եղանակով աճուրդի հանել Ղարաբաղը։

Շատ ժամանակ չի մնացել որպեսզի բոլորին պարզ դառնա, որ ՀՀ-ի ու Արցախի կորստի գինը ընդամենը Սերժ Սարգսյանի տակի աթոռն է, որը պահպանելու համար նա ոչնչի առաջ կանգ չի առնի, եթե մենք չկարողանանք հնարավորինս արագ գործող նախագահին հեռացնել այդ աթոռից:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202486478625756

Այս խորագրի վերջին նյութերը