Կարծիք

30.06.2014 11:53


Մերի Մովսիսյան. «Գեղամյանականությունն անբուժելի է»

Մերի Մովսիսյան. «Գեղամյանականությունն անբուժելի է»

Ցավով, բայց պետք է նշեմ, որ այս իշխանության վերջին ակորդը մեզ չհայտարարված պատերազմի տանելը դարձավ (դրանից էլ է պետք պատվով դուրս գալ, անկեղծ ասած)։
Սկսած այս տարվա հունվարից՝ ՀՀ պետական սահմանները հարձակման են ենթարկվում (երկու լուրջ դեպք գոնե գիտենք՝ հունվարին և օրերս)։ Զգացմունքներին տրվելու կարիք էլ չկա։ Կարիք չկա նաև մեղադրական նոտաներ հղել հայոց բանակին։ Այն, ինչ կատարվում է երկրում, դիվանագիտության բացակայության, պետական մտածելակերպի ու արժանապատվության բացակայության հետևանքն է կառավարող ընտրանու։ Միջազգային քաղաքականությունում միջազգային սուբյեկտների երկու կեցության ձև կա՝ խաղաղ և պատերազմական։ Պատերազմական վիճակին բնորոշ է ռազմական ուժի կիրառումը, իսկ խաղաղին՝ դիվանագիտությունը։ Բացի այդ, խաղաղ վիճակում գտնվող գրեթե բոլոր «խելացի» պետությունները զարգացնում են իրենց պետական ներուժը: Ոչ միայն սեփական ժողովրդի բարօրության, այլև հնարավոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու նպատակով։ Մեզ մոտ ամբողջովին հակառակ պատկերն է։
Հերիք չի՝ մենք գտնվում ենք մի շատ պայթյունավտանգ տարածաշրջանում, մի հատ էլ իշխանությունն իրեն թույլ է տալիս «բոլշևիկյան կայֆեր»՝ առանց իրեն հաշիվ տալու, որ տնտեսության քայքայումը Հայաստանի համար ուղիղ համեմատական է թշնամու տարածքային նկրտումների ու ագրեսիայի ակտիվացմանը։
Եվ ևս մեկ՝ շատ կարևոր դիտարկում։ Երկրի գերագույն գլխավոր հրամանատարն այնքան կշիռ չունի, որ կարողանա ՀԱՊԿ–ի վրա ազդեցություն ունենալ՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելու նրա պարտականություններին։ ՀԱՊԿ–ի գործելաոճն առանձին թեմա է, դրան առիթներ կլինեն անդրադառնալու, բայց հենց այդ նույն կառույցի մյուս անդամ պետություններն ունեն իրենց շահերը, որոնք վերջին շրջանում, կրկին հայկական կողմի դիվանագիտական ապաշնորհության պատճառով, ադրբեջանական կողմում են գտնվում։

Հ. Գ. Ինչ վերաբերում է Գեղամյանի հնչեցրած հայտարարություններին, ապա չմոռանանք՝ գեղամյանականությունն անբուժելի է։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը