Կարծիք

30.06.2014 10:47


«Սա Հարավկովկասյան երկաթուղին է» (լուսանկար)

«Սա Հարավկովկասյան երկաթուղին է» (լուսանկար)

Մեքենայով էլ եմ գնացել Բաթում: Սակայն այս տարի որոշեցի գնացքով գնալ:
Երթևեկությունը Վրաստանում անհամեմատելի է Հայաստանի հետ: Քշում են ահավոր, հետիոտներին տակը գցելով, կասկադյորների պես:
Ճանապարհները շատ նեղ են: Եթե հանդիպեք իրար կպած երեք-չորս ֆուռերի շարասյան, ապա ստիպված կարող է մեկ ժամ դանդաղ ընթանաք նրանց հետևից:

Ինչևէ:
Եվրոպական երեք շրջագայությունից հետո մտա առաջին հերթին հարավկովկասյանի կայք:
Իհարկե, ուզում էի տոմսերը օնլայն գնել:
Ավաղ: Պարզվեց, որ օնլայն տոմսերը 2000 դրամով ավելի թանկ են, քան կայարանի տոմսարկղում գնելիս:
Կյանքում որևէ կայքում չեմ տեսել այսպիսի աբսուրդ: Հակառակը, օնլայն նրանք ավելի էժան են լինում, քանի որ ծախսերը անհամեմատելի ցածր են, էլ չեմ ասում, որ շատ շատերը անցել են էլեկտրոնային տոմսի գաղափարին, տոմս չկա արդեն:
Դեռ 2009-ին Վիեննա-Պրահա տոմսը գնել եմ Երևանից, կայքով, մեծ զեղչով, ստացել եմ ընդամենը կոդ:
Գնացքում` Չեխիայի սահմանում, գնացքի մեջ ասել եմ այդ կոդը և վերջ: Անձնագիր անգամ չեն ստուգել:
Այստեղ՝ Հայաստանում, այլ է:
Այստեղ ռուսական կազմակերպություն է, որը անգամ «Հայկական երկաթուղի» բառն է վերացրել: Ի տարբերություն այսօր էլ գործող «Վրացական երկաթուղու»՝ Հայաստանում այն վերանվանվել է «Հարավկովկասյան երկաթուղի»:
Հայկական բառը ուղղակի վերացրել են:
Զանգեցի 1-84` երկաթուղու ինֆորմացիոն կենտրոն: Վերցրեց մի աղջիկ և ռուսերեն խոսեց:
Ապշեցի: Հայաստանում պետական լեզուն հայերենն է, իսկ երկաթուղու 184-ով պատասխանում են ռուսերեն: Ես հայերեն հարցրեցի, նա անցավ կոտրտված հայերենի: Ասաց՝ պետք է գնամ, տեղում բոլոր հարցերի պատասխանը ստանամ:

Գնացի: Տեղում պարզվեց, որ տարբեր ժամանակահատվածների` 15.06.2014 - 30.06.2014, 01.07.2014 - 09.07.2014, 10.07.2014 - 20.08.2014 համար տարբեր գներ են: Իհարկե, գնալով բարձրանում են գները:
Աշխատում էին երեք դրամարկղներ՝ դասական հայկական խառը հերթերով:
Տոմսարկղի կողքը չկա ոչ մի ինֆորմացիա` վագոնների տեղերի դասավորության, գնացուցակի, ազատ տեղերի մասին:
Միայն շատ մեծ պաստառներ էին կախված` 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի տեքստով և նկարագրություններով:
Կան չորս տեսակի տոմսեր`
  • պլացկարտ` 12 170 ներքևի տեղ, 11 120 վերևի տեղ
  • կուպե` 18900 ներքևի տեղ, 17 630 վերևի տեղ
  • բարձր կոմֆորտայնությամբ կուպե` 20 880 ներքևի տեղ, 19 930 վերևի տեղ
  • լյուքս ` 28 590 դրամ:
Մնացյալ տեղեկությունները պետք է աղերսեիր, որ մուննաթով տոմսավաճառուհին ձայն հաներ: Այնպիսի տպավորություն էր, որ ես հարավկովկասյան երկաթուղու տոմսավաճառին մի բան պարտք եմ և չեմ վերադարձրել:
Երկար հոգեբանական գրոհից հետո պարզվեց, որ հասանելի են միայն թանկ ...... «повышенный комфорт» և «люкс» տոմսերը:
Այստեղ տոմսավաճառներին պետք է հավատալ: Այլ ձև սպառողը չունի, քանի որ թափանցիկ չի հասանելի տեղերի բաշխվածությունը ըստ վագոնների:
15 օրվա կտրվածքով՝ դահլիճի հեռավոր անկյունում` տաբլոյի վրա, երևում են մնացած ընդհանուր ազատ տեղերը, սակայն ավելի ուշ օրերինը չեն երևում, իսկ բաշխվածությունն, ըստ վագոնների, չկա ոչ մի տեղ, չկա վագոնների համարներով տեղերի սխեման:
Հարցին, թե ինչ է նշանակում «повышенный комфорт», տոմսավաճառ տիկինը դուրս եկավ հավասարակշռությունից` տիպիկ ռուսական սպասարկման որակների լավագույն ձևերով:
Կողքի տոմսավաճառուհին էլ չկարողացավ բացատրել, թե ինչով է այն «повышенный комфорт»:
Հետագայում բաժնի պետը` Հունանյանը, իր առանձնասենյակում ինձ բացատրեց թե դա նշանակում է, որ այնտեղ կա Wi-Fi, յուրաքանչյուրին տալիս են մեկ անգամ սուրճ, մեկ թեյ, մեկ բնական հյութ, քաղցրավենիք, մեկ հանքային ջուր և հիգիենիկ պարագաներ` ատամի խոզանակ, հողաթափեր:
Կողքի դրամարկղի մոտ տոմս գնած տղամարդուց տոմսավաճառը պահանջեց 10 դրամը, սակայն 100 դրամանոցի 90 մանրը չէր ուզում վերադարձնել: Թե մանր չունեմ: Բայց նրանից 10–ը պահանջում էր: :)
Հարցին՝ իսկ կարո՞ղ եմ Վիզա քարտով մուծել` նրանք կլոր աչքերով, զարմացած նայեցին ինձ վրա, թե ոչ, միայն կանխիկ փողով:
Բա, ժողովուրդ ջան:
Մոտենում են պայծառ մաքսային միության օրերը:
Մաքսային միության որակներին միշտ պատրաստ մարդիկ արդեն նստած են այս տոմսարկղերում: Նրանք հայեր են:
Կորչի էդ փչացած Եվրոպան:
Սա անցյալ տարվա Երևան-Բաթում գնացքն է
Արթուր Ղազարյանի բլոգից

Այս խորագրի վերջին նյութերը