Կարծիք

27.06.2014 22:04


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Ազնի՞վ մարդ է արդյոք հոբելյարը

Մի քանի օրից իշխանական վերնախավը «քծնանքաթաթախ» կնշի Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակը: Շատ կուզենայի, որ մենք էլ նորմալ նախագահ ունենայինք և ղեկավարի ծննդյան տոնին վերաբերվեինք բարեկիրթ լոյալությամբ:

Ծննդյան տոնը նաև խորհելու առիթ է տալիս՝ ինչ է արել, ինչ է տվել ու ինչ ստացել: Բայց քանի որ հոբելյարը պետական գործիչ է, այն էլ՝ երկրի նախագահի կարգավիճակով, ուրեմն մենք էլ կարող ենք մասնակից լինել գնահատմանը, թե ինչ է արել ու ինչ չի արել Սարգսյանն այս տարիների ընթացքում:

Այս մտորումների մեջ ակամայից հիշեցի հայտնի ֆիլմի հիշարժան դրվագը, որը մի քիչ ձևափոխած կունենա հետևյալ ձևակերպումը. «Բայց արդյոք արժանի մարդ է հոբելյարը: Ո՛չ, նա արժանի մարդ չէ: Նա խաղամոլ է բառիս բուն և փոխաբերական իմաստներով, ով իր ողջ կյանքում ձգտեց ապրել հասարակության հաշվին: Բայց հասարակությունը չի ցանկանում, որ նա ապրի իր հաշվին, և հույս ունենք, որ առաջիկայում կանի իր վճռական քայլը՝ հոբելյարին գահընկեց անելու գործում»:
Ծնունդների առիթով մի դեպք հիշեցի: «Երկաթյա լեդիի» 50-ամյակին նրա ջենթլմեն կուսակից ընկերները հաճոյախոսություններ էին շռայում նրա հասցեին, ու նաև նշեցին, թե շատ մտածեցինք՝ ինչ նվիրենք, որ համապատասխանի Մարգարետ Թետչերի հմայքին ու արժանի լինի նրա կերպարին, բայց այդպես էլ նրան արժանի բան չգտանք: Իսկ Թետչերը, իրեն հատուկ ինքնավստահությամբ ու բարձր ինքնագնահատականի պատճառով, կարող էր իրեն թույլ տալ մի կողմ դնել ավելորդ համեստությունն ու ասել, թե՝ ի՞նչ կարիք կար այդքան մտածելու՝ բերեիք Դաունինգ Սթրիթ 10-ի բանալին (Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայի հասցեն է դա):
Այդ տարի Թետչերն արդեն հաղթել էր ներկուսակցական պայքարում ու դարձել պահպանողական կուսակցության ղեկավար, իսկ առաջիկա ընտրություններում, երբ հաղթեց Տորին՝ Մարգարետ Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ: Բայց կյանքն ապացուցեց, որ նա ոչ թե այդ բարձր պաշտոնին հասավ սոսկ իր գործընկերների ջենթլմենության շնորհիվ, այլ իր՝ քաղաքական գործչի բարձր որակների հաշվին:

Իսկ ի՞նչ է հիմա ակնհալում Սերժ Սարգսյանն իր 60-ամյակին, որպեսզի իր գործընկերերն ապահովեն նրա համար Մելիք-Ադամյան 2-ի բանալինե՞րը: Բայց, նախ. պետք է կարողանան կառավարման կենտրոնը Բաղրամյան 26-ից տեղափոխել՝ փոխելով սահմանադրությունը, հետո էլ տոկոս «խփելով» հաղթել ընտրություններում, և նոր դրանից հետո Ազատիչին դարձյալ կարգեն իրենց գլխին տիրակալ: Ախր թիմակիցները հիմա այնպիսի վիճակում են, որ, ինչպես ասում են. «քաչալը ճար ունենա՝ իրա գլխին կանի». միթոմ իրենց հարցերը լուծել են՝ մնացել է Սերժի հարցերը լուծեն:

Այնպես որ, Հայաստանը Մեծ Բրիտանյա չի, Սարգսյանը՝ Թետչեր չի, իր թիմակիցներն էլ բրիտանացի լուրջ գործիչներ չեն, ու վերջապես՝ էս երկիրը երկիր չի, քանի ունի նման ղեկավարներ:

Ուստի, ավելի լավ է Սերժ Սարգսյանը մխիթարվի իր ենթակաների թանկարժեք նվերներով, քանի որ հաջորդ ծննդին, հավանաբար, այլ տրամադրության մեջ է նա լինելու և հազիվ թե որևէ մեկն այսօրվա քծնողներից հիշի նրան։

Եվ ինչպես տևական ժամանակ պետականությունը կորցրած, բայց և հավատը պահպանած հրեաներն էին ժամանակին աշխարհի որ ծայրում էլ հանդիպում, իրար մաղթում էին հաջորդ հանդիումն ունենան Երուսաղեմում, ես էլ մեր ժողովրդին եմ մաղթում, որ սա լինի Սերժ Սարգսյանի վերջին պալատական ծնունդը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1434365746835208&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը