Քաղաքական

26.06.2014 17:48


«Որոտանը» վաճառվել է օրենքի խախտումով

«Որոտանը» վաճառվել է օրենքի խախտումով

Ինչպես «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել Որոտանի համալիրը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու գործը, սակայն կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումից հետո միայն գործարքը կավարտվի:

«Բանն այն է, որ գործարքի հետ կապված կան որոշակի խնդիրներ, բայց դա ամենևին չի նշանակում, որ Կառավարությունը մտադիր է հրաժարվել գործարքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը` պարզաբանելով. - «Մենք ուղղակի մի շարք հարցադրումներ ենք բարձրացրել մեր գործընկերների առջև, որոնք պահանջում են լուծումներ, և եթե լուծումները գտնվեն` փոխադարձ ընդունելի, ապա, բնականաբար, որևէ հարցական լինել չի կարող: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքին, որ ուզում ենք, այո, գույքը Որոտանի կասկադի վաճառել հենց այդ ընկերությանը, բայց ունենք որոշակի պայմաններ»:

Հարցին, թե ինչքանով է հավանական, որ քննարկումները ամերիկյան ընկերության հետ հաջողությամբ կավարտվեն և գործարքը վերջնական տեսք կստանա, Հարությունյանն արձագանքեց․ - «Մի բան ակնհայտ է. մենք չենք մերժել այն ընկերությանը, ում հետ պայմանագիր կնքվել է և շարունակում ենք իրենց հետ մեր քննարկումները: Սա նշանակում է` մենք չենք հրաժարվել պայմանագրից: Իսկ տեսականորեն հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը և այն ընկերությունը չկարողանան հասնել փոխադարձ ընդունելի պայմանների: Իհարկե հնարավոր է: Եվ այդ դեպքում գործարքը տեղի չի ունենա: Բայց նաև հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել փոխադարձ ընդունելի լուծումների»:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ պայմանագիրը համապատասխանի Հայաստանի օրենսդրությանը», - շարունակեց Հարությունյանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, 2006թ․ ընդունված «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով ջրային որոշակի համակարգեր նախատեսված չեն մասնավորեցման և պետք է լինեն պետական սեփականություն. - «Որոտան ՓԲԸ-ի բալանսում էին գտնվում նաև այնպիսի հիդրոկառույցներ, ինչպիսին, օրինակ, պատվարը, ինչպես, օրինակ, ճնշումային թունելը և այլն: Ֆորմալ առումով այդտեղ արդեն տեղի ունեցել էր օրենքի խախտում»:

Հարցին, թե նշանակում է դա արդյոք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ապօրինի պայմանագիր է կնքել, Հարությունյանն արձագանքեց. - «Ես ձեռնպահ կմնայի նման ձևակերպումից: Իհարկե, գնահատականները կարող են լինել տարբեր: Այնուամենայնիվ ես այս պահին համարում եմ ոչ թե այդ պայմանագիրը եղել է ապօրինի, բայց այն որոշ դրույթներով հակասել է ՀՀ օրենքներին: Ես չեմ կարծում, որ այստեղ միտումնավորություն է եղել: Թերևս եղել է որոշ հարցերում անուշադրություն»:

Փորձեցինք հստակեցնել՝ Հայաստանի օրենքների և Որոտանի պայմանագրի միջև առկա հակասությունները արդյո՞ք վեր էին հանվել դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք, թե այդ բացահայտումները առաջին անգամ եղել են արդեն Հովիկ Աբրահամյանի օրոք: Հարությունյանն ասաց. - «Այս Կառավարությունը վերհանեց որոշակի խնդիրներ: Եվ դա բնական է. յուրաքանչյուր Կառավարություն ունի իր առաջնությունները»:

Օրերս, հիշեցնենք, Որոտանի համալիրի վաճառքին անդրադարձել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով․ «Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է»։

Դավիթ Հարությույանն ասաց, թե նպատակահարմար չի համարում հակադարձել երկրորդ նախագահին, թեև հավելեց. - «Պատասխանատվության մասին խոսելը իսկապես, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև Կառավարությունը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք նաև մտահոգում են, որոնք մտահոգում են հանրությանը»:

Մանրամասները՝ azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը